Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայում նոյեմբերի 29-ին տեղի ունեցավ Կոստանդին Սարաջևի 140-ամյակին նվիրված ներբուհական գիտաժողովը։ Այն ընթանալու է երկու օր՝ նոյեմբերի 29-ին և 30-ին։ Գիտաժողովի բացման արարողությունից հետո զեկույցներով հանդես եկան արվեստի թեկնածուներ, պրոֆեսորադասախոսական կազմի անդամներ։ Սիմֆոնիկ դիրիժորության և խմբավարության ամբիոնի պրոֆեսոր Չթչյան Գեղունին պատմեց, որ թեև աղոտ կերպով, բայց իր մանկության հուշերում տպավորվել են Կոստանդին Սարաջևի հետ հանդիպումները։
«Հիշում եմ՝ ամանորն էր մոտենում, ուսանողները որոշեցին պարահանդես կազմակերպել։ Երեկոյի ժամանակ մի տղամարդ և կին եկան։ Նրանք ամբողջ ընթացքում ոչինչ չէին խոսում, բայց միայն հետո մենք հասկացանք, որ կնոջ կերպարով Սարաջևն էր եկել, իսկ տղամարդու կերպարով՝ իր կինը»։
Արվեստի թեկնածու, դոցենտ, երաժշտության պատմության ամբիոնի վարիչ Լուսինե Սահակյանը մեզ հետ զրույցում ներկայացրեց գիտաժողովի նախապատմությունը և հետագա ակնկալիքները։ «Երբ Մոսկվայի կոնսերվատորիայից մենք ունեցանք տեղեկություն, որ այնտեղ կազմակերպելու է դիրիժորի ծննդյան 140-ամյակին նվիրված գիտաժողով, համերգ և ցուցադրություն՝ ֆոտոնկարների տեսքով, հաշվի առնելով՝այն կոնսերվատորիան, որի համար նա այսքան աշխատանք է տարել (նկատի ունի ԵՊԿ-ն լրգ․) մենք նույնպես ձեռնամուխ եղանք մի շարք միջոցառումների իրականացմանը, այդ թվում և ուսանողական գիտաժողովի և պրոֆեսորադասախոսական կազմի կողմից գիտաժողովի կազմակերպմանը։
Մոսկվայի գիտաժողովին իմ մասնակցությունը լավ արձագանք թողեց այնտեղ, բայց ցավոք դժվարություններ առաջացան , և ժամկետների մեջ տեղավորվել չկարողանալու պատճառով Մոսկվայի ներկայացուցիչները չկարողացան գալ և մասնակցել մեր ներբուհական գիտաժողովին»։
Պրոֆեսորը նշեց, որ գիտաժողով ֆորմատը ընտրված էր այն պատճառով, որ այն ոլորտները, որոնցում գործունեություն է ծավալել Սարաջևը, ունեն նաև գիտական մասնագիտական ուղղվածություն։ «Նա առաջին հերթին գիտնական-երաժիշտ էր, նրա գործունեությունը այնքան բազմաբեղուն և ընդգրկուն էր ,որ միայն մի գիտաժողովում հնարավոր չի ընդգրկել։ Մեր ֆորմատը մի քիչ այլ է , քան գիտաժողովը, քանի որ մասնակցում են և՛ դիրիժորի ուսանողները և՛ նրա հետ առնչված մարդիկ, ինչը ավելի շատ դարձնում է այն հուշագրություն»։
Նա նաև ավելացրեց, որ ուսանողական գիտաժողովը անցկացվել է և Վանաձորի և Գյումրու երաժշտական կրթօջախներում և Մանկավարժական համալսարանում՝ չնայած այն ավելի համապարփակ մասնակցություն է ունեցել։
Կոստանդին Սարաջևի աշակերտ, Սիմֆոնիկ դիրիժորության և խմբավարության ամբիոնի պրոֆեսոր Յուրի Դավթյանը կիսվեց իր տպավորություններով՝ նշելով, որ կցանկանար գիտաժողովին տեսնել ավելի շատ ունկնդիրներ, երիտասարդներ, ուսանողներ․ «Այն երաժիշտները, ովքեր սովորում են մեզ մոտ՝ առանց հասկանալու, թե Սարաջևը ով է, այդ երիտասարները նրանք են, ովքեր Կոմիտասի նկարը տեսնում են և ասում՝ էս տերտերը ո՞վ ա ։ Այս միտքը ինձ շատ է հուզում»։ Պրոֆեսորը մեկնաբանեց, որ դա անտարբերության և վատ տեղեկացվածության արդյունք է։ « Ես կարծում եմ, որ հայ ազգը պիտի հպարտ լինի, որ ունեցել է Սարաջևի նման դիրիժոր»,-հավելեց նա ։
Կարինե ԿԻՐԱԿՈՍՅԱՆ