Տալլինում վերջերս անցկացված գեղասահքի «Tallinn Trophy 2017» միջազգային մրցաշարում Հայաստանը ներկայացրեց մենասահորդ Սլավիկ Հայրապետյանը եւ 23 մասնակիցների մեջ զբաղեցրեց ութերորդ տեղը:
Հայաստանի գեղասահքի ֆեդերացիայի նախագահ Մելանյա Ստեփանյանը գոհ է արդյունքից, քանի որ մրցաշարը վարկանիշային էր եւ բավականին ուժեղ կազմ էր հավաքել:
Հաջորդ շաբաթ՝ դեկտեմբերի 6-ից 9-ը, Թինա Կարապետյան/Սիմոն Պրու Սենեկալ պարային զույգը Զագրեբում կմասնակցի «Golden Spin of Zagreb» միջազգային վարկանիշային մրցաշարին:
Մելանյա Ստեփանյանի խոսքով. «Անաստասիա Գալուստյանը թեթեւ վնասվածք ունի եւ այժմ Մոսկվայում մարզվում է մեղմ ռեժիմով: Մոտակա երկու մրցումները նա բաց կթողնի: Նաստյան շարունակում է պահպանել 2018 թվականի ձմեռային օլիմպիական խաղերում առաջին պահեստայինի կարգավիճակը: Ինչ վերաբերում է Թինային եւ Սիմոին, նրանք հնարավորություն ունեն մեկնելու Փհենչհան: Իսրայելը ներկայացնող պարային զույգը, որն օլիմպիական վարկանիշ է նվաճել, մասնակցության հայտ դեռ չի ներկայացրել»:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ