Լրահոս
Օրվա լրահոսը

«Եթե Ադրբեջանը նոր պատերազմ սանձազերծի, կարող է հայտնվել միջազգային մեկուսացման մեջ». Ռուբեն Մեհրաբյան

Նոյեմբեր 29,2017 19:12

«ԵՄ-ի և Հայաստանի միջև Համապարփակ և ընդլայնված համաձայնագիրը կարևորագույն փաստաթղթերից մեկն է անկախության տարիների ընթացքում»,-«Տեսակետ» մամուլի ակումբում լրագրողների հետ հանդիպմանը հայտարարեց  Միջազգային և անվտանգության հարցերի հայկական ինստիտուտի (ՄԱՀՀԻ) ասոցացված փորձագետ, քաղաքագետ Ռուբեն Մեհրաբյանը:

Ըստ նրա՝ այս փաստաթուղթը մեր անկախության հռչակագրից և Հայաստանի՝ որպես անկախ պետության միջազգային ճանաչումից հետո իր նշանակությամբ կարևորագույն փաստաթուղթն է ՀՀ անկախության տարիների ընթացքում: Ըստ պարոն Մեհրաբյանի՝ այս փաստաթուղթը հնարավորություններ է բացում նաև ղարաբաղյան հակամարտության կարգավորման առումով. «ԵՄ անդամ 28 պետությունները ֆիքսում են փոխադարձ պարտավորություններ մեկը մյուսի նկատմամբ, դիրքորոշումներ, հավատարմություն արժեքներին, և այդ ամենը ստանում է իրավաբանական ուժ»։

Ըստ պարոն Մեհրաբյանի, եթե, ասենք, Ադրբեջանը ցանկանա նոր պատերազմ սանձազերծել Հայաստանի դեմ, ապա դրա քաղաքական գինն էապես մեծանում է. «Ադրբեջանն ուղղակի կարող է այդ քայլին դիմելուց հետո հայտնվել միջազգային մեկուսացման մեջ»:

Ռուբեն Մեհրաբյանի համոզմամբ՝ համաձայնագիրը նաև հնարավորություններ է տալիս Ադրբեջանի վարած ագրեսիվ քաղաքականությունն արգելափակել. «Համաձայնագրի շնորհիվ այս ընթացքում Ադրբեջանի տարած ագրեսիվ, առավելապաշտական քաղաքականությունն ուղղակի արգելափակվեց եվրոպական դիվանագիտության կողմից, իսկ Ադրբեջանի դիրքորոշումը մարգինալացվեց»։

Ռուբեն Մեհրաբյանը փաստեց՝ Հայաստանն իր աշխարհագրական դիրքով եվրոպական քաղաքակրթության հաղորդիչի դերն է ստանձնում տարածաշրջանում: Պարոն Մեհրաբյանը համաձայնագրի ստորագրման հետ կապեց նաև Իրանի ԱԳ նախարարի՝ Հայաստան այցելությունը. «Իրանին խիստ հետաքրքրում է, թե ինչ հնարավորություններ են բացվում Հայաստանի առաջ, որից ինքը կարող է օգտվել: Սա, ըստ քաղաքագետի, բխում է երկու երկրների շահերից»։

Պատմական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Էդիկ Մինասյանի կարծիքով՝ ԵՄ-ի հետ համաձայնագրի ստորագրմամբ՝ Հայաստանի արտաքին քաղաքականության մեջ հավասարակշռում է տեղի ունենում. «Առաջին անգամ անկախության պայմաններում հնարավորություն է ստեղծվել երկու խոշոր կառույցների հետ հարաբերություն հաստատել, և դրանից պետք է օգտվել կարողանալ: Պարոն Մինասյանի կարծիքով՝ Հայաստանի տնտեսական զարգացման լայն հեռանկարներ են բացվում. «Բացվում է շուկան, հաստատվում են նոր առևտրային կապեր, տրվում է վիզային ռեժիմի ազատականացման հնարավորությունը, ինչպես նաև ի հայտ են գալիս ԼՂ անվտանգության հարցում լրացուցիչ երաշխիքներ»:

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930