Լրահոս
Օրվա լրահոսը

«Նոյ» թաղամաս ոտք դրած զբոսաշրջիկը Հայաստանում մեկ օր ավելի մնալու ցանկություն է ունենալու

Նոյեմբեր 30,2017 13:53

Օրերս Հայաստանի զարգացման հիմնադրամը հայտարարեց «Նոյ» ազգագրական թաղամասի ճարտարապետական նախագծերի հանրային քննարկման մեկնարկի մասին: Ըստ նույն աղբյուրի՝ դրանք ստացվել են աշխարհի առաջատար ընկերություններից։
Aravot.am-ը Հայաստանի զարգացման հիմնադրամի ծրագրերի համակարգող Մանե Ադամյանից հետաքրքրվեց, թե ինչպիսի՞ն պիտի լինի «Նոյ» թաղամասը, եւ ինչո՞ւ ընտրվեց հենց այդ անունը: Հարցրինք նաեւ, թե ինչո՞ւ է թաղամասը կառուցվում Երեւանում, ոչ թե գյուղերից որեւէ մեկում:

«Թաղամասը պիտի լինի գողտրիկ, կոլորիտային եւ, վստահ եմ, Երեւանի ամենասիրված անկյուններից մեկը։ Այստեղ հայկական աշխարհի, այդ թվում՝ տարբեր գաղթօջախների յուրաքանչյուր ներկայացուցիչ պիտի գտնի իրեն հարազատ եւ իրեն ներկայացնող որեւէ տարր։ Իսկ թե ինչպիսին պիտի լինի թաղամասի վերջնական տեսքը՝ դեռեւս որոշված չէ, քանի որ այս փուլում կան 4 նախագծեր։ Շատ կարեւոր է, որ որոշման կայացման գործընթացում հանրությունը եւս ակտիվ մասնակցություն ունենա եւ մեզ ուղարկի իր կարծիքը։ Հենց այս նպատակով էլ մրցույթի 4 առաջարկները դրել ենք հանրային քննարկման։ Հարցումների պատասխանները խմբավորելուց հետո կներկայացնենք ներդրողներին։

Ինչ վերաբերում է անվանը, ապա պետք է նշեմ, որ «Նոյը» ծրագրի աշխատանքային անունն է։ Չի բացառվում, որ հետագայում թաղամասը այլ անուն ունենա, եթե ավելի հետաքրքիր տարբերակներ առաջարկվեն»,- ասաց Մանե Ադամյանը։
Իսկ թե ինչո՞ւ թաղամասը չի կառուցվում գյուղերից որեւէ մեկում, Մանե Ադամյանն ասաց, որ այս ծրագրի նախաձեռնությունը բիզնեսին է պատկանում։ Նրա խոսքով. «Կա հողատարածք, որը պատկանում է «Դալմա ինվեստ» ընկերությանը, որն էլ դիմել է մեզ ծրագրի շրջանակում իրենց աջակցելու, գաղափարը մշակելու եւ պետական շահառու կառույցներին ներգրավելու համար։ Ուզում եմ շեշտել, որ Հայաստանի զարգացման հիմնադրամն աշխատում է նաեւ մի շարք այլ ծրագրերի վրա, որոնք թիրախավորում են մարզերը՝ թե՛ քաղաքները, թե՛ գյուղերը։ Այս ծրագրերի մասին եւս շուտով կլսեք։ Դրանցից, օրինակ, Վանաձորի ներդրումային ծրագրերի մշակման մասին ավելի վաղ հայտարարվել է։ Ամփոփ եւ վերջնական փաթեթը մշակելուց հետո դրանք եւս կներկայացնենք հանրությանը»:


Եթե նախագծի միտքը պատկանում է ներդրողին, ապա ո՞րն է Հայաստանի զարգացման հիմնադրամի դերը այս ծրագրում՝ մեր հարցին էլ Մանե Ադամյանը պատասխանեց. «Հայաստանի զարգացման հիմնադրամի հիմնական խնդիրներից մեկը Հայաստանում ներդրողի գործը ավելի սահուն եւ անխոչընդոտ դարձնելն է։ Մենք համակարգում ենք այս ծրագիրը, գաջակցում ենք ներդրողին առավելագույն հանրօգուտ եւ շահութաբեր ծրագիր ստանալ։ Մասնավորապես՝ մրցույթի շրջանակում բոլոր 4 ընկերությունների համար մենք եռօրյա այց ենք կազմակերպել Հայաստան, ծանոթացրել հայկական ճարտարապետությանը եւ մշակույթին, հանդիպումներ ենք կազմակերպել պետական շահառու մարմինների ներկայացուցիչների հետ։ Մենք նաեւ կատարել ենք մասնագիտական վերլուծություններ, որպեսզի հողօգտագործման օպտիմալ լուծումներ գտնենք. ուսումնասիրել ենք Հայաստանում անշարժ գույքի շուկան, ծառայությունների շուկան, զբոսաշրջային ոլորտի միտումները եւ այլն։ Տրամադրել ենք ընկերություններին արխիվային լուսանկարներ` հայկական աշխարհի ճարտարապետության հին եւ նոր տարրերի հետ ծանոթացնելու համար»:

«Առավոտի» այն հարցին, թե նախագծողների առաջարկներում ինչ հետաքրքիր օբյեկտներ կամ գաղափարներ կառանձնացնեք, որոնք, ձեր կարծիքով, կավելացնեն թաղամասի գրավչությունը, Մանե Ադամյանը պատասխանեց. «Կարծում եմ՝ ամենահետաքրքիրը հայկական մշակույթի եւ ճարտարապետության ծաղկաքաղը մեկ վայրում ունենալու գաղափարն է, հետաքրքիր կլինի համեմատել բավականին տարբեր, բայց միեւնույն ժամանակ ընդհանուրի մասնիկ կազմող տարրերը՝ համալիր ներկայացված։ Առանձին օբյեկտներին չեմ կարող անդրադառնալ, որովհետեւ չեմ ուզում որեւէ նախագիծ առանձնացնել։ Կարող եմ միայն ասել, որ կան հետաքրքիր ջրային լուծումներ եւ հրապարակ-ամֆիթատրոն բոլոր նախագծերում, որոնք առանձնահատուկ գրավչություն կհաղորդեն թաղամասին»։

Հետաքրքրվեցինք նաեւ, թե որքան կկազմեն ներդրումները, եւ դա ինչ ազդեցություն կունենա Հայաստանի տնտեսության վրա։

«Հստակ թիվ դեռեւս չենք կարող նշել, բայց ակնկալվում է մոտ 150 մլն դոլարի ներդրում՝ ծրագրի շրջանակում։ Ցանկացած ներդրում նախ աշխատատեղերի հարց է լուծում, երկրորդը՝ տնտեսության վրա մուլտիպլիկատիվ ազդեցություն է ունենում։ Մասնավորապես, այս ծրագիրն արդեն աճող զբոսաշրջության ոլորտում կավելացնի մի կարեւոր ուղղություն։ Եթե ծրագրի շնորհիվ մենք կարողանանք «համոզել» զբոսաշրջիկին մեկ օր ավելի անցկացնել Հայաստանում, հատկապես Երեւանից դուրս՝ տեսնելու թաղամասում ներկայացված տարածաշրջանները, ապա դրանից կօգտվեն տարատեսակ ծառայություններ մատուցող փոքր ու միջին բիզնեսներ, այդ թվում՝ մարզերում, եւ կշահի ընդհանուր տնտեսությունը»,- ասաց Մանե Ադամյանը։

 

ԼՈՒՍԻՆԵ ԲՈՒԴԱՂՅԱՆ

«Առավոտ»

30.11.2017

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել