Լրահոս
Օրվա լրահոսը

Պաշտպան. «65 եւ 70 տարեկան կենսաթոշակառուներն ազատազրկվել են, որովհետեւ նրանք իրենց մեղավոր չեն ճանաչել»

Նոյեմբեր 30,2017 14:30

«Հավաքարարների գործով» վերաքննիչ դատարանը սկսեց բողոքների քննությունը

Վերաքննիչ քրեական դատարանը երեկ արձանագրեց, որ տասներեք ամբաստանյալներից բացակայում է այս գործով միակ կինը՝ Գյուլիզար Շամոյանն ու նրա պաշտպանը, տուժողը՝ Երեւանի քաղաքապետարանի ներկայացուցիչ Արա Մարտիրոսյանը: Դատավորներ Սեւակ Համբարձումյանը, Մխիթար Պապոյանն ու Կարինե Ղազարյանը նպատակահարմար գտան, որպեսզի բողոքները ներկայացվեն:

Նախագահողը հրապարակեց դատավճռի եզրափակիչ մասը, նաեւ, թե ովքեր են բողոքներ բերել: Իսկ բողոքներ բերել էին բոլոր ամբաստանյալները եւ մեղադրանքը Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանի դատարանում պաշտպանած դատախազ Հ. Մելքոնյանը:
7,5 տարվա ազատազրկման էր դատապարտվել «Կենտրոն մաքրություն» ընկերության պատասխանատու Արթուր Հովհաննիսյանը: Նրա եղբայրը՝ Սամվելը, որը նախկինում զբաղեցրել էր նույն այդ ընկերության տնօրենի պաշտոնը, դատապարտվել է 5 տարվա ազատազրկման, որից 3 տարին՝ փորձաշրջան: Փոխտնօրեն Արմեն Խաչատրյանն ու գլխավոր հաշվապահ Գագիկ Հարությունյանը դատապարտվել են 5 տարի ու վեց ամիս ժամկետով ազատազրկման, 3 տարվա փորձաշրջանով: 5-ական տարվա ազատազրկման դատապարտվեցին Հրայր Հակոբյանն ու Ռոբերտ Խաչատրյանը: Միակ կինը՝ աշխղեկ, ազգությամբ եզդի Գյուլիզար Շամոյանը դատապարտվել է 5 տարվա, մյուս աշխղեկը՝ Սամվել Եղոյանը, 5 տարի վեց ամիս ժամկետով ազատազրկման, նրանց համար նույնպես նշանակվել է երեք տարվա փորձաշրջան: Պահեստապետ Գարեգին Գասպարյանը եւ դիսպետչեր Հունան Տեր-Հովհաննիսյանը դատապարտվեցին 4,5 տարվա ազատազրկման, դարձյալ երեք տարվա փորձաշրջանով: Ընկերության ավտոկայանի վարիչ Միսակ Հարությունյանը, կադրերի վարիչ Սամվել Պապոյանը, ինժեներ Տիգրան Հովհաննիսյանը 6 ամսով ազատազրկվել էին: Վերջինիս համար նշանակվել էր մեկ տարով փորձաշրջան:
6 ամսով ազատազրկման դատապարտվածներից երկուսի՝ Միսակ Հարությունյանի եւ Սամվել Պապոյանի բողոքները ներկայացրեց նրանց պաշտպանը՝ Մերի Ալավերդյանը:
Նա ասաց, որ Ս. Պապոյանը մեղադրվել է օժանդակելու համար: Նա 2006-2013թթ. ժամանակահատվածում եղել է «Կենտրոն մաքրություն» ընկերության կադրերի տեսուչը, եւ ըստ մեղադրանքի էլ, իբր օժանդակել է ընկերության պատասխանատուներ Արթուր եւ Սամվել Հովհաննիսյաններին՝ պաշտոնական կեղծիքներ կատարելու միջոցով: Պաշտպանական կողմի տեղեկացմամբ, նրա գործառույթների մեջ է եղել տաբելները, որոնք կազմվել են աշխղեկների կողմից, հրամանների հետ համեմատելը: Ըստ պաշտպանի, բացակայում է օժանդակողի հանցակազմը:


Նա հրապարակեց դատավճռից մի հատված, համաձայն որի՝ «բացի նշված անձանցից, Սամվել Պապոյանը ընդգրկված չի եղել հանցավոր խմբի կազմում», սակայն փաստացի գործունեությամբ օժանդակել է Ա. եւ Ս.Հովհաննիսյաններին: Պաշտպանը խնդրում էր արդարացնել Ս. Պապոյանին:

Անդրադառնալով Միսակ Հարությունյանի վերաբերյալ դատավճռին, պաշտպանն ասաց, թե իր պաշտպանյալը ստորագրել է, կազմել վառելիքի բաշխման մասին տեղեկանքները: Նախաքննության փուլում նրան զրկել են «լռելու իրավունքից», գործին կցելով որպես վկա նրա հարցաքննությունները:

Ըստ փաստաբանի, դատավճռի հիմքում դրվել են անթույլատրելի ապացույցները:
Պաշտպանը համաձայն չէր վեց ամսով երկու կենսաթոշակառուներին դատապարտելու հետ, նա ասաց, թե ընդհանրապես տուգանք հասկացությունը դատարանն անտեսել է. «Աղաղակող պատժի տեսակ է, կենսաթոշակառու, բարձրագույն կրթությամբ այս մարդկանց, ովքեր արատավորված չեն եղել, դատապարտել միայն նրա համար, որ փաստացի իրենց մեղքը դատարանում չեն ընդունել»:

Նա զուգահեռ անցկացրեց այս գործով «պաշտոնական կեղծիք անողների» նկատմամբ կայացրած դատավճռին, որոնց նկատմամբ փորձաշրջան է կիրառվել, որոնք շտապել են գումարներ մուծել դատաքննության փուլում, մարդկանց նկատմամբ, ումից տուժող կողմը որեւէ պահանջ, ակնկալիք չի էլ ունեցել:

Նա խնդրում էր կամ արդարացնել երկուսին, կամ նշանակել տուգանք, կամ կիրառել փորձաշրջան:

Ս. Պապոյանն ասաց, թե ընդունում է իր մեղքը, եւ երբ վերաքննիչ դատարանի դատավոր Մխիթար Պապոյանը հակասություն տեսավ պաշտպանի եւ նրա պաշտպանյալի ասվածի միջեւ, հարցրեց, թե ինչու է մասնակի ընդունում իր մեղքը:

Ս. Պապոյանն ասաց, թե անգիտակցաբար արված կեղծ ստորագրության համար:
Իսկ Մ. Հարությունյանն ասաց, թե առաջին ատյանում իր «ելույթի» ժամանակ ասել է, որ իրեն մեղավոր չի ճանաչում, նա ասաց, թե չի հասկացել՝ ինչի տակ է ստորագրում, քանի որ այդ ժամանակ ընկերության գլխավոր ինժեները գտնվել է վերապատրաստման դասընթացների մեջ:

Դեկտեմբերի 5-ին իրենց բողոքները կներկայացնեն Արթուր եւ Սամվել Հովհաննիսյանները, նրանց պաշտպան Գեղամ Հակոբյանը:

 

ՌՈՒԶԱՆ ՄԻՆԱՍՅԱՆ

«Առավոտ»

29.11.2017

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել