Ինչպես տեղեկացրել ենք, Գյումրու նորակառույց «Մուշ-2» թաղամասի 56 շենքի հարակից տարածքում քաղաքապետարանի պաշտոնյաներից մեկը (շինարարների ու բնակիչների պնդմամբ՝ կառուցապատողը տրանսպորտի բաժնի պետ Արտյոմ Սարգսյանն է, քաղաքապետարանի պաշտոնական պարզաբանմամբ էլ՝ գյումրեցի Կարապետ Սիմոնյանն է) խանութ է կառուցում։ Շիրակի մարզպետարանից մեր գրավոր հարցմանը ի պատասխան՝ նշել էին, որ դա կանաչ տարածք է, և որ Գյումրու քաղաքապետարանը տվյալ տարածքում կառուցապատում իրականացնելու նպատակով Շիրակի մարզպետարանի ու քաղաքաշինական պետական կոմիտեի հետ ՀՀ օրենսդրությամբ նախատեսված համաձայնեցումներ չի արել։
Գյումրու քաղաքապետարանից էլ մեզ պատասխանել էին, թե տարածքը կանաչ չէ, հասարակական նշանակության օբյեկտ կառուցելու համար է նախատեսված։ Գյումրու քաղաքապետարանից նաև նշել էին, որ տվյալ տարածքում հասարակական օբյեկտի կառուցումը համաձայնեցված է ՀՀ կառավարության առընթեր քաղաքաշինական պետական կոմիտեի հետ։ Մենք ստիպված եղանք նոր հարցումներ ուղարկել թե՛ Գյումրու քաղաքապետարան, թե՛ ՀՀ քաղաքաշինական պետական կոմիտե՝ պարզելու, թե ի վերջո ո՞վ է թույլատրել կանաչ տարածքում խանութ կառուցել, ի՞նչ հիմքերով է սա արվել։
Մի քանի օր առաջ Գյումրու քաղաքապետարանից մեզ ուղարկեցին ՀՀ կառավարությանն առընթեր քաղաքաշինական պետական կոմիտեի նախագահի առաջին տեղակալ Արամ Բադալյանի՝ Սամվել Բալասանյանին ուղղված գրությունը, որտեղ նշված է․
«Հարգելի պարոն Բալասանյան,
Գյումրի համայնքի «Մուշ-2» և «Մուշ-2-2» թաղամասերի հաստատված կառուցապատման հատակագծային ուրվանկարում նշած, կառուցապատման Կ/Տ- IV տեղամասում նախատեսված թվով 4 առևտրի և սպասարկման օբյեկտների փոխարեն կառուցապատման Կ/Տ- IV-Ա տեղամասում թվով 2 առևտրի և սպասարկման օբյեկտներ կառուցելու ձեր առաջարկությանը տալիս ենք մեր համաձայնությունը՝ տեղափոխվող օբյեկտների մակերեսների հանրագումարը պահպանելու, կառուցապատումից ազատված թվով 4 տարածքները կանաչապատելու և կառուցապատման հետագա գործառույթները ՀՀ օրենսդրության և նորմատիվատեխնիկական փաստաթղթերի պահանջներին համապատասխան իրականացնելու պայմաններով»։
Նշենք, որ Գյումրու քաղաքապետը Գյումրի համայնքի «Մուշ-2» և «Մուշ-2-2» թաղամասերի հաստատված կառուցապատման հատակագծային ուրվանկարում փոփոխություններ անելու առաջարկով քաղաքաշինական պետական կոմիտեին դիմել է միայն Aravot.am-ի հրապարակումից հետո։ Սա նշանակում է, որ եթե չլիներ Aravot.am-ի՝ սեպտեմբերի 30-ի ահազանգն այն մասին, որ կանաչ գոտում խանութ են կառուցում, Գյումրու քաղաքապետը դժվար թե հոկտեմբերի 6-ին դիմեր քաղաքաշինական կոմիտե։
Aravot.am-ը դիմել էր քաղաքաշինական պետական կոմիտեի նախագահ Նարեկ Սարգսյանին՝ խնդրելով տրամադրել այն հիմքը՝ համաձայն որի՝ թույլատրել են կանաչ գոտում հասարակական նշանակության օբյեկտ կառուցել։ Մեզ ի պատասխան՝ ուղարկել են Շիրակի մարզպետ Արթուր Խաչատրյանին ուղղված գրությունը, որտեղ նշված է՝ «Հարգելի պարոն Խաչատրյան,
Գյումրի քաղաքի «Մուշ-2» թաղամասի N56 շենքին հարակից մասում սպասարկման և առևտրի օբյեկտների հողամասերի գործառնական նշանակության փոփոխության վերաբերյալ տեղեկացնում եմ, որ Գյումրի համայնքի ղեկավարը Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի դեկտեմբերի 29-ի N1920-Ն որոշման 26-րդ կետի 2-րդ ենթակետի պահանջի համաձայն, 2017 թվականի հոկտեմբերի 6-ի N01/02.3/9836-17 գրությամբ դիմել է Գյումրի քաղաքի «Մուշ-2» և «Մուշ-2/2» թաղամասերի հաստատված կառուցապատման հատակագծային ուրվանկարում նշված, կառուցապատման Կ/Տ-IV տեղամասում նախատեսված թվով 4 առևտրի և սպասարկման օբյեկտների փոխարեն կառուցապատման Կ/Տ-IV-Ա տեղամասում (N56 շենքի հարակից մասում) թվով 2 առևտրի և սպասարկման օբյեկտներ կառուցելու առաջարկությամբ:
Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր քաղաքաշինության պետական կոմիտեն, նկատի ունենալով, որ փոխանակվող հողատարածքները գտնվում են համարժեք նշանակության գոտիներում և հողամասերի փոփոխության առաջարկվող տարբերակը քաղաքաշինական նկատառումներով նպատակահարմար է, տվել է իր համաձայնությունը`տեղափոխվող օբյեկտների մակերեսների հանրագումարը պահպանելու, կառուցապատումից ազատված թվով 4 տարածքները կանաչապատելու և կառուցապատման հետագա գործառույթները Հայաստանի Հանրապետության օրենսդրության և նորմատիվատեխնիկական փաստաթղթերի պահանջներին համապատասխան իրականացնելու պայմանով:
Հայաստանի Հանրապետության կառավարության 2009 թվականի հունիսի 26-ի N792-Ն որոշման 15-րդ կետի 3-րդ ենթակետի «ե» պարբերության պահանջի համաձայն՝ նախագծվող օբյեկտների ճարտարապետահատակագծային առաջադրանքները և նախագծերի ճարտարապետական մասի էսքիզային լուծումները կոմիտեի համաձայնեցմանը չեն ներկայացվել»:
Ու չնայած Գյումրու քաղաքապետարանը, խախտելով կառավարության որոշումը, այսինքն` նախագծվող օբյեկտների ճարտարապետահատակագծային առաջադրանքները և նախագծերի ճարտարապետական մասի էսքիզային լուծումները ո՛չ Շիրակի մարզպետարանի, ո՛չ էլ քաղաքաշինական կոմիտեի համաձայնեցմանը չի ներկայացրել, այդուհանդերձ, շարունակում է կանաչ գոտում խանութաշինությունը։ Այն նոր թափ է առել՝ կարծես րոպե առաջ ուզում են ավարտին հասցրած լինել։
Նշենք, որ այս թեման մի քանի օր առաջ շոշափվեց նաև Շիրակի մարզ այցելած ՀՀ Բնապահպանության նախարարության բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի ղեկավար Եղիշ Տերտերյանի ներկայությամբ, որը, սակայն, խնդրին անծանոթ էր։ Լրագրողներից մեկը՝ Անահիտ Հարությունյանը, որն այդ թաղամասի բնակիչներից է, նեղվեց, թե «Մուշ թաղամասը գտնվում է քաղաքային աղբանոցներում ու փոխանակ տարածքը կանաչապատվի, օդային ավազանը մաքրվի․ 12 հազար բնակիչ ունի, մի բան էլ կանաչ տարածք են ոչնչացնում, 2-3 տարեկան ծառերն են կտրում, որպեսզի խանութ կառուցեն։ Բնակիչները շնչում են թունավոր օդը»։
Ըստ Անահիտ Հարությունյանի, մարզպետարանում դա կանաչ գոտի է, քաղաքապետարանում չգիտես ինչ գոտի է, իսկ բնապահապանական տեսչությունն այդպես էլ չարձագանքեց։ Եղիշ Տերտերյանն ասաց, որ իրենց կառույցը նորաստեղծ է, սակայն հավաստիացրեց, որ ցանկացած բնապահպանական իրավախախտում անհետևանք չի մնա։ «Ձեզ հավատացնում ենք», -ասաց պաշտոնյան, որին ի պատասխան՝ լրագրողը հետաքրքրվեց՝ իսկ համաձայնեցումնե՞ր չեն լինի։ «Ինչպիսի՞»,- հարցրեց Եղիշ Տերտերյանը, որին լրագրողը խորհրդավոր տոնով պատասխանեց․«Չգիտեմ»։ Պաշտոնյան խոստացավ ուսումնասիրել թեման։ Ու մինչ թեման ուսումնասիրվում է՝ առանց համապատասխան համաձայնեցումների խանութաշինությունը շուտով ավարտին է մոտենում։
Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ