Ռուսաստանի Կորոլյով քաղաքում ադրբեջանցի մրգավաճառը փորձել է ինքնահրկիզվել՝ որպես բողոքի նշան ոստիկանական կամայականությունների դեմ:
«Մոսկովսկիյ կոմսոմոլեց»-ի տվյալներով՝ ծնունդով ադրբեջանցի Ռովշան Ալլահվերդիևը մի քանի տարի առաջ տեղափոխվել է Ռուսաստան և զբաղվում էր բիզնեսով՝ մրգերի ու բանջարեղենի վաճառքով: Նշվում է, որ առևտրականը հայտնվել է ոստիկանության աշխատակիցների ուշադրության կենտրոնում, և նրանք ամեն ամիս նրանից որոշակի գումար են պահանջել: Հերթական անգամ, երբ իրավապահները պահանջել են ներքին համաձայնությամբ պահանջված գումարը, Ռովշանը հրաժարվել է այն վճարել: Նրանց միջև վեճ է սկսվել:
5 րոպե հետո փոխգնդապետի նյարդերը չեն դիմացել. Ձեռքի պլաստիկ շշի պարունակությունը նա դատարկել է Ռովշանի և նրա մթերքի վրա: Այս անգամ տեղի են տվել ադրբեջանցու նյարդերը, և նա ինքնահրկիզվել է:
Առևտրականին տեղափոխել են հիվանդանոց, այժմ բժիշկները պայքարում են նրա կյանքի համար: Ոստիկանների դեմ հարուցվել է քրեական գործ՝ «պաշտոնական լիազորությունները չարաշահելու» հոդվածով, նրանց սպառնում է մինչև 10 տարվա ազատազրկում:
Պատրաստեց՝ Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ