Հայաստանում, Վրաստանում, Մոլդովայում պետական մարմինները որոշումներ ընդունելու ժամանակ գրեթե հաշվի չեն առնում հաշմանդամություն ունեցող անձանց կարծիքը: Այսօր Sputnik Արմենիա մուլտիմեդիոն մամուլի կենտրոնում այսպիսի տեսակետ հայտնեց «Ունիսոն» հ/կ-ի գործադիր տնօրեն Արմեն Ալավերդյանը` «Որոշումների կայացման ներառականությունը դրանց արդյունավետության երաշխիքն է» թեմայով Հայաստան–Վրաստան–Մոլդովա միջազգային տեսահամաժողովի ժամանակ։
Ըստ նրա, օրինակ` թեքահարթակները կառուցում են առանց հաշվի առնելու` արդյոք հարմա՞ր են հաշմանդամություն ունեցող անձանց համար. «Փոխարենը կարելի է հենց տեղում կառուցման ժամանակ հաշմանդամի կողմից փորձարկել հարմարավետությունը, անվտանգությունը, նոր շարունակել գործընթացը, այսինքն` գոնե հաշմանդամ մարդկանց անմիջականորեն վերաբերվող խնդիրները կարելի է քննարկել հենց գլխավոր «հերոսների» հետ:
Հաջորդ կարեւորագույն խնդիրը` կրթության ոլորտում ուշադրության պակասն է հաշմանդամություն ունեցող անձի նկատմամբ, օրինակ` շատ դպրոցներում հաշմանդամություն ունեցողի առավելությունն այն է, որ նրան տրամադրվում է հավելյալ սնունդ, բայց արդյոք այդ երեխաներին անհրաժեշտ է այդ հավելյալ սնունդը, իսկ միգուցե նրանք ավելի շատ կարիք ունեն հատուկ վերաբերմունքի, մասնագետի, ուշադրության կամ իրենց հնարավորություններին հարմարեցված պայմանների»:
Պարոն Ալավերդյանի համոզմամբ, միջոցներն օգտագործվում են ոչ արդյունավետ: «Հենց այսպիսի մի շարք խնդիրների համար էլ ստեղծվեց «Որոշումների ներառականությունը որպես դրանց արդյունավետության նախապայման» փաստաթուղթը, որը կօգնի հաշմանդամություն ունեցող անձանց անմիջականորեն մասնակցել իրենց իրավունքների հետ կապված բոլոր որոշումների կայացմանը»- ասաց Արմեն Ալավերդյանը:
Անահիտ ՄԱՐԿՈՍՅԱՆ