Լրահոս
Օրվա լրահոսը

«Խավարում». Սովետական բռնապետության անմեղ զոհերին նվիրված ցուցահանդեսը վերաբացվեց Վանաձորում. (Ֆոտոշարք)

Նոյեմբեր 29,2017 21:07

Այսօր «Լոռի» հեռուստաընկերության մեդիա սրահում բացվեց սովետական բռնապետության անմեղ զոհերին նվիրված ցուցահանդես: «Խավարում» խորագիրը կրող ցուցահանդեսի վերաբացման նախաձեռնությունը պատկանում է «Սարգիս Մուրադյան» պատկերասրահի հիմնադիր, նկարչուհի Զարուհի Մուրադյանին:

-Սա մեր պատմության ողբերգական այն կտորն է, որտեղ երեւում է, թե ինչպես բոլշեւիկների դավաճանության պատճառով կործանվեց նոր ստեղծված Հայաստանի հանրապետությունը:

Այս փաստաթղթերը փաստում են ստալինյան բռնաճնշումների մասին: Այս ցուցահանդեսը նախ հարգանքի տուրք է Հովհաննես Թումանյանին եւ իր որդիներին: Սա հարգանքի տուրք է նաեւ մեր մեծերին, որոնք ոչնչացվել են: Նրանցից մեկն է եղել է իմ պապի եղբայրը: Նա գնդակահարվել է, կինը աքսորվել,- իր խոսքում նշեց Զարուհի Մուրադյանը:

Վանաձորում ցուցահանդեսի կազմակերպմանն աջակցել են Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակը ու «Լոռի» հեռուստաընկերությունը:

-Մեր դռները բաց են այն մարդկանց առաջ առջեւ, ում առջեւ մշտապես փակ են լինում: Այսօրվա ցուցահանդեսը յուրօրինակ է, առաջին անգամն է մեր մամուլի ակումբում կազմակերպվում այսօրինակ միջոցառում,- ասաց «Լոռի» հեռուստաընկերության տնօրեն Նարինե Ավետիսյանը:

Հիշեցնենք, որ ցուցահանդեսն առաջին անգամ բացվել էր այս տարվա օգոստոսի 4-ին Երեւանում՝ Հովհաննես Թումանյանի թանգարանում: Սակայն, 22 օր անց նախատեսվածից շուտ այն փակվեց:

-Ցուցահանդեսի փակումը հանդիսանում է եւ՛ կարծիքի արտահայտման, եւ՛ ինքնաարտահայտման, եւ՛ ընդհանրապես ստեղծագործության ազատության անհիմն սահմանափակում: Որից հետո բավական լուրջ հանրային քննարկումներ ու տարբեր պատճառաբանություններ եղան: Իհարկե, առավել ցավալի էր, որ մշակույթի փոխնախարարը գտավ, որ ցուցահանդեսը քաղաքականացված է, այնուհետեւ նախարարը գտավ, որ պայմանավորված չէ, եւ այլն: Բայց հանրային շրջանակներում ընդվզումից բացի շատ կարեւոր է քայլ կատարելը, եւ այդ քայլը կատարվեց շնորհիվ այս նախաձեռնության,- ասաց Արթուր Սաքունցը:

Նախատեսվում է, որ ցուցահանդեսը կշրջի հանրապետության բոլոր մարզերով:

Տաթեւիկ ՂԱԶԱՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930