Հայաստանում հոկտեմբերից առաջին անգամ իրականացվում է հեռավար ուսուցում: ՀՀ պետական կառավարման ակադեմիան և ՀՀ ԳԱԱ գիտակրթական միջազգային կենտրոնը ՀՀ ԿԳՆ-ի կողմից իրավունք են ստացել առաջին անգամ ՀՀ-ում իրականացնել մագիստրոսական կրթական ծրագիր` հեռավար ձևաչափով:
«Մեդիա կենտրոնում» հրավիրված քննարկմանը ՀՀ Պետական կառավարման ակադեմիայի ռեկտոր Արսեն Լոքյանը տեղեկացրեց, որ հեռավար կրթություն իրականացվում է գործարար վարչարարություն մասնագիտությամբ: Նա նշեց, թե սկզբից իրենց անհանգստացնում էր այն հարցը՝ արդյոք կկարողանա՞ն հեռավար կրթության տարրերն օգտագործելով՝ ապահովել այն կրթական շեմը ուսանողների համար, որը պահանջվում է:
Այնուհետև նշեց, որ այժմ համոզված են՝ օգտագործելով կրթական տեխնոլոգիաները՝ կկարողանան ճիշտ մատուցել դրանք կրթության ոլորտում:
Խոսելով հեռավար ուսուցման արդյունավետության մասին՝ պարոն Լոքյանը մանրամասնեց. «Հեռավար ուսուցումը, եթե արդյունավետ կազմակերպվի, մի քանի անգամ ավելի արդյունավետ է, քան հեռակա ուսուցումը: Ուսման վարձը 400 հազար դրամ է տարեկան: Այն ավելի քիչ է, քան առկա և հեռակա ուսուցման ձևերով սովորելու դեպքում: Սրանք կարևոր առավելություններ են, որոնք հնարավորություն կտան տանը նստած, աշխատող և հեռվում գտնվող մարդուն ստանալ կրթական ծառայություններ բարձր որակով»:
ՀՀ ԳԱԱ Գիտակրթական միջազգային կենտրոնի տնօրեն Ալբերտ Սարգսյանն էլ փաստեց, որ ներկայումս հեռավար ուսուցմամբ սովորողների կեսից ավելին մարզից ուսանողներն են: Այն մտահոգություններին, թե հեռավար կրթությունը բացառում է դասախոսի հետ շփումը, պարոն Սարգսյանն արձագանքեց. «Մեր հարթակը հնարավորություն տալիս է ստեղծել, այսպես կոչված, վիրտուալ լսարաններ, որտեղ լսարանում նստած են ուսանողներ և դասախոսներ ու կարող են առցանց շփվել միմյանց հետ»:
Նա տեղեկացրեց, որ ընդունելությունը կատարվում է հարցազրույցի միջոցով, ընտրված է միջին շեմ: Այնուհետև վստահեցրեց. «Ուսումնառության ընթացքում պայմաններ են ստեղծվում, որ միջանկյալ և ավարտական քննություններին անձն անպայման ներկա լինի»:
Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ