Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Չինական դասական պոեզիան հայ ընթերցողին

Նոյեմբեր 30,2017 13:00

Հայաստանի ազգային գրադարանում ընթերցողին ներկայացվեց «Չինական դասական պոեզիա» գիրքը, որը ներկայացնում է չինական Թան դինաստիայի գահակալության շրջանը՝ 7-ից 10-րդ դարերը։

Գիրքը տպագրվել է Հայաստանում Չինաստանի դեսպանության աջակցությամբ եւ նվիրվելու է Հայաստանի բոլոր դպրոցներին ու գրադարաններին։

Չինական Թան դինաստիայի ժամանակաշրջանում տնտեսության զարգացմանը զուգընթաց ծաղկեց նաեւ գրականությունը, որն անվանվեց «Ոսկե դար»։ «Ոսկե դարը» ծնունդ տվեց 300 բանաստեղծի՝ իրենց նոր՝ ավելի քան 40 000 ստեղծագործություններով։ Նման հետաքրքիր փաստ ներկայացրեց ՀՀ մշակույթի նախարար Արմեն Ամիրյանը, ընդգծելով, որ այդ շրջանի պոեզիան մոտեցավ իրական կյանքին՝ իր ասելիքով դուրս գալով կայսերական պալատներից գնաց դեպի ժողովուրդը։

Ազգային ժողովի հայ-չինական բարեկամության խմբի նախագահ Հերմինե Նաղդալյանը գրքի հրատարակությունը կարեւոր երեւույթ համարեց, քանի որ այն ընդգրկում է չինական դասական պոեզիայի լավագույն նմուշները եւ այսուհետ այս գիրքը կունենան Հայաստանի բոլոր դպրոցները եւ գրադարանները։

Հայաստանում Չինաստանի արտակարգ եւ լիազոր դեսպանն ասաց, որ իրենք շատ են կարեւորում մշակութային շփումները։ Երկու տարվա ընթացքում արդեն չորրորդ գիրքն է տպագրվում Չինաստանի մասին, որն, անշուշտ, նպատակ ունի, որ Հայաստանում ավելի լավ ճանաչեն իրենց երկիրը։

Չինական պոեզիայի հարստությունը յուրովի ներկայացրեց բանաստեղծ Լիպարիտ Սարգսյանը, պոեզիայի նմուշներ ներկայացնելով եւ ընդգծելով, որ այդ բանաստեղծական աշխարհում արտահայտված է չին ժողովրդի կյանքը՝ իր բազմազանության մեջ։
Իսկ բանասիրական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Սերգո Երիցյանը, ով կազմել եւ խմբագրել է ժողովածուն, ավելացրեց, որ «Չինական դասական պոեզիա» ժողովածուն հետաքրքիր է իր ամբողջականության մեջ, երբ փորձ է արվում տարբեր հեղինակների միջոցով ներկայացնել այդ ինքնատիպ պոեզիայի ողջ ներկապնակը։

Չինական դասական պոեզիայի նմուշները շնորհանդեսի մասնակիցներին յուրովի ներկայացրին մայրաքաղաքի թիվ 135 դպրոցի սաները՝ բանաստեղծություններն ընթերցելով հայերենով, չինարենով, իհարկե, չինական թովիչ երաժշտության ուղեկցությամբ։

Միջոցառման ավարտին նախասրահում բացվեց Չինաստանին եւ հայ- չինական հարաբերություններին նվիրված գրքերի ցուցադրություն, ուր նաեւ հետաքրքիր զրույց ծավալվեց թարգմանչական գրականության մասին:

-Բարեբախտաբար, ինչ-որ չափով ունենք թարգմանական գրականություն, որը ստեղծվել է միջնորդ լեզվի` ռուսերենի միջոցով,-մեր զրույցի ժամանակ ասաց Սերգո Երիցյանը,- օրինակ «Սասունցի Դավիթ» էպոսը, ժողովրդական հեքիաթները թարգմանվել են հայերենով: Որոշ թարգմանություներ կան նաեւ հայերենով, վկայությունը նաեւ ընթերցողին ներկայացված ժողովածուն է: Բայց արդեն ժամանակն է, որ թարգմանություններ ունենանք բնագրերից` հայերենից չինարեն եւ հակառակը: Այս դեպքում գործը առաջ կգնա, մանավանդ, արդեն հրապարակ են գալիս երիտասարդներ` իրենց բարձր լեզվական իմացությամբ ու մշակույթով: Պարզապես այս ամենին պետք է գումարել սկսնակների համարձակությունը եւ կոնկրետ քայլեր կատարել: Օրինակ, մինչեւ այսօր չինական ժամանակակից արձակն անծանոթ է հայ ընթերցողին: Գուցե, դա եւս պետք է թարգմանել: Այդ ամենի համար հորիզոնական կապեր են պետք, համագործակցություն, գրական գործիչների հանդիպումներ, պարբերաբար շփումներ:

Սերգո Երիցյանի մտայնությունը կիսում էին նաեւ մեր մյուս զրուցակիցները, որ իսկապես, կարիք կա զարգացնելու թարգմանչական գրականությունը, հայ գրականությունը եւ Հայաստանը ավելի ու ավելի շատ ներկայացնելու չին ընթերցողին եւ նաեւ հակառակը:

 

ԿԱՐԻՆԵ ՏԻՏԱՆՅԱՆ

Լուսանկարները՝ Արմինե Վարդանյանի

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930