ՀՀ ՔԿ Լոռու մարզային քննչական վարչությունում ավարտվել է Լոռու մարզի բնակիչ Տիգրան Մարտիրոսյանի սպանության դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը: Քրեական գործի վարույթը կարճվել է։
Լոռու մարզի բնակիչ Տ.Մարտիրոսյանի դին՝ հրազենային վնասվածքներով, հայտնաբերվել է 2017 թվականի մայիսի 25-ին՝ կեսգիշերին, իր տան տարածքում։
Նախնական քննությամբ ձեռնարկված քննչական և դատավարական այլ գործողությունների արդյունքում պարզվել է, որ Տ.Մարտիրոսյանը կյանքի հետ անհամատեղելի հրազենային վնասվածքներն ստացել է տանը՝ կնոջ հետ վիճաբանության ժամանակ՝ վերջինիս կողմից արձակված կրակոցների հետևանքով։ Նույն օրը կինը ձերբակալվել է։
Քրեական գործով իրականացվել են մեծածավալ քննչական գործողություններ՝ դեպքի բոլոր հանգամանքների բազմակողմանի, օբյեկտիվ և լրիվ հետազոտումն ապահովելու ուղղությամբ։ Արդյունքում՝ փաստական տվյալներ են ձեռք բերվել, որ կինը պարբերաբար բռնության է ենթարկվել ամուսնու կողմից, հերթական վիճաբանությունն սկսվել է 2017 թվականի մայիսի 24-ի ուշ երեկոյան: Տիգրան Մարտիրոսյանը, գտնվելով ալկոհոլային հարբածության վիճակում, իրենց տանը տեղի ունեցած վիճաբանության ժամանակ տարբեր իրեր է նետել կնոջ ուղղությամբ, ապա` նրան հետապնդել հրազեն հանդիսացող ատրճանակով. լիցքավորված ատրճանակը պահել է կնոջ գլխին և սպառնացել սպանել, ինչից հետո կինը նրան հրել է, վերցրել ամուսնու ձեռքի ատրճանակը և կրակել նրա ուղղությամբ:
2017 թվականի մայիսին կնոջը մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 108-րդ հոդվածով` անհրաժեշտ պաշտպանության սահմանազանցմամբ սպանությունը, ազատվել արգելանքից և նրա նկատմամբ որպես խափանման միջոց ընտրվել ստորագրություն չհեռանալու մասին:
Էական նշանակություն ունեցող հանգամանքները պարզելու համար նշանակվել են մի շարք փորձաքննություններ, այդ թվում՝ համալիր ամբուլատոր դատահոգեբանական և դատահոգեբուժական փորձաքննություն՝ պարզելու մեղադրյալի հոգեկան վիճակը դեպքի պահին։ Ըստ փորձագետների՝ կինը որևէ հիվանդությամբ չի տառապել և չի տառապում, հանդիսանում է հոգեպես առողջ անձ և մեղսագրվող արարքի նկատմամբ ճանաչվել է մեղսունակ, սակայն միաժամանակ արձանագրվել, որ մեղսագրվող արարքը կատարելու պահին նա գտնվել է ֆիզիոլոգիական աֆեկտի վիճակում։
Նախաքննության ընթացքում, 2017թ. նոյեմբերի 22-ին, որոշում է կայացվել Տ.Մարտիրոսյանի կողմից ապօրինի կերպով հրազեն, ակոսափող հրազենի փամփուշտներ ձեռք բերելու, պահելու և կրելու, ինչպես նաև՝ ակնհայտ հղի կնոջը՝ դիտավորությամբ ֆիզիկական ուժեղ ցավ և հոգեկան ուժեղ տառապանք պատճառելու կապակցությամբ նրա նկատմամբ քրեական հետապնդում չիրականացնելու մասին՝ մահվան հիմքով:
Քրեական գործով հայտարարվել է նախաքննության ավարտի մասին։ Նկատի ունենալով բազմակողմանի քննության արդյունքում քրեական գործով ձեռք բերված ապացույցները՝ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 37-րդ հոդվածի 1-ին մասով սահմանված կարգով կինն ազատվել է քրեական պատասխանատվությունից՝ գործուն զղջալու հիմքով, և վարույթը կարճվել:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
ՀՀ քննչական կոմիտե