Արցախի խորհրդարանի նախկին պատգամավոր Վահրամ Աթանեսյանը
չի կիսում այն լավատեսությունը, որ ԱլԳ հռչակագիրը Հայաստանի ձեռքբերումն էր:
– Հայաստանը եւ ԵՄ-ն տարիների վայրիվերումներից հետո ստորագրեցին Համապարփակ եւ ընդլայնված համագործակցության մասին համաձայնագիրը: Ձեր կարծիքով՝ այն ի՞նչ հնարավորություններ է բացում հայկական պետությունների համար:
– Ես նախ կուզենայի իմանալ, թե այդ համաձայնագրի ստորագրումից ի՞նչ հեռանկար է բացվում ԼՂ կարգավորման ուղղությամբ: Մնացած հարցերն ածանցվում են դրանից: Այս իմաստով, ցավոք, ավելի շատ հարցականներ կան: Ես չեմ կիսում չափազանց լավատեսական գնահատականները, որ վերջին օրերին հեղեղել են մամուլը: Տպավորություն է, որ Եվրամիության հետ Հայաստանի ընդլայնված եւ համապարփակ համագործակցության իրական ժամանակը բավական երկար է տեւելու: Ընդ որում, հստակ չէ՝ Արցախը մաս կազմելո՞ւ է դրան, թե՞ ոչ:
– ԱլԳ գագաթնաժողովի համատեղ հռչակագրում, հակամարտությունների կարգավորման մասին 6-րդ կետն արտացոլո՞ւմ է հայկական պետությունների շահը: Ադրբեջանի մանյովրելու հնարավորությունները այսպիսով ամբողջությամբ սահմանափակվեցի՞ն: Ի՞նչ հակաքայլեր սպասել մեր հարեւան-թշնամուց:
– Որքանով ես եմ հասկանում, դրանք ընդհանուր ձեւակերպումներ են: Հռչակագրում խոսվում է ե՛ւ գործընկեր երկրների ինքնիշխանությանն ու տարածքային ամբողջականությանը սատարելու, ե՛ւ հակամարտությունները միջազգային իրավունքի սկզբունքների հիման վրա կարգավորելու մասին: Դա ոչ մեր հաղթանակն է, ոչ Ադրբեջանի պարտությունը, ոչ էլ՝ ընդհակառակը: Գործ ունենք ստանդարտի հետ: Իրականում ԼՂ կարգավորմամբ զբաղվում է ԵԱՀԿ ՄԽ համանախագահությունը: Եվ Եվրամիությունը փաստում է, որ կողմ է այդ ձեւաչափին:
– Հայաստանում տարակուսանք կա` ԵՄ-ի հետ համագործակցությունը մեկնարկում է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի թույլտվությամբ: Որոշ վերլուծաբաններ ասում են նաեւ, որ ԵՄ-ի հետ համաձայնագիրը ստորագրելով` Սերժ Սարգսյանն իր դիրքերն է ապահովում 2018 թվականի համար: Այսքանից հետո սպասե՞լ այն առաջընթացին ու զարգացմանը, որը պայմանավորված էր ԵՄ-ի հետ այս համագործակցության հնարավորությամբ:
– Արտառոց է, բայց՝ փաստ. Հայաստանում կան որոշակի շրջանակներ, որ թեեւ խոսում են ինքնիշխանությունից, բայց ցանկացած առիթ բաց չեն թողնում, որպեսզի երկրի այս կամ այն որոշումը պայմանավորեն արտաքին կոնյունկտուրայով: Ինչ էլ ասվի, միանշանակ է, որ Ռուսաստանը չէր ցանկանա, որ ստորագրվեր ԵՄ-Հայաստան համաձայնագիր: Բայց նոյեմբերի 24-ին այն ստորագրվել է, եւ դա Հայաստանի ինքնիշխան որոշումն է: Նույնիսկ եթե եղել են ներքաղաքական շարժառիթներ, ապա դրանում զարմանալի ոչինչ չկա: Պետք է պարզապես օգտագործել այդ հնարավորությունը:
– Կարծում եք՝ ՀՀ իշխանությունն ունի՞ ԵՄ-ի հետ համաձայնագիրը կյանքի կոչելու կամք: Հայաստանյան ընդդիմադիրներն արդեն կասկածներ ունեն:
– Իշխանությունների կամքը պայմանավորված կլինի հանրային եւ քաղաքական պահանջվածությամբ: Եթե բոլորը մի կողմ քաշվեն եւ սպասեն, թե ինչ պիտի անի իշխանությունը, ապա, այսպես ասած, իմպլեմիտացիան կուշանա: Իսկ եթե քաղաքական ուժերը, քաղաքացիական հասարակությունը դնեն կոնկրետ խնդիրներ եւ իշխանության «թիկունքին մշտապես շնչեն», ապա գործընթացը կսկսվի եւ կլինի արդյունավետ: Ամբողջ խնդիրն այն է, թե որքանո՞վ է հասարակությունը պատրաստ դրան կամ զգո՞ւմ է փոփոխությունների կարիք: Կա քաղաքակրթական ընտրությունն իմաստավորելու խնդիր, եւ այն պետք է լուծվի հանրային կոնսենսուսով:
– ՀՀ խորհրդարանում լսումներ եղան ԵԱՏՄ-ից դուրս գալու մասին: Հետեւե՞լ եք: Այդ առաջարկի կողմնակիցների բերած փաստարկները համոզիչ չէի՞ն:
– Ինքս եվրասիականության ջատագով չեմ եւ համարում եմ, որ ԵԱՏՄ-ն Հայաստանի համար քաղաքակրթական հարազատ միջավայր չէ: Բայց կան անշրջանցելի իրողություններ: ԵԱՏՄ-ից դուրս գալու համար մենք պետք է մի քանի ֆոբիաներ հաղթահարենք: Պատրա՞ստ ենք դրան, կարո՞ղ ենք: Չեմ կարծում: Քանի դեռ լուծված չեն հայ-թուրքական հարաբերությունների, ԼՂ հարցերը, նման ընտրություն հնարավոր չէ կատարել:
Զրույցը`
ՆԵԼԼԻ ԳՐԻԳՈՐՅԱՆԻ
«Առավոտ»
29.11.2017