Լրահոս
Օրվա լրահոսը

Իրանի արտգործնախարարի այցը Հայաստան-ԵՄ համաձայնագրի կնքման ֆոնին էր

Նոյեմբեր 29,2017 17:40

Իրանագետ Արտյոմ Տոնոյանի կարծիքով, Իրանի պատվիրակության այցը Հայաստանի համար մեծ նշանակություն ունեցավ, քանի որ հանդիպման ժամանակ արտգործնախարար Մոհամադ Զարիֆն իր հայտարարությունում նշել է, որ Հայաստանի հետ հարաբերությունների խորացումը Իրանի արտաքին քաղաքականության առաջնահերթություններից է։

Այսօր պարոն Տոնոյանը «Հենարան» մամուլի ակումբում ասաց, որ Իրանի արտգործնախարարի հայտարարությունը կարեւոր ուղերձ է, քանի որ Հարավկովկասյան տարածաշրջանում Իրանի Իսլամական Հանրապետությունը Հայաստանի հետ հարաբերությունները դիտարկում է որպես իր արտաքին քաղաքականության առաջնահերթ քայլերից մեկը: Ըստ նրա, Մոհամադ Զարիֆի այն հայտարարությունը, որ Հայաստանը Իրանի համար լավ բարեկամ եւ հարեւան է, կարեւոր ուղերձ էր Ադրբեջանին, որը փորձում է ճնշել Իրանի Հանրապետությանը, կապված Լեռնային Ղարաբաղի հակամարտության հետ, շեշտելով շիականության գործոնը։

Մոհամադ Զարիֆի այն հայտարարությունը, թե Իրանը գնահատում է Հայաստանի ջանքերը տարածաշրջանում խաղաղության եւ կայունության պահպանման գործում, փորձագետի խոսքով՝ սա արդեն հասցեական ուղերձ էր Ադրբեջանին. «ԼՂՀ հակամարտության հետ անընդհատ ադրբեջանական քարոզչամեքենան փորձում է Հայաստանին ներկայացնել որպես ագրեսոր եւ օկուպանտ։ Արտգործնախարարի հայտարարությունների նկատմամբ Ադրբեջանի խորհրդարանը անտարբեր չմնաց։ Որոշ պատգամավորներ հայտարարեցին, որ Մոհամադ Զարիֆի այդ հայտարարությունը ադրբեջանական հասարակության համար ապշեցուցիչ է, քանի որ գնահատվում են մի երկրի ջանքեր, որը ամբողջովին հակառակ գործընթաց է կատարում տարածաշրջանում, շեշտելով ԼՂՀ-ի «օկուպացիան» եւ Խոջալուի դեպքերը»։

Արտյոմ Տոնոյանը պատահական չի համարում այս շրջանում արտգործնախարարի այցը Հայաստան, պարզաբանելով, որ Հայաստան-ԵՄ համաձայնագիր է կնքվել եւ Հայաստանը պետք է ստեղծված հնարավորությունը օգտագործի եւ Իրանի համար կամուրջ հանդիսանա դեպի ԵԱՏՄ եւ ԵՄ. «Հայաստանը ֆորմալ առումով տարածաշրջանում միակ երկիրն է, որը կարող է առաջարկել Իրանին կառուցել իր տնտեսական եւ առեւտրային հարաբերությունները ԵՄ-ի եւ ԵԱՏՄ-ի հետ»։

Ասուլիսին ներկա իրանագետ Ահարոն Վարդանյանն էլ նշեց, որ Իրանը շեշտում է այն, որ պետք է Հայաստանը կամուրջ հանդիսանա ԵՄ-Ի եւ ԵԱՏՄ դաշտ մտնելու համար. «Հայաստանը Իրանի համար դառնում է դեպի եվրոպական շուկա դուրս գալու հիանալի ճանապարհ, որովհետեւ մենք ունենք համապատասխան պայմանագիրը եւ համաձայնագրի շրջանակում Իրանը կփորձի անպայման զարգացնել հարաբերությունները եվրոպական շուկայի հետ»։

Անդրադառնալով Իրանի եւ Հայաստանի միջեւ տնտեսական հարաբերություններին, փորձագետները նշեցին, որ այցի ընթացքում քննարկվել են էներգիային, մշակույթին, կրթությանը, ազատ առեւտրի տնտեսական գոտու եւ տրանսպորտի տարանցիկ ուղիների զարգացմանը, իրանական ներդրողների՝ Հայաստանում ներդրումներ անելու վերաբերյալ թեմաներ։

 Արփինե ԲԱՂԴԱՍԱՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930