Կառավարությունը վաղը նիստում քննարկելու է պաշտպանության նախարարության համակարգի՝ հաշմանդամության զինվորական կենսաթոշակի իրավունք ունեցող նախկին զինծառայողների եւ զոհված (մահացած) զինծառայողների ընտանիքների բնակարանային ապահովության կարգը փոփոխելու հարցը:
Այս մասին տեղեկանում ենք նիստի օրակարգից: Պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանի ներկայացմամբ, այսուհետ վերոնշյալ անձանց բնակարանային խնդիրները կլուծվեն սեփականության իրավունքով անհատույց բնակարան կամ բնակարանի գնման վկայագրով անհատույց պետական ֆինանսական աջակցություն տրամադրելու միջոցով:
Վկայագիրն անվանական փաստաթուղթ է, որը հավաստում է վկայագիր ստացած անձի կողմից ցանկացած ֆիզիկական կամ իրավաբանական անձանցից պատրաստի բնակարանի (բնակելի տան) ձեռքբերման համար անհատույց պետական ֆինանսական աջակցություն ստանալու իրավունքը:
Վիգեն Սարգսյանն այս փոփոխությունը պայմանավորում է պաշտպանության նախարարության համակարգի՝ հաշմանդամության զինվորական կենսաթոշակի իրավունք ունեցող նախկին զինծառայողների եւ զոհված (մահացած) զինծառայողների ընտանիքների բնակարանային ապահովության գործող ընթացակարգն առավել դյուրինացնելու անհրաժեշտությամբ:
Գործող կարգի համաձայն, սույն անձանց բնակարանային պայմանների բարելավման գործընթացն իրականացվել է միայն սեփականության իրավունքով անհատույց բնակարան տրամադրելու միջոցով, ինչը, ՊՆ-ի ղեկավարի հավաստմամբ, պրակտիկայում հանգեցրել է խնդիրների՝ անհրաժեշտ քանակությամբ բնակարանների բացակայության պատճառով:
Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ