Լրահոս
Օրվա լրահոսը

Իրանում կայացել է Արցախի թեմայով միջազգային խորհրդաժողով

Նոյեմբեր 29,2017 20:35

Թեհրանում տեղի է ունեցել տարածաշրջանային զարգացումների վերաբերյալ խորհրդաժողով, որին մասնակցել են ՀՀ-ից, Արցախից, Իրանից, Լիբանանից և Թուրքիայից հրավիրված վերլուծաբաններ, քաղաքագետներ ու պաշտոնյաներ:

Թեհրանի Հայ դատի հանձնախմբի նախաձեռնությամբ կազմակերպված երկօրյա քննարկումների ժամանակ անդրադարձ է կատարվել հատկապես Մերձավոր Արևելքում ծավալվող աշխարհաքաղաքական իրադարձություններին և դրանց հնարավոր ազդեցությանը Արցախի և հայ-իրանական հարաբերությունների վրա:

Խորհրդաժողովին զեկույցներ են կարդացել ԵՊՀ միջազգային հարաբերությունների և դիվանագիտության ամբիոնի վարիչ, ԵՊՀ Հայագիտական կենտրոնի հայ-քրդական առնչությունների բաժնի վարիչ Վահրամ Պետրոսյանը, «Գլոբալիզացիայի և տարածաշրջանային համագործակցության վերլուծական կենտրոն»-ի տնօրեն Ստեփան Գրիգորյանը, ԵՊՀ իրանագիտության ամբիոնի դասախոս Արմեն Իսրայելյանը, ԼՂՀ ԱԺ փոխնախագահ Վահրամ Բալայյանը, Լիբանանի «Ազդակ» օրաթերթի միջազգային լուրերի խմբագիր Վահրամ Էմմիեանը, Լիբանանի Հայ Դատի հանձնախմբի անդամ Պետօ Դեմիրճեանը, Ստամբուլի «Ակօս» պարբերականի հայերեն բաժնի խմբագիր Բագրատ Էստուկյանը, Իսլամական խորհրդարանի հայ պատգամավոր Կարեն Խանլարյանը, իրանահայ լրագրող, վերլուծաբան Գրիգոր Ղազարեանը, իրանցի քաղաքագետներ Իբրահիմ Մոթաղին, Հոսեյն Ահմադին և Արցախի հակամարտության գծով փորձագետ Սալար Սեյֆոդինին:

Նրանք խոսել են ինչպես հայ-իրանական հարաբերությունների, այնպես էլ այդ ֆոնին տարածաշրջանի այլ երկրների՝ այդ ուղղությամբ դրական ու բացասական քայլերի մասին:

ԵՊՀ Հայագիտական կենտրոնի հայ-քրդական առնչությունների բաժնի վարիչ Վահրամ Պետրոսյանն անդրադարձել է Քրդստանի անկախության հանրաքվեին և դրա շուրջ ստեղծված ճգնաժամին:

«Գլոբալիզացիայի և տարածաշրջանային համագործակցության վերլուծման կենտրոն»-ի ղեկավար Ստեփան Գրիգորյանի հետ խորհրդաժողովի իրանական կողմը քննարկել է ԵԱՏՄ-ի և ԵՄ-ի հետ Հայաստանի հարաբերությունների հարցը, հնարավորություններն ու դժվարությունները:

Միջազգային խորհրդաժողովի ժամանակ հայ և իրանցի բանախոսների կողմից հատուկ շեշտադրվել է Հայաստանի և Իրանի միջև տնտեսական կապերի ակտիվացման կարևորությունը: Նշվել է, որ երկու երկրների բարձրագույն իշխանությունները պետք է առավել հաճախ հանդիպեն և քննարկեն խնդիրներն ու հնարավորությունները:

Թեհրանի հայ դատի հանձնախումբ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930