«Սամվել Բաբայանին մեկուսացնելով՝ ծանր հարված հասցվեց ՕՐՕ դաշինքի ընտրարշավին, ձախողվեց ընտրարշավը»,- այսօր «Հայելի» ակումբում նման կարծիք հայտնեց հասարակական գործիչ Ազատ Արշակյանը:
Ըստ նրա՝ Բաբայանին մեկուսացնելը աննպատակ չէր. «Նպատակ կար չէ՞, ակնհայտ մի բան տեղի ունեցավ, ՕՐՕ դաշինքը պարտվելով՝ Հայաստանի ԱԺ-ից դուրս մնացին երկու արեւմտահայ քաղաքական գործիչ եւ շատ նախկին զինվորականներ, թիրախը նախկին զինվորականների հայտնվելն էր ԱԺ-ում եւ հայրենադարձ սփյուռքահայերին քաղաքական ասպարեզից հեռացնելը: Այդ օպերացիան հաջող անցավ, ՕՐՕ-ն խաղից դուրս մնաց Սամվել Բաբայանին մեկուսացնելու հետեւանքով»:
Իսկ ովքե՞ր շահեցին այս ամենից, ըստ Ազատ Արշակյանի. «Շահեցին բանակից խուսափածները…գավառամիտները զբաղեցրին արեւմտահայ գործիչների տեղը, Րաֆֆի Հովհաննիսյանին ու Վարդան Օսկանյանին դուրս թողնելով՝ եվրասիական գործիչներին ներգրավեցին: Շատ հնարավոր է, որ Սամվել Բաբայանին ու նրա ընկերներին իներցիայով դատապարտեցին, բայց մի որոշ ժամանակ անց ազատ կարձակեն, որովհետեւ իրենք իրենց նպատակին արդեն հասել են, իսկ նպատակը ԱԺ-ում պատեհապաշտների խմբով ապահովելն էր»:
Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ