Լրահոս
Օրվա լրահոսը

«Աշխարհը, իրոք, շա՜տ է փոքրացել»

Նոյեմբեր 30,2017 13:30

Ռոբերտ Ստուրուան՝ ղազանչյանական
«Ռեւիզորի» եւ թատերական գործընթացների մասին

Վերջին շրջանում երեւանյան մեկ-երկու թատրոնների պրեմիերաներ, կոնկրետ՝ Ազգային օպերային եւ Հ. Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի թատրոնների, հետաքրքրություն են առաջացրել արտասահմանցի մասնագետների շրջանում: Նրանք սեփական նախաձեռնությամբ են այցելում ներկայացումներ դիտելու, թեեւ չի բացառվում, որ ստեղծագործական կապեր ունեն հայ գործընկերների հետ: Կարեւորն այն է, որ նրանք տպավորված են հեռանում Հայաստանից: Օրինակ, շուրջ մեկ տարի առաջ Ազգային օպերային թատրոնի Պուչինիի «Տոսկայի» (ռեժիսոր՝ Նաիրե Ստեփանյան) պրեմիերային ներկա էին «Մետրոպոլիտեն օպերայի» երաժշտական մենեջեր Ջոն Ֆիշերը, Ռուսաստանից ռեժիսոր Վասիլի Բարխատովը, Մոսկվայի պատանի դերասանի երաժշտական թատրոնի գլխավոր ռեժիսոր Ալեքսանդր Ֆեոդորովը, որոնք «Առավոտի» հետ կիսեցին իրենց հիացական կարծիքները:

Լուսանկարներում տեսարաններ ղազանչյանական «Ռեւիզորից»:

Օրերս էլ կոմեդիայի թատրոնում Հակոբ Ղազանչյանի ռեժիսուրայով կայացած Գոգոլի «Ռեւիզորի» պրեմիերայից հետո ռեժիսոր, ԽՍՀՄ ժողովրդական արտիստ Ռոբերտ Ստուրուան նախ ժպտալով նշեց, թե «Ռեւիզորների» շատ է հանդիպել տարբեր երկրներում, հետո էլ ասաց. «Իսկապես հրաշալի ներկայացում էր կրտսեր Ղազանչյանի աշխատանքը: Սա Գոգոլի պիեսի ժամանակակից ընթերցում էր եւ պետք է ողջունեմ, բնականաբար, ներկայացման մեջ ընդգրկված պարոնյանցիների խաղը»:
Գոգոլի «Ռեւիզորը» հայ բեմում ամենաշատ բեմադրված ստեղծագործությունն է դեռեւս 1880-ականներից: Այս ստեղծագործությանը բեմական կյանք են հաղորդել մեր թատերարվեստի երախտավորները՝ ռեժիսորներ Արշակ Բուրջալյանը, Լեւոն Քալանթարը: Թատրոնի մարդկանց հիշողության մեջ պահպանվել են Էդգար Էլբակյանի, Իշխան Ղարիբյանի, Մհեր Մկրտչյանի՝ գլխավոր հերոսի՝ Խլեստակովի բարձրարվեստ մեկնաբանումները: Մյուս դերերում փայլել են Հասմիկը, Օլգա Գուլազյանը, Օլգա Մայսուրյանը, Հովհաննես Աբելյանը, Արամ Վրույրը եւ այլք: Ասում են, որ Երեւանի թատերական ինստիտուտում Վաղարշ Վաղարշյանը իր արվեստանոցի ավարտական կուրսի ուսանողների ծրագրում մշտապես ընդգրկում էր «Ռեւիզորը»:

Անդրադառնալով «Ռեւիզորին», ասենք, որ բացի ռեժիսուրայից, Հակոբ Ղազանչյանն իրականացրել է նաեւ բեմադրության նկարչական ու երաժշտական ձեւավորումները: Խլեստակովի դերը վստահված էր Երեւանի թատրոնի եւ կինոյի ինստիտուտի ուսանող Արթուր Մելիքբեկյանին, մյուս կերպարներում էին Անի Քոչարյանը, Մարիամ Ղազանչյանը, Բորիս Պեպանյանը, Արթուր Կարապետյանը, Ավետիք Խալաթյանը եւ մյուսները: Ստուրուայի խոսքով՝ հայտնի պիեսի ժամանակակից այս մեկնաբանման մեջ Ղազանչյանը «կրճատել» էր որոշ կերպարների, այդ թվում՝ Լյապկին-Տյապկինին, Բոբչինսկի-Դոպչինսկիին… Դա արդարացված էր, թե ոչ՝ թողնենք թատերագետներին:
Ըստ մեր տեղեկությունների՝ Ռոբերտ Ստուրուան իր ղեկավարած Մոսկվայի Կալյագինի անվան թատրոնում իր իսկ ռեժիսուրայով իրականացրած «Ռեվիզորը» պատրաստվում է առաջիկայում ներկայացնել հայ հանդիսատեսին: Մեր հետաքրքրությանն ի պատասխան՝ նա ընդամենն ասաց. «Ա՜յ քեզ բան… Աշխարհը, իրոք, շա՜տ է փոքրացել…»:

ՍԱՄՎԵԼ ԴԱՆԻԵԼՅԱՆ

Գլխավոր լուսանկարում՝ Ռոբերտ Ստուրուան:

«Առավոտ»

29.11.2017

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930