Հայաստանի սպառողների ազգային ակադեմիայի նախագահ Մելիտա Հակոբյանը մտահոգված է՝ դեղերի շուկայում այնպիսի իրավիճակ է, որ մարդկանց կյանքի հաշվին առևտուր են անում:
«Սիրելի հայրեր և մայրեր, եթե ուզում եք պատվաստել ձեր երեխային, ապա տարեք և պատվաստեք, դա կամավոր սկզբունքով է, դուք կարող եք և հրաժարվել։ Եթե պատվաստեք, հիշեք, որ, եթե հետագայում ինչ-որ բան լինի ձեր աղջկա հետ, ապա պատասխանատուն լինելու եք դուք։ Պարզապես տարին երկու անգամ ձեր երեխային տարեք ստուգման, հատուկ ստուգման ձևեր կան: Ամբողջ դեղեր արտադրող գիգանտների շահույթն արդեն մի քանի անգամ գերազանցում է նարկոբիզնեսից ստացվող եկամուտը։ Այնպես որ, սա ուղղակի բիզնես է, և երրորդ երկրների վրա են դա կատարում»,- այսօր «Հայելի» ակումբում ասաց Մելիտա Հակոբյանն՝ անդրադառնալով «գարդասիլի» պատվաստումներին։
Նա պատմեց, որ երեկ է զրուցել Ստավրոպոլի իր գործընկեր- փորձագետների հետ. «Ասացին, որ այնտեղ մանկատներում են «Գարդասիլը» փորձարկում, դա խայտառակություն է»:
Ըստ նրա՝ խորհրդային տարիներին էլ էին երեխաներին պատվաստում, բայց այն ժամանակ ծնողը կասկածներ չուներ պատվաստանյութի որակի վրա. «Մենք անում էինք պատվաստումներ, բայց այն ժամանակվա պատվաստանյութերը հազար ձևի փորձարկման ենթարկված, ճագարների, ծովախոզուկների, մկների վրա հազար ու մի ձևի փորձարկումներ էր կատարվում, տարիներ անց նոր մտնում էր օգտագործման մեջ»։
Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ