Այսօր Երեւանի ավագանու նիստում «Ելք» խմբակցությունն առաջարկեց մի շարք փողոցներ անվանափոխել: «Ելքն» առաջարկեց Ամիրյան փողոցը վերանվանել Վռամշապուհով, Կասյանը՝ Վազգեն Առաջին Վեհափառի, Լենինգրադյանը՝ Լեոնիդ Ազգալդյանի, Շենգավիթ վարչական շրջանի Ֆրունզեի փողոցն անվանակոչել Ապրիլյան հերոսների անվամբ, Դավիթաշեն վարչական շրջանի Անաստաս Միկոյանի (Երեւան-Եղվարդի խճուղին՝ սկսած Դավիթաշենի կամրջից մինչեւ Դավիթաշեն համայնքի վարչական տարածքի վերջը) փողոցն անվանափոխել հայ մեծ բարերար Քըրք Քըրքորյանի անվամբ։
Երեւանի ավագանու քվեարկությամբ «Ելքի» այս առաջակները մերժվեցին: Սակայն, ՀՀԿ խմբակցությունն ու քաղաքապետ Տարոն Մարգարյանը նաեւ պարզաբանեցին, թե՝ դեմ չեն Վազգեն առաջինի անվամբ փողոց անվանակոչել, բայց ոչ Կասյանը, այլ՝ ավելի լավ վայրում եւ դրա համար անհրաժեշտ է Մայր Աթոռի գրավոր համաձայնությունը:
Այսօր Երեւանի ավագանին նաեւ որոշում ընդունեց, ՀՀԿ խմբակցության առաջարկով Լեոնիդ Ազգալդյանի անվամբ Կենտրոն վարչական շրջանի Սարալանջի փողոցից մինչեւ Լեռ Կամսարի փողոցն ընկած ճանապարհահատվածը /հ. 30/3 շենքի հարող հատված/ անվանակոչել: Հիշեցնենք, որ Աջակցենք սահմանամերձ բնակավայրերին նախաձեռնությունը
Ազգալդյանի անունով Սարալանջի փողոցը անվանակոչելն անընդունելի է համարել, պնդելով՝ այդ փողոցը 4-րդական կարեւորության փողոց է:
«Ելք» խմբակցության անդամ Ալեն Սիմոնյանը ՀՀԿ խմբակցությունից հետաքրքրվեց՝ արդյոք Ազգալդյանի համար ճիշտ փողոց են ընտրել, պատասխանը մի քանի անգամ հնչեց՝ «Այո»:
Մանրամասն՝ տեսանյութում
https://www.youtube.com/watch?v=B-Cuq7pxX8Y&feature=youtu.be
Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը փողոցների անվանափոխության վերաբերյալ լրագրողների հետ զրույցում ասաց. «Մենք բոլոր կռված տղաների, ապրիլյան հերոսների հիշատակը վառ ենք պահում, քառօրյային ունեցանք զոհեր, որոնց անունով դպրոցներ, դասարաններ անվանակոչեցինք, հուշաքարեր տեղադրեցինք: Ապրիլյան հերոսների անունով փողոց անվանակոչելը…մենք պետք է անհատական անուններով անվանակոչենք, ոչ թե խմբավորված»:
Մանրամասն՝ տեսանյութում
Այս առնչությամբ էլ Մարգարյանն ասաց, որ այս փողոցը Ազգալդյանի անվամբ անվանակոչելուն դեմ չեն Ազգալդյանի քույրն ու նրա զինակից ընկերները:
Մանրամասն՝ տեսանյութում
Նելլի ԲԱԲԱՅԱՆ