«Կարնեգի» հիմնադրամի մոսկովյան կենտրոնի կայքում հրապարակվել է ռուս քաղաքագետ Սերգեյ Մարկեդոնովը հոդվածը ««Եվ-և»-ի հաղթանակը. ինչպես է Հայաստանին հաջողվում համատեղել եվրոպական և եվրասիական ինտեգրացիան» վերտառությամբ:
Նոյեմբերի 24-ին Արևելյան գործընկերության գագաթնաժողովին Հայաստանը Եվրոպական միության հետ ստորագրեց Համապարփակ և ընդլայնված գործընկերության մասին պայմանագիր: Մինչև վերջին պահը այդ իրադարձության շուրջ լարվածությունը պահպանվում էր: 4 տարի առաջ՝ 2013թ. Արևելյան գործընկերության գագաթնաժողովին նախօրեին, Երևանը հրաժարվեց ստորագրել ԵՄ-ի հետ Ասոցացման համաձայնագիրը, իսկ նախագահ Սերժ Սարգսյանը, այցելելով Մոսկվա, հայտարարեց, որ Հայաստանն անդամակցում է Մաքսային միությանը՝ ավելի ուշ դառնալով Եվրասիական տնտեսական միության (ԵԱՏՄ) անդամ: Այժմ Հայաստանը միաժամանակ անդամակցում է և՛ ԵԱՏՄ-ին, և՛ ՀԱՊԿ-ին, և շրջանակային համաձայնագիր ունի ԵՄ-ի հետ: Ինչու՞ 4 տարվա վաղեմության սցենարը չկրկնվեց նոր ձևով: Եվ ո՞րն է գաղտնիքը, որ Երևանին հաջողվեց խուսափել Ուկրաինայի և Վրաստանի խնդրից և բարեհաջող անցնել «ինտեգրացիայի ինտեգրացիան»:
Դիվերսիֆիկացիայի տարածություն
Վերջին տարիներին, հատկապես ուկրաինական ճգնաժամի ազդեցության տակ, հետխորհրդային տարածքում ցանկացած արտաքին քաղաքական իրադարձություն սիրում են դիտարկել որպես ընտրություն Արևմուտքի և Ռուսաստանի միջև: Հաճախ հենց այդ ընտրությունը մատուցվում է որպես մրցակցություն արժեքների տարբեր համակարգերի միջև և անգամ «քաղաքակրթական ինքնորոշում»:
Միաժամանակ, Անդրկովկասում արտաքին քաղաքականությունը կառուցվում է բոլորովին ոչ մանիքեական սկզբունքներով: Հետխորհրդային տարածության այս հատվածում նկատվում է տարածաշրջանային ինտեգրացիայի պակաս: Չլուծված էթնոքաղաքական հակամարտությունների պատճառով երեք կովկասյան հանրապետություններն էլ (Հայաստան, Ադրբեջան, Վրաստան) գործնականում ոչ մի ընդհանուր ինտեգրացիոն նախագծեր չունեն: Այս հանրապետությունները փորձում են կապերը հարմարեցնել արտաքին խաղացողների հետ՝ հիմնվելով իրենց ազգային շահերի պաշտպանության վրա: Ուստի, արտաքին քաղաքական դիվերսիֆիկացիան այստեղ ոչ թե բացառություն է, այլ նորմա:
Նույն Հայաստանն ունի Ռուսաստանի հետևողական դաշնակցի համբավ: Նա ոչ միայն մասնակցում է եվրասիական ինտեգրացիոն նախագծերին: Նրա տարածքում՝ Գյումրիում, տեղակայված է ռուսական 102-րդ ռազմաբազան, իսկ ռուս սահմանապահներն իրենց հայ գործընկերների հետ ապահովում են պետական սահմանի արտաքին գծի պաշտպանությունը: Սակայն այդ ամենը չխանգարեց Երևանին մասնակցել ԵՄ հովանու ներքո այնպիսի նախագծերի, ինչպիսիք են «Եվրոպական հարևանության քաղաքականությունը» և Արևելյան գործընկերությունը համապատասխանաբար 2004թ. և 2009թ.:
2005թ. հունիսին ՆԱՏՕ-ն և Հայաստանը համաձայնեցրին Գործընկերության անհատական պլանը: Այդ պլանը թարմացվում է և հաստատվում 2 տարին մեկ անգամ: Վերջին՝ 5-րդ պլանը համաձայնեցվել է 2017թ. ապրիլին նոր՝ երկամյա ժամկետով: Հայ զինծառայողները մասնակցություն են ունեցել ՆԱՏՕ-ի հովանու ներքո գործողությունների Կոսովոյում, Իրաքում և Աֆղանստանում:
Բացի այդ, Երևանը փորձում է համագործակցություն ձևավորել հարևան երկրների՝ Իրանի և Վրաստանի հետ: 4 սահմաններից 2-ը (Ադրբեջանի և Թուրքիայի հետ) փակ են, մնում են Իրանը և Վրաստանը՝ որպես արտաքին աշխարհի հետ կապող երկու պատուհան: Վրաստանի տարածքով է անցնում հայկական արտահանման ու ներմուծման մոտ երկու երրորդը:
Առաջին հայացքից Վրաստանը գտնվում է Հայաստանի հակառակ արտաքին քաղաքական բևեռում: 2008թ. սեպտեմբերին նա խզեց դիվանագիտական հարաբերությունները Ռուսաստանի հետ, քանի որ Մոսկվան ճանաչեց Աբխազիայի և Հարավային Օսիայի անկախությունը: Բացի այդ, Վրաստանը ոչ միայն հայտարարեց, որ մտադրություն ունի անդամակցել ՆԱՏՕ-ին, այլև հանրաքվե անցկացրեց այդ հարցի վերաբերյալ: Վերջապես 2014թ. Վրաստանը ստորագրեց ԵՄ-ի հետ Ասոցացման համաձայնագիրը:
Սակայն այդ ամենը դեռ չի նշանակում, որ Թբիլիսին չի փորձում դիվերսիֆիկացնել իր արտաքին կապերը: 2017թ. նոյեմբերին Վրաստանի խորհրդարանը վավերացրեց Չինաստանի հետ ազատ առևտրի մասին պայմանագիրը: Անդրկովկասում սա Չինաստանի հետ նմանատիպ պայմանագրի ստորագրման առաջին դեպքն է: Չինաստանի հետ բանակցություններն ընթանում էին մեկուկես տարի, իսկ համաձայնագրի նկատմամբ հետաքրքրությունը պարզ է. Թբիլիսին ակնկալում է ներդրումներ ներգրավել և ընդլայնել առևտրային կապերը, ինչը հատկապես կարևոր է ԵՄ-ի հետ առևտրի ծավալների նկատվող անկման պայմաններում:
Այս շարքին կարելի է դասել նաև անցյալ տարվա Թբիլիսիի որոշումը՝ վերսկսել վիզաների չեղարկման համաձայնագիրն իրանցիների համար և Վրաստանի դեսպանատուն բացել Բելառուսում: Երկու երկրների հետ էլ Թբիլիսին փորձում է զարգացնել տնտեսական համագործակցություն:
Անգամ ռուսական ուղղությամբ Վրաստանը դրսևորում է որոշակի հետաքրքրություն՝ չնայած Աբխազիայի և Հարավային Օսիայի հարցերով տարաձայնություններին: Դա վերաբերում է և՛ տնտեսությանը (կուլիսներում Վրաստանի շատ դիվանագետներ և փորձագետներ դժգոհություն են հայտնում, որ իրենց երկիրը միակողմանի կախվածություն է ձեռք բերում Ադրբեջանից և Թուրքիայից, իսկ Ռուսաստանի հետ բիզնես կապերը դիտվում են որպես հակակշիռ), և՛ անվտանգության ոլորտին, հատկապես Թբիլիսի ահաբեկչական խմբավորման ներխուժման վերջին միջադեպից հետո:
Այլ բան է Ադրբեջանը: Այս երկիրը, որն Անդրկովկասում ունի ամենաամուր տնտեսական դիրքը և կարևոր էներգետիկ դերակատարի հեղինակություն, զերծ է մնում ինտեգրացիոն նախագծերին ուղղակի մասնակցությունից՝ լինի դա եվրոպական, թե եվրասիական: Բաքուն իրեն դիրքավորում է որպես դաշնակից և՛ Ռուսաստանի, և՛ ԵՄ առանձին երկրների (հատկապես արևելաեվրոպական), և, ընդհանուր առմամբ Եվրամիության համար: Չստորագրելով շրջանակային համաձայնագիր Բրյուսելի հետ՝ Ադրբեջանը, այնուամենայնիվ, չի խզում կապերն Արևելյան գործընկերության հետ:
Բաքուն նաև զգուշորեն հավասարակշռում է հարաբերությունները Իրանի, Իսրայելի և Պաղեստինի Ազգային Ինքնավարության հետ՝ յուրաքանչյուրի հետ ձևավորելով իր հարաբերությունները: Նույն Իսրայելն Ադրբեջանին մատակարարում է սպառազինություն: Չհայտարարելով ՆԱՏՕ-ին անդամակցելու մասին՝ Ադրբեջանն իր ռազմավարական դաշնակից է համարում ՆԱՏՕ-ի անդամ Թուրքային: Թուրք զինվորականներն էլ ոչ պակաս ներդրում են ունենում ադրբեջանական բանակի սպառազինման և սպայական կազմի պատրաստման գործում:
Կովկասյան երկրների արտաքին գործընկերները չեն սահմանափակվում միայն տարածաշրջանում: Հենց գլխավոր պատճառներից մեկը, որ Հայաստանը հարաբերություններ է զարգացնում ոչ միայն Ռուսաստանի, այլև Արևմուտքի հետ, ռուս-ադրբեջանական ռազմատեխնիկական համագործակցությունն է: Այդ հարցին լրացուցիչ սրություն են հաղորդում 2016թ. ապրիլի իրադարձությունները, երբ Բաքուն փորձեց խախտել Լեռնային Ղարաբաղում ստատուս-քվոն:
Ընտրության գինը
Այսպիսով, Անդրկովկասի երկրների արտաքին քաղաքական ձգտումները (և Հայաստանն այստեղ բացառություն չէ) թելադրվում են ոչ այնքան վերացական արժեքներով, որքան միանգամայն հստակ պրագմատիկ նկատառումներով: Հիշեցնեմ, Վրաստանը 1993-1994թթ. անդամակցել է ԱՊՀ-ին, ինչպես նաև համաձայնություն է տվել իր տարածքում տեղակայել ռուսական ռազմաբազա և անգամ սահմանապահներ: Եվ միայն Աբխազիան ու Հարավային Օսիան Ռուսաստանի օգնությամբ վերադարձնելու հույսը կորցնելուց հետո Էդուարդ Շևարդնաձեի շուրթերով հայտարարեց, որ պատրաստ է «թակել ՆԱՏՕ-ի դուռը»:
Հայաստանի հետաքրքրությունը ԵՄ-ի նկատմամբ դատարկ տեղը չի առաջացել. 2017թ. առաջին կեսին ԵՄ երկրներին է բաժին ընկել հայկական արտահանության մոտ մեկ երրորդը և ներմուծման գրեթե կեսը: Բացի այդ, Երևանը ԵՄ-ը տեսնում է որպես կարևոր գործընկեր նոր տեխնոլոգիաների զարգացման ոլորտում: Գիտակցելով՝ որքան կարևոր են Բրյուսելի համար կապերը Թուրքիայի և Ադրբեջանի հետ, Հայաստանը փորձում է թույլ չտալ, որպեսզի Անկարան և Բաքուն մենաշնորհ սահմանեն Եվրոպայում ղարաբաղյան հիմնահարցի վրա: Ընդ որում, Ֆրանսիան, որն ունի մեկ միլիոնանանոց հայկական սփյուռք, ԱՄՆ-ի և Ռուսաստանի հետ համանախագահում է ԼՂ կարգավորմամբ զբաղվող ԵԱՀԿ Մինսկի խմբում:
Միաժամանակ, ո՛չ ԵՄ-ը, ո՛չ ՆԱՏՕ-ն Հայաստանին չեն տալիս անվտանգության այն երաշխիքները, որն այսօր և այստեղ ապահովում է Ռուսաստանը. սկսած Թուրքիայի հետ սահմանին տեղակայված բազայից մինչև մասնակցություն ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործում: Ռուսաստանի այդ դերը գրեթե անվերապահորեն ճանաչում են նաև ԵԱՀԿ Մինսկի խմբի արևմտյան գործընկերները:
2013թ. ԵՄ-ի հետ Ասոցացման համաձայնագիրը ստորագրելուց հրաժարվելը, որպես կանոն, մատուցվում է որպես Մոսկվայի կողմից ճնշման արդյունք: Բայց այստեղ կան կարևոր նրբություններ: Նախագահ Սարգսյանի որոշումը կշռվում էր բազմաթիվ նժարների վրա: Մի կողմից, ԵՄ-ն ընդհանուր առմամբ և նրա առանձին ներկայացուցիչներ (հատկապես ակտիվ էր այն ժամանակվա Լեհաստանի նախագահ Բրոնիսլավ Կոմորովսկին) պնդում էին, որ Ասոցացման համաձայնագիրը Հայաստանի համար կփակի ճանապարհը դեպի եվրասիական ինտեգրացիոն նախագծեր: Մյուս կողմից, Երևանի նախապատրաստական աշխատանքները Արևելյան գործընկերության գագաթնաժողովին ծավալվում էին ուկրաինական ճգնաժամի ֆոնին, երբ Մոսկվան դեռ դիտարկում էր Կիևը՝ որպես Մաքսային միության պոտենցիալ մասնակից:
Որոշ առումով Հայաստանի դեպքը դարձավ ուկրաինական ճգնաժամի նախերգանքը՝ նախազգուշական ազդանշան, որը պետք էր անհրաժեշտ կերպով վերլուծվեր և հաշվի առնվեր: Մաքսիմալիստական «կամ-կամ» մոտեցումը հաշվի չէր առնում հետխորհրդային պետություններում և հասարակություններում իրավիճակի ողջ բարդությունը: Հայաստանի դեպքում Ռուսաստանից անջատումը առանց անվտանգության ոլորտում համապատասխան փոխհատուցման միգուցե երկրին կբերեր որոշակի տնտեսական շահ, բայց չէր երաշխավորում Երևանի դիրքերի պահպանում Ղարաբաղի հարցում և Թուրքիայի հետ հարաբերություններում: Այդ պատճառով էլ ընդունվեց Մաքսային միությանը, հետո նաև ԵԱՏՄ-ին անդամակցելու որոշումը: Երկու մաքսիմալիզմի արանքում Երևանն ընտրեց ռուսականը՝ որպես առավել հուսալի երկրի անվտանգության համար: Հայաստանում տարածված կատակ կա. ԵՄ-ի և Մաքսային միության միջև Հայաստանն ընտրեց ՀԱՊԿ-ը:
Կարելի է անվերջ ապացուցել, որ Երևանի և Մոսկվայի միջև երկկողմ հարաբերություններն ավելի կարևոր են բոլոր եվրասիական ինտեգրացիոն միավորումներից միասին վերցրած: Բայց քանի որ ՌԴ ղեկավարության համար եվրասիական ինտեգրացիան կարևորագույն առաջնահերթություն է, թող որ գերագնահատված, այդ փաստն արհամարհել չէր կարող և ոչ մի հայ նախագահ: Պատահական չէ, որ Հայաստանի առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը, որն ունի արևմտամետ գործչի համբավ և այժմ ընդդիմադիր ճակատում է, պաշտպանեց Սերժ Սարգսյանի որոշումը և հայտարարեց, որ «նկատելի ապագայում եվրաինտեգրացիան հնարավոր չէ»:
Այդ դեպքում ինչու՞ հիմա հնարավոր դարձավ Հայաստանի և ԵՄ-ի միջև շրջանակային համաձայնագրի ստորագրումը: Այստեղ Հայաստանի կողմից ոչ մի երկրորդ փորձի մասին խոսք չկա: «Համապարփակ և ընդլայնված գործընկերության» մասին փաստաթղթի ստորագրումը չի ենթադրում ազատ առևտրի գոտու ստեղծում: Անգամ ֆորմալ-իրավական տեսանկյունից Հայաստանը, անդամակցելով ԵԱՏՄ-ին, չի կարող նման գոտի ստեղծել ԵՄ-ի հետ՝ շրջանցելով եվրասիական համակարգող կենտրոնները: «Հենց այդ կետի բացակայության պատճառով էլ Հայաստանի փորձագետների որոշակի հատված քննադատաբար է տրամադրված այս փաստաթղթի նկատմամբ՝ այն համարելով իմիտացիոն»,- արդարացիորեն փաստում է քաղաքագետ Արեգ Գալստյանը:
2013թ. իրադարձությունների հնարավոր կրկնության մասին խոսակցություններն այժմ թվում են չափազանցություն: Այս փաստաթուղթը նախապատրաստվում էր առնվազն 2015թ.-ից և բազմիցս քննարկվել է և՛ Ռուսաստանի հետ, և՛ ԵԱՏՄ ձևաչափով: Պաշտոնական կառույցների ներկայացուցիչները (ՌԴ ԱԳՆ, Եվրասիական տնտեսական հանձնաժողով) բազմիցս նշել են, որ նոր փաստաթուղթը չի հակասում Հայաստանի մասնակցությանը ինտեգրացիոն նախագծերին՝ Մոսկվայի հովանու ներքո:
Շրջանակային համաձայնագրի ստորագրումը հնարավոր դարձավ շնորհիվ «կամ-կամ» տխրահռչակ ընտրությունից հրաժարվելու: Հենց այստեղ է պետք փնտրել ձեռք բերված հաջողության պատճառը: Դա վկայությունն է այն բանի, որ ներկայում անվտանգության ռուսական հովանին այլընտրանք չունի Հայաստանի համար: Բայց միաժամանակ Երևանի համար կարևոր է տնտեսական և արտաքին քաղաքական դիվերսիֆիկացիան (այդ թվում ԵՄ-ի հետ կապերի միջոցով): Հակառակ դեպքում նրա մեկուսացման ծախսերը կընկնեն Մոսկվայի ուսերին, ինչը հազիվ թե նպաստի Կովկասում Ռուսաստանի դիրքերի ամրապնդմանը:
Իսկ հիմա Բրյուսելի հետ շրջանակային համաձայնագրի շնորհիվ Երևանը կարող է դառնալ լրացուցիչ հարթակ Ռուսաստանի և ԵՄ-ի միջև երկախոսության համար: Նման դերով Հայաստանն արդեն հանդես է եկել Ռուսաստանի և Վրաստանի միջև հարաբերություններում՝ 2009թ. Կազբեկ-Վերին Լարս անցակետի բացման բանակցությունների ժամանակ:
Իհարկե, այս իրավիճակում էլ ամեն ինչ լիարժեք բարենպաստ չէ: Օրինակ, Հայաստանի և ԵՄ-ի միջև համաձայնագրի տեքստում կա կետ Մեծամորի ատոմակայանի փակման մասին, որն ապահովում է երկրի էներգասպառման շուրջ 40 տոկոսը: Այստեղ «Եվրաատոմի» լոբբիստական շահերն առավել քան նկատելի են: Այդ կառույցը ԵՄ-ի և նրա անդամ երկրների հետ իր ստորագրությունն է դրել փաստաթղթի տակ: Նշանակում է, հնարավոր է նոր շահերի բախում, չնայած էներգետիկայի հարցով փորձագետները խոսում են «Ռոստամոտի» և «Եվրաատոմի» համագործակցության մեջ որոշակի դրական աշխատանքների մասին: Նշանակում է, հնարավոր է փոխզիջման տարբերակ լինի:
Ժամանակին Հայաստանի և ԵՄ-ի միջև Ասոցացման համաձայնագրի տապալումը դարձավ ապագա ուկրաինական փոթորիկի նախագուշակ: Այժմ նմանատիպ փաստաթուղթ ստորագրվել է: Իհարկե, շատ միամիտ կլիներ դրանում տեսնել Ռուսաստանի և ԵՄ-ի մինչև հարաբերությունների կարգավորում հետխորհրդային տարածությունում, բայց խորհրդանշական առումով այդ քայլը, այնուամենայնիվ, կարևոր է: Տեղի ունեցավ հրաժարում կոշտ «կամ-կամ» սկզբունքից, քայլ կատարվեց դեպի նոր մոտեցում՝ «և-և»: Բայց մինչև լիարժեք գիտակցում՝ որքան վտանգավոր է արտաքին քաղաքական մանիքեությունը խիստ պառակտված և նոր ձևավորվող հետխորհրդային հասարակություններում, դեռ երկար ճանապարհ կա, ուստի լավատեսական եզրակացություններ անելը վաղ է:
Պատրաստեց՝ Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ