Ռուսաստանում «Հայաստանի մշակույթի օրերի» շրջանակում Երևանի մնջախաղի պետական թատրոնը «Խաղը» ներկայացումով հանդես եկավ Եկատերինբուրգում, Չելյաբինսկում և Զլատոուստում։ Բոլոր 5 ներկայացումներն անցան լեփ-լեցուն դահլիճներում և արժանացան տեղական հեռուստակայանների, մամուլի բուռն արձագանքին:
Ռուսաստանցի հանդիսատեսը և մասնագետները Երևանի մնջախաղի թատրոնի խաղը գնահատեցին որպես բարձր պրոֆեսիոնալիզմով և ընդգծված ազգային դիմագծով արվեստական երևույթ:
Չելյաբինսկում ներկայացումից անմիջապես հետո հանդիսատեսը պահանջեց հանդիպում ստեղծագործական խմբի հետ։ Մոտ մեկ ու կես ժամ տևած հարց ու պատասխանի ընթացքում թատրոնի գեղարվեստական ղեկավար Ժիրայր Դադասյանը ներկայացրեց հայկական ավանդական թատերական ժանրերը, մասնավորապես, հայկական մնջախաղի առանձնահատկությունները:
Զլատոուստում շուրջ 1000 հանդիսատեսների մեջ էր Չելյաբինսկի մարզի մշակույթի նախարարը, որը Թատրոնին հանձնեց հատուկ շնորհակալագիր։ Քաղաքային իշխանության և կրոնական համայնքների ներկայացուցիչների կողքին հանդիսատեսի մեջ էր նաև Ռուսաստանի հնագույն «Զինագործության ֆաբրիկայի» սեփականատերը, որն այնքան էր տպավորվել ներկայացումից, որ թատերախմբին հրավիրեց 1815թ. հիմնված գործարան և անձամբ անցկացրեց էքսկուրսիա:
Թատրոնը Ռուսաստանից վերադարձավ դրական և ջերմ հիշողություններով: