Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Լոռեցի խաչքարագործը սրտնեղում է՝ մարզերի ստեղծագործողներին կառավարությունում ուշադրություն չեն դարձնում

Նոյեմբեր 30,2017 12:13

Վանաձորցի խաչքարագործ Սերգեյ Դանիելյանը, ինչպես ինքն է ասում՝ Լոռու մարզի խաչքարագործության հիմնադիրն է: Եկող տարի կլրանա 50 տարին, ինչ վարպետ Դանիելյանի չփոփոխվող արվեստանոցից մուրճի ու քարի ձայնը չի դադարում:

Նկարչական դպրոցը գերազանց ավարտած նկարիչը, սակայն մայրաքաղաքում բարձրագույն կրթությունը կիսատ է թողնում: Հարազատ քաղաքի կարոտը վերադառնալ է ստիպում. «Տեխնիկումի առաջին կուրսից փախել եմ: Երեւանում չկարողացա մնամ, ինչ ճիշտ-ճիշտ: 1991 թվականից, որ ես երկրից դուրս էի գալիս, ինձ Հունաստան էլ, Ֆրանսիա էլ առաջարկեցին, որ տուն-տեղ տան, ապրեմ, բայց չմնացի: Որ գալիս էի, ընկերներս ասում էին. «այ տղա, խալխը փախնում ա, դու գալիս ես»: Ես իմ թոռների ու երեխաների անունով եմ երդվում, եթե ինձ ասեն Նյու Յորքում 10 մլն փող ունես, պետք է գնաս ապրես, չեմ կարա ապրեմ: Չգիտեմ ինձ ինչն է ձգում, բայց չեմ կարա… Ես կարոտում եմ իմ արվեստանոցը, իմ քաղաքը, իմ քանդած փողոցն եմ կարոտում…»:

Մասնագիտությամբ նկարիչ Սերգեյ Դանիելյանը խաչքարագործությունը ժառանգել է նախնիներից: Հիմա էլ պապի մասնագիտությունը շարունակում են թոռներից երկուսը. «Պապս, պապիս հայրը, իմ հայրը մեծ քարագործ վարպետներ են եղել Էրզրումում: Մենք գաղթականներ ենք, Ղարաքիլիսա ենք եկել 1920 թվականին: Պապիս ընդհանրապես չեմ տեսել, 7 տարեկան եմ եղել հայրս է մահացել: Ինձ մոտ ժառանգական է»:

Վարպետն ասում է, որ իր գործերը մեկը մյուսին չեն կրկնում, սակայն «հավերժության» նշանը նրա աշխատանքներում գերակշռող դեր է խաղում. «Ուրիշը կկրկնի, բայց ես ինքս ինձ չեմ կարա կրկնեմ: Մի բան, եթե անում ես, պետք է հասցնես գագաթնակետին»,- ասում է խաչքարագործն ու շարունակում, որ աշխատում է ցանկացած քարի հետ, սակայն ավելի հոգեհարազատ է համարում տուֆը. «Ֆերզիտի վրա ավելի հեշտ է աշխատել, ցանկացած մանր նախշ ստացվում է, բայց տուֆը գույնով է գեղեցիկ»:

Այս տարիների ընթացքում 72-ամյա վարպետը մասնագիտությունը փոխանցել է իր 40 աշակերտներին, նրանք էլ իրենց աշակերտներին: Պատրաստել է 550-ից ավելի խաչքար, որից 120-ն այժմ գտնվում են արտասահմանյան 14 երկրներում:

Խաչքարագործ վարպետը, սակայն սրտնեղում է, ասում է մարզերում ստեղծագործող անձանց «վերեւներում» ուշադրություն չեն դարձնում. «Ես այնքանով եմ շնորհակալ, որ իմ աշակերտներն են ինձ գնահատում: Կառավարությունն էս 20 տարի է խաբում, կոչումի է ներկայացրել: Վերջում կոչում չտվեցին, «Երախտագիտության» մեդալ տվեցին: Իմ կարծիքով ես հասել եմ այդ աստիճանի եւ արժանի եմ, որ կոչում ստանամ, բայց, որ Երեւանում չենք ապրում՝ դժվար է»:

Տաթեւիկ ՂԱԶԱՐՅԱՆ

Նյութը պատրաստվել է «Բացահայտիր երկիրդ» արշավի շրջանակում՝ ՀՀ տնտեսական զարգացման եւ ներդրումների նախարարության Զբոսաշրջության պետական կոմիտեի եւ Հայաստանի զբոսաշրջության զարգացման հիմնադրամի աջակցությամբ:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930