Նոյեմբերի 29-ին «Հայգիրք» գրախանութը հյուրընկալել էր կոմպոզիտոր, կատարող Վահան Արծրունուն: Բանասիրական գիտությունների դոկտոր Հենրիկ Բախչինյանը ներկայացրեց Մեսրոպ Մաշտոցի եւ Սահակ Պարթեւի օրհներգերի գրապատմական արժեքը:
Վահան Արծրունին էլ նշեց, որ հավաքի առիթը դեկտեմբերի 4-ին Արամ Խաչատրյան համերգասրահում կայանալիք «Մաշտոց-Կոմիտաս» խորագրով իր համերգն է, որի ծրագրում են «Մաշտոց. Սրբազան Մարգարիտներ» Սուրբ Մեսրոպ Մաշտոցի 5-րդ դարի շարականները` Վահան Արծրունու մեկնությամբ եւ «Կոմիտաս. Տասը Հայտնություն» երգաշարը՝ գրված Կոմիտասի բանաստեղծությունների հիման վրա։ Երաժշտության հեղինակը Վահան Արծրունին է:
«Ես միանգամից արձագանքեցի «Հայգիրք» գրախանութի առաջարկությանը կազմակերպել նման հանդիպում, որովհետեւ ավանդույթը՝ հավաքներ կազմակերպել գրական հարթակների վրա, առիթ է տալիս ինձ առանձնացնելու, երաժշտական մասից զատելու նաեւ գրական խնդիրները, որոնք այսօր եւ լուսաբանելու կարիք ունեն, եւ կրկին ներկայացնելու… Ցավոք, Մեսրոպ Մաշտոցի եւ Կոմիտասի անհատականությունների պարագայում մենք գործ ունենք որոշակի կարծրատիպերի հետ: Մարդիկ մտածում են, որ Մեսրոպ Մաշտոցը Հայոց այբուբենն է ստեղծել, իսկ Կոմիտասը երաժշտագետ է: Մի տասնհինգ տարի առաջ, երբ խոսում էի այն մասին, որ շարք է գրվել Կոմիտասի բանաստեղծությունների հիման վրա, մարդիկ զարմանում էին, ասում էին՝ Կոմիտա՞սն ինչ կապ ունի: Նույնիսկ Կոմիտասի կյանքի օրոք առաջին հրատարակումը եղել է 25 թվին եւ հետո պարբերաբար դա արվել է, իսկ 1969 թ. Կոմիտասի հարյուրամյակին Լեւոն Միրիջանյանի տպագրությամբ լույս տեսավ փոքր գրքույկ, որից օգտվել եմ ինքս»,-նշեց կոմպոզիտորը:
Նա կոթողային որակեց Մեսրոպ Մաշտոցի եւ Սահակ Պարթեւի օրհներգներն ամբողջացնող հատորը եւ խնդրեց գիրքը կազմած Հենրիկ Բախչինյանին ներկայացնել այն:
«Գիրքը կոթողային է նրանով, որ այստեղ առաջին անգամ ամփոփված են մեր առաջին բանաստեղծների՝ Մեսրոպ Մաշտոցի եւ Սահակ Պարթեւի գործերը: Մեզ համար Մաշտոցը՝ որպես սրբություն, ամենից առաջ որպես գրքերի գյուտի ստեղծող է հանդես գալիս, բայց քչերը գիտեն, որ նա նաեւ մեր առաջին բանաստեղծն է: Սահակ Պարթեւի հետ միասին նրանք ստեղծել են մեր ութ ազգային ձայնեղանակները, որոնց հիման վրա էլ՝ օրհներգության, մյուս կողմից նաեւ ժամերգության ժանրը»,-ասաց պարոն Բախչինյանը:
Գրականակետի խոսքով, Մաշտոցի անունով շուրջ 150 բանաստեղծություն է հայտնի՝ գրված որպես երգեր ու աղոթքներ: Ճանաչված մասնագետներն ի վերջո եկել են այն եզրակացության, որ Մեսրոպ Մաշտոցի գրչին է պատկանում մասնավորապես ողորմեաների մեծագույն մասը:
Վահան Արծրունին խոսելով Կոմիտասի դերակատարության մասին, հավելեց, որ վարդապետը զբաղվել է հիմնականում հոգեւոր երաժշտությունը ի մի բերելով եւ ազգային երաժշտությունը նորովի ներկայացնելով: Նրա գործունեությունը ժամանակին, Արծրունու ձեւակերպմամբ, ալեկոծությունների տեղիք է տվել:
«Կոմիտասը բազմաթիվ պատնեշներ է հաղթահարել, ինչերի միջով է անցել, մինչեւ որ հաստատել է իր իրավունքը՝ աշխարհիկ բեմից ներկայացնելու հոգեւոր երաժշտությունը»,-փաստեց կոմպոզիտորը:
Երեկոյի ընթացքում նաեւ գեղեցիկ կատարումներ հնչեցին:
Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ