Լրահոս
Օրվա լրահոսը

«Լավ, էլի, բարձր աշխատավարձ տալիս եք, քթից մի՛ բերեք». Դատարանի նախագահի բողոքը

Նոյեմբեր 30,2017 15:00

Վերաքննիչ քաղաքացիական դատարանի նախագահը խոսում է 100 դրամանոց
կարտոֆիլի պես արդարադատության մասին ու պահանջում արդարություն դատավորների նկատմամբ:

«Այնպես չի, որ ցեխ շպրտենք արդարադատություն իրականացնող դատավորների վրա, մնացածը շոկոլադի մեջ լինեն: Եթե մենք դատական իշխանության մասին ենք խոսում ու բողոքում, պետք է իշխանության մյուս ճյուղերն էլ հասկանանք: Ինչքան վատն է դատական իշխանությունը, այդքան էլ վատն են գործադիր եւ օրենսդիր իշխանությունները»,- Երեկ ԵՄ ծրագրերից մեկի՝ «Արդարադատության մոնիտորինգ»-ի արդյունքների հրապարակման ժամանակ այսպես բոլոր դատավորների «թասիբը» պահեց Վերաքննիչ քաղաքացիական դատարանի նախագահ Անատոլի Մաթեւոսյանը, որի հետ զրուցեց «Առավոտը»:

Նա բարձրացրեց դատավորների սոցիալական ապահովության հարցը. «Եթե մենք ցանկացած պաշտոնյայից պահանջում ենք աշխատանք, ապա նրա սոցիալական բոլոր հարցերի հետ կապված պետք է պետությունը մտածի: Վերջին տարիներին մենք դատավորի աշխատանքը իջեցրել ենք, դատավորի թոշակը կրճատել ենք, որը համաշխարհային ֆինանսական ճգնաժամի հետ բացարձակ կապ չունի, սոցիալական երաշխիքները բժշկական ապահովագրության մնացած բոլոր հարցերի հետ ՀՀ-ում հավասար են զրոյի, այդ առումով որեւէ սոցիալական երաշխիք դատավորը չունի: Եվ այս վերջերս էլ ընդունեցին, որ եթե դատավորը գնում է թոշակի, եւ իր առողջությունը հնարավորություն է տալիս շարունակելու աշխատել պետական կամ մասնավոր ձեռնարկություններում, ու նա աշխատում է, ապա պետությունը իրեն թոշակ այլեւս չի վճարում: Կաշմա՛ռ: Ուրիշ բառ չեմ ուզում օգտագործել: Լավ, չե՞ն հասկանում այդ մարդիկ, իրավական ծառայություն չկա՞, չե՞ն ասում՝ Մարդու իրավունքների Ստրասբուրգի դատարանից վերցրեք, ախր, դեպքեր կան, ո՞նց եք այդպես սահմանափակում, մարդու սեփականության իրավունքը տարածվում է նաեւ թոշակի վրա, ո՞նց եք ասում՝ մի գնա, մի աշխատի, եթե աշխատում ես՝ թոշակդ չենք տալիս: Հետո էլ ասում ենք՝ հասարակության ընկալումը դատարանների մասին, լավ, էլի, աբսուրդի թատրոնին եկեք վերջ տանք եւ հասկանանք, թե ինչ է պետք: Բոլոր 3 իշխանությունները նստած են մեկ ճյուղի վրա, դա կոչվում է արդարադատության իրականացում: Չկա դատարան, չի կարող լինել պետություն, եկեք ճիշտն ասենք: Եթե չունենք դատարան, ուրեմն ոչ մի բան չունենք, ոչ մի բան երաշխավորված չի: Եկեք առաջինը դատավորից սկսենք ու վերջացնենք նրանցով, որոնք համապատասխան որոշումներ են ընդունում»:

Անատոլի Մաթեւոսյանն ասաց, որ այդ մոնիտորինգը առաջին անգամ հնարավորություն է տվել դատավորներին պարզ ու շիտակ խոսելու խնդիրների մասին, որոնք խանգարում են իրեն աշխատանքը լավ կատարել:

Մեր հարցին՝ Դուք խոսում եք դատավորների սոցիալական ապահովության երաշխիքների մասին, մինչդեռ մենք հանրության կողմից հաճախ դժգոհություններ ենք լսում, որ առանց այդ էլ շատ բարձր է դատավորների աշխատավարձը, մի քանի զրոներով թոշակներ են տալիս, ամեն ինչ անում ենք, որ նրանք արդար վճիռ կայացնեն, բայց միեւնույն է՝ էլի արդարադատություն չեն իրականացնում, ի՞նչ կասեք այս մասին, պարոն Մաթեւոսյանը պատասխանեց. «Որ ժամանակին դատավորների աշխատավարձը բարձրացրին, դա Եվրախորհրդի պահանջն էր, որ դու չես կարող դատավորին վճարել 100 դոլարին համարժեք աշխատավարձ եւ պահանջել ինչ-որ բան, մեր չափանիշները այդպիսին չեն, ու քանի որ Հայաստանը ԵԽ անդամ է, հետեւաբար դա նրանց պահանջն է: Ես չասացի, որ դատավորների աշխատավարձը ցածր է, ոչ էլ հարց բարձրացրեցի, որ անպայման պետք է բարձրացվի, դա ուրիշ խնդիր է, որը պետք է նայվի: Ճիշտ եք, հասարակությունը հաճախ է ասում՝ այ, դատավորները բարձր աշխատավարձ են ստանում ու բարձր թոշակ, բայց կներեք, դատավորները որ բարձր են ստանում, ի՞նչն է խանգարում, որ մնացածների թոշակը բարձրացնեն: Իհարկե, շատ վատ է, որ մեր թոշակները ցածր են: Շատ վատ է՝ 40 հազար դրամ: Ես չգիտեմ՝ «Փարոս» մտնելու համար ինչքան է պետք, եթե դատավորը գնա թոշակի ու ստանա 36 հազար դրամ կամ 38 հազար դրամ թոշակ, ուրեմն դատավորը թոշակի գնալուց հետո միանգամից պիտի «Փարոս» ծրագիր մտնի, քանի որ երեխեքը մեծացել, գնացել են, ինքը մնացել է մենակ: Սա՞ է, որ պետք է մեզ երաշխավորի արդարությունը, չեմ ասում՝ արդարադատությունը:

Սա արդարությո՞ւն է: Եթե դուք արդարություն ուզում եք մի մարդուց ու տալիս եք, ասում եք՝ քո երաշխիքը սա է, դե ուրեմն դու կստանաս այն, ինչ ցանես: Դուք գիտե՞ք կարտոֆիլն ինչ արժե շուկայում, եթե դուք, գինն իմանալով, գնում ու ասում եք՝ ինձ մոտ կա 100 դրամ, ինձ 100 դրամանոց կարտոֆիլ տվեք, դուք դրա որակը պատկերացնո՞ւմ եք: Պատկերացնո՛ւմ եք: Դե գիտեք ինչ, ինչ տալիս եք, այն էլ ստանում եք: Եվ դա չի վերաբերում միայն դատավորներին… մնացած ոլորտները լա՞վ են: Ես շատ գո՞հ եմ, որ բժիշկների աշխատավարձը ցածր է, գո՞հ եմ, որ ինժեներների, պետական աշխատողների աշխատավարձը ցածր է: Ահավոր դժգոհ եմ: Կինս 30 տարվա ստաժով բժշկուհի է, ստանում է թոշակ 36 հազար 800 դրամ: Ես էլ, որպես իր ամուսին, գո՞հ եմ: Ինքը, որպես երկրի քաղաքացի, որպես բժշկուհի, գո՞հ է»:

Ինչ վերաբերում է այն սահմանափակմանը, որ եթե դատավորը թոշակի է գնում ու որոշում է դեռ աշխատել, պետք է զրկվի թոշակից՝ դատարանի նախագահն ասաց. «Մեզ մոտ որ ասում են՝ թոշակի ես գնում, ոնց որ էն աշխարհ գնաս: Դատավորը ձեւակերպում է իր թոշակը, եթե առողջական վիճակը ներում է, ուզում է աշխատել պետական մարմնում, եթե իր կարիքն ունեն, կամ մասնավորում, կապ չունի՝ որտեղ: Իսկ օրենքն ասում է՝ եթե դու, դատավոր, գնացիր ու աշխատեցիր, զրոյացնում ենք քո թոշակը: Մենք Եվրադատարանի որոշում ունենք, դատավորները նայում ու ծիծաղում են, ասում են՝ լավ, սա հնարավո՞ր է… Դուք գիտե՞ք քանի դատավոր է թոշակի անցնելուց հետո դիմել դատարան, գիտե՞ք քանի դատավոր է դիմել Սահմանադրական դատարան, Եվրադատարան: Թոշակի ինդեքսավորումը չի արվում, թոշակի չափը ճիշտ չեն հաշվարկում: Լավ, դատավորները որ թոշակի են անցնում, բոլորը դիմեն դատարա՞ն: Սա մոնիտորինգի արդյունք պիտի լինի: Մենք բոլորս գիտենք այդ խնդրի մասին: Ես թոշակի չափի մասին ոչ մի բան չեմ ասում, երեւույթի մասին եմ ասում: Կա ընդհանուր Հին Հռոմից եկած սկզբունք՝ եթե մի օրենք է ընդունվում, որը վատթարացնում է մեր վիճակը, ինքը հետադարձ ուժ չունի: Սա այբուբենն է, ժողովո՛ւրդ: Եթե ես դասավանդում եմ, ու ուսանողը դա չգիտի, ինքը ստանում է անբավարար, կապ չունի՝ ինքը ով է եւ ինչ է:

Իսկ մեզ մոտ թոշակը սահմանված է օրենքով, կոնվենցիայով, Վենետիկի հանձնաժողովով, ասում են՝ գերազանց, փայլուն ռեֆորմներ են, որ դատավորի թոշակը պետք է կազմի իր աշխատավարձի 75 տոկոսը: Հիմա իջեցրել են 55 տոկոսի: Հարց՝ եթե իջեցրել եք՝ իջեցրել եք, մի՛ տարածեք դա այն մարդկանց վրա, ում դուք ասել եք՝ աշխատիր, քո երաշխիքը սա է, դու պիտի ստանաս 75 տոկոս, քո թոշակը կլինի այսքան, երբ որ դատավորի կարիերան կավարտվի, դու փաստաբանի լիցենզիան կստանաս, կստանաս սա-սա: Այսօր սա զրոյացրել են: Հետադարձ ո՞ւժ եք տալիս: Բա որ հետադարձ ուժ եք տալիս, այդ մարդը վաղը գնում է թոշակի, դիմում է դատարան: Սա ընդամենը գրագիտություն է, այսպես չի կարելի»;
Անատոլի Մաթեւոսյանն ասաց, որ նոր ընդունվող դատավորների վրա պետք է դա տարածվի, բայց ոչ թե հին դատավորների. «Հետո էլ ասում են՝ դու ոչ թե արդարադատություն, դու պետք է արդարություն տաս մարդկանց: Լավ, այդ մարդու նկատմամբ մի քիչ արդար եղեք, արդար էլ պետք չի, օրենքո՛վ եղեք, հետադարձ ուժ մի տվեք, այդ մարդու վրա դա մի՛ տարածեք… Լավ, էլի, որ բարձր աշխատավարձ տալիս եք, քթից մի՛ բերեք էդ մարդու: Մարդը աշխատանք է կատարում, դուք եք սահմանել, չէ՞: Խոսում եք, թե կեղտոտ, կաշառակեր են, չգիտեմ ինչ են, դե լավ, էլի, ժողովուրդ, այդպես չի՛ կարելի: Մի հատ կախաղան դրեք դատարանի դեմը, ասեք՝ տալիս եմ քեզ այսքան աշխատավարձ, բայց եթե քեզ ստորգետնյա անցումում ինչ-որ մի հարցով տեսնենք, քեզ այս կախաղանի վրա կկախենք, ու տարեք կախեք: Թող մարդը ինքը կատարի իր ընտրությունը՝ ինչ է անում: Այսպես չի կարելի: Այսքան որ կոռուպցիայի մասին գոռում-գոչում եք, մի հատ վիճակագրությունը վերցրեք նայեք՝ դատապարտված դատավոր, դատախազ, քննիչ: Մի քիչ օբյեկտիվ եղեք: Վիճակագրությունը ինչի՞ համար է, վերցրեք նայեք, տեսեք՝ ինչ է: Դատավորների մեջ կոռուպցիայի տոկոսն ավելի բարձր է, քան մնացած ոլորտների՞, ոստիկանության մասին ինչի՞ չեք ասում»:

Մեր դիտարկմանը՝ ընդդիմադիրներն ասում են՝ վիճակագրությունը մեծ չի բռնված ու դատված դատավորների, որովհետեւ իրենց մարդիկ են, չեն բռնում, Մաթեւոսյանը արձագանքեց. «Էլի դատավո՞րն է մեղավոր: Էլի՞ եք ցեխ շպրտում, բռնե՛ք, ո՞վ է ձեզ ասում՝ մի բռնեք: Ժողովուրդ, էնպես եք ասում՝ չեն բռնում, ոնց որ ես գնացել եմ թեւերս փռել եմ, ասել եմ՝ արի թեւիս տակ մտիր, այստեղ կոռուպցիան զարգացնենք: Չե՛մ ուզում այդ կոռուպցիան: Իմ երեխան ինձ հետ վիճում է, կռվում է ինձ հետ, չե՛ն ուզում, ես դա տեսնում եմ, չէ՞: Կյանքը գնում է առաջ: Մենք ծառի ետեւում անտառը տեսնո՞ւմ ենք, թե՞ ոչ: Մենք կոռուպցիայի ետեւում ի՞նչ ենք տեսնում՝ ոչ մի բան: Մեզ այդ մի ծառը խանգարում է, որ անտառը տեսնենք: Անտա՛ռը տեսեք, ժողովո՛ւրդ: Ես հո ինձ համար չեմ ասում, ազգի՛ համար եմ ասում: Պաթոսով է հնչում, բայց եթե երկիրն ունի դատարան, դա ազգի համա՞ր է, թե՞ չէ: Գյուղապետը այսօր վեր է կենում, ասում է՝ ես պիտի լինեմ գյուղապետ, որ կաշառակերության դեմ պայքարեմ… այ ընկե՛ր, դու վաղը գյուղապետ դառնալուց հետո ինչ էլ անես այնտեղ, էլի դատարան է գալու՝ քաղաքացիական գործի տեսքով, թե քրեականի տեսքով: Քեզ նման այնքան գյուղապետ է եկել, գնացել, որ ինչ որտեղ կա, ուսումնասիրում ես դատական պրակտիկան, հատ-հատ այնտեղ կա»:

 

ՀՌԻՓՍԻՄԵ ՋԵԲԵՋՅԱՆ

«Առավոտ»

29.11.2017

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել