Լրահոս
Օրվա լրահոսը

Կարո Եղնուկյան. «Կարող է կյանքս ողբերգական ավարտ ունենա» (Տեսանյութ)

Նոյեմբեր 30,2017 14:03

«Իմ ճնշումը բարձրանում է դատական նիստերին ինձ հարկադրաբար տեղափոխելու հետ կապված: Բժշկությունը, բժիշկները եւ դեղերը սա բուժել չեն կարող»,- այսօր Ավան եւ Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում շարունակվող «Սասնա ծռերի» 11 անդամի գործով դատական նիստի ժամանակ հայտարարեց գործով ամբաստանյալ Կարո Եղնուկյանը: «Իմ վերջին հույսը սպառվեց եւ կարող է կյանքս ողբերգական ավարտ ունենա»,-շարունակեց նա` նկատի ունենալով, որ դատարանները շարունակաբար մերժում են իր գործն անջատելու իր դիմում-հորդորները:

Հիշեցնենք, Կարո Եղնուկյանն ազատազրկման մեջ է 16 ամիս: Նա մեղադրվում է «Սասնա ծռերին» օժանդակելու մեջ`քրեական օրենսգրքի 218 և 219 հոդվածներով՝ պատանդ վերցնելուն, շենքեր, շինություններ, տրանսպորտի, հաղորդակցության կամ կապի միջոցներ զավթելուն աջակցելու համար:

Կարո Եղնուկյանի առողջական խնդիրներն արդեն մի քանի ամիս է սրված են: Մի քանի անգամ նրա համար շտապօգնություն են կանչել դատարան, ՔԿՀ:

Ասում է`ամեն ինչ կկարգավորվի, եթե գործից իր մասն անջատեն, իրեն գրավով ազատ արձակեն եւ նիստերն առանց իրեն անցկացնեն: Ինքը ինքնակամ հրաժարվում է նիստերին մասնակից լինելու իր իրավունքից: Այսօր նա նման միջնորդություն ներկայացրեց:

«Դատավորի մոտեցումն անմարդկային է, մյուս նիստը կարող է ճակատագրական լինել: Դատավորը չի կարեւորում մարդկային կյանքն ու արժանապատվությունը: Եթե մի շաբաթ հետո ողբերգություն կատարվի, դատավորը իր վրա վերցնո՞ւմ է պատասխանատվությունը»,- հայտարարեց Կարո Եղնուկյանը` հավելելով. «Ինձ շարունակաբար դատարան բերելը նշանակում է ինձ ենթարկել հոգեբանական, ապա նաեւ ֆիզիկական ճնշման: Սա խոշտանգում է կամ դանդաղ սպանություն»: Եթե մինչեւ մյուս նիստը միջոցներ չձեռնարկվեն, կդիմի ՄԻԵԴ`իրեն խոշտանգելու համար:

Ասում է`իր առողջական վիճակը վատթարանում է, քանի որ հույսը մեռել է: Նկատի ունի`արդարության նկատմամբ հույսը: Բժիշկները ախտորոշել են կրիզիսային էպիզոդիկ հիպերտոնիա: «Ամեն պահի ինձ ինսուլտ է սպառնում: Հավանական է, որ ողբերգական ավարտ կունենա, եթե դեմը չառնվի»,- ասաց Կարո Եղնուկյանը`մանրամասն թվարկելով իր բոլոր առողջական խնդիրները:

Նա չցանկացավ մասնակցել անգամ միջնորդության քննարկմանը, դատավորն էլ թույլ տվեց, որ Կարո Եղնուկյանը լքի նիստերի դահլիճը:

Մանրամասները`տեսանյութում

Գործով պաշտպանները միացան Կարո Եղնուկյանի միջնորդությանը: Մուշեղ Շուշանյանը դատավորին հիշեցրեց Սերժ Սարգսյանի հայտարարությունը`«վրեժխնդրություն չի լինելու»:

Դատախազն առարկեց Կարո Եղնուկյանի միջնորդությանը: Ասաց` ամբաստանյալին դահլիճ չբերելը հակասում է քրեական դատավարության օրենսգրքին: Պաշտպանները համամիտ չեն:

Մանրամասները`տեսանյութում

Նելլի Գրիգորյան

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930