Կառավարությունը «Անհատական եւ կոլեկտիվ հանրագրերի մասին» օրենքի նախագիծն է ներկայացրել ԱԺ պետաիրավական հարցերի հանձնաժողովում:
ՀՀԿ պատգամավոր Արփինե Հովհաննիսյանը մտահոգություն հայտնեց, որ քաղաքացիների անհատական ընդունելությունների պահանջը ուժը կորցրած է ճանաչվում, ճիշտ է, ԱԺ կանոնակարգ օրենքում խորհրդարանի մասով հստակեցված է, թե ինչպես պետք է ընդունեն քաղաքացիներին պատգամավորները, ՏԻՄ-ի մասին օրենքում էլ կա, բայց, ըստ նրա, մայր օրենք է պետք, որ ընդհանուր կսահմանի, չի կարելի թողնել դա պաշտոնատար անձի հայեցողությանը:
«Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Գեւորգ Պետրոսյանն ասաց. «Բուհերում տարածված է, որ դասախոսների վերաբերյալ անանուն գրառումներ են անում: Եթե առաջ դրան կարող էինք հակադարձել, որ հետեւանք չի առաջացնում անանուն գրառումները, օրենք կա, հիմա չենք կարող դա անել, մայր օրենքը հանում եք»:
Հանձնաժողովի նախագահ Հրայր Թովմասյանն ասաց, որ այս օրենքը դրա վրա չի տարածվում: Եթե նման անանուն նամակ լինի, ինչպես կուզեն, կվարվեն դրա հետ:
Նախագծում եղել է բանավոր հանրագիր ներկայացնելու մասին դրույթ, որը Հրայր Թովմասյանի առաջարկությամբ հանվել է: Արփինե Հովհաննիսյանը գտնում է, որ քաղաքացիները անպայման պետք է ունենան բանավոր առաջարկ անելու իրավունք: Գեւորգ Պետրոսյանը կատակեց՝ եթե մի բան գիր է, հանրագիր է, դրա բանավորը ո՞րն է: Հրայր Թովմասյանն էլ իր պրակտիկայից օրինակներ բերեց, որ երբ գնում էր նախարարություն, տեսնում էր ներքեւում հավաքված մարդկանց, բոլորի հետ բարձրանում էր, լսում էր, չէր սպասում առանձին ընդունելությունների օրվան: Բայց, ըստ նրա, պետք է օրենքով հստակեցում մտցվի, թե ինչ կարգի առաջարկությունների իրավունք ունեն քաղաքացիները ներկայացնել, այնպես չլինի, որ գնան պարզապես դարդուցավը պատմելու:
Ի վերջո, որոշվեց հաշվի առնել Արփինե Հովհաննիսյանի առաջարկությունները, նաեւ քվեարկությամբ ընդունվեցին Հրայր Թովմասյանի առաջարկությունները, նախագիծը ստացավ դրական եզրակացություն:
«Քաղծառայության մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին նախագծով էլ կառավարությունը փակ եւ բաց կամ, այսպես ասած՝ արտաքին ու ներքին մրցույթների դրույթ էր առաջարկում ամրագրել:
Արփինե Հովհաննիսյանն ու Արտակ Զեյնալյանն ասացին, որ փակ մրցույթը կոռուպցիոն ռիսկերի տեղ է թողնում: Ըստ Արփինե Հովհաննիսյանի, եթե այդքան լավ կադրեր ունեն ներսում, թող մեկ շաբաթվա ընթացքում նշանակեն, եթե ոչ, թող դրսից էլ մասնակցեն եւ փակ մրցույթ չլինի: Նա ասաց, որ ինքն էլ, լինելով նախարար, փորձել է երիտասարդներին, լավ կադրերին տեղ տալ, բայց ամեն ինչ չափի մեջ է գեղեցիկ, օրենքի մակարդակով դա անելը ճիշտ չէ: Գեւորգ Պետրոսյանն էլ ասաց, որ գիտենք, թե առանց այդ էլ ոնց են քաղծառայության մրցույթներն անցկացվում: Ըստ նրա, հաճախ մարդիկ են հաղթում, որ չեն կարողանում իրենց պաշտոնի անունը մինչեւ վերջ ու նորմալ արտաբերել. «Պիտի կողքիններից հարցում անի, թե այդ ինչ պաշտոն են ինձ տվել: Ասում են՝ պիտի հրապարակային արվեն մրցույթները եւ այլն, բայց նախապատվությունը տալիս են ներքին կարգով համալրմանը, սա որքանո՞վ է բխում քաղծառայության ընդհանուր սկզբունքներից»: Պետրոսյանն ասաց, որ դեմ է նախագծին:
Իսկ Հրայր Թովմասյանն ասաց, որ մի քիչ ավելի քիչ գիտելիքներ ունեցող բաժնի վարիչը ավելի արդյունավետ կարող է կատարել աշխատանքը, այնպես որ սեւ ու սպիտակի չպետք է բաժանել:
Այնուամենայնիվ, նախագիծը դրական եզրակացություն ստացավ:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ