Լրահոս
COP29-ի հակառակ կողմը
Օրվա լրահոսը

Ջեռուցման շրջանը դիմավորենք պատրաստված և ապահով

Նոյեմբեր 29,2017 16:14

Ձմռանը, երբ սկսվում է ջեռուցման շրջանը, մեծ թիվ են կազմում այն հրդեհները, որոնք առաջանում են տարբեր տեսակի վառելանյութով աշխատող, անվտանգության կասկածելի աստիճանի վառարանների, էլեկտրական ջեռուցիչ սարքավորումների, գազով գործող զանազան սարքերի տեղակայման և շահագործման կանոնների խախտումից, ինչպես նաև` կրակի հետ անզգույշ վարվելու հետևանքով:

Պետք է հասկանալ, որ ցանկացած անզգուշություն, հրդեհային անվտանգության կանոնների պահանջների թեկուզ փոքր անտեսում կամ դրանցից շեղում` լի են անուղղելի հետևանքներով: Որպեսզի այդ վտանգը չդառնա տխուր իրողություն և կանխվի չարիքը, հարկավոր է իրականացնել հրդեհային անվտանգության ապահովմանն ուղղված մի շարք միջոցառումներ:

Էլեկտրատնտեսության անսարքություններից և զանազան էլեկտրաջեռուցիչ սարքերի սխալ շահագործումից առաջացած հրդեհներից խուսափելու համար անհրաժեշտ է պահպանել էլեկտրատեխնիկական և հակահրդեհային մի շարք կանոններ.

-էլեկտրացանցը պետք է մոնտաժեն միայն մասնագետները` համաձայն էլեկտրատեխնիկական և հակահրդեհային նորմերի և կանոնների,

-արգելվում է ժամանակավոր էլեկտրահաղորդագծերի անցկացումը, ինչպես նաև՝ հաղորդալարերը մեխերով ամրացնելը,

-հաղորդալարերի միացումները պետք է կատարել տաք զոդման միջոցով կամ հատուկ սեղմիչների օգնությամբ, իսկ լարերի բաց հատվածները փաթաթել մեկուսիչ ժապավենով,

-էլեկտրական ցանցի ճյուղավորումներն անհրաժեշտ է կատարել պատերի խոռոչներում տեղադրված փոխանցման չայրվող տուփերում, որոնք ծածկվում են կափարիչներով,

-էլեկտրական ցանցը պետք է ապահովված լինի գործարանային ապահովիչներով, որոնք հաշվիչի հետ միասին ամրացվում են չայրվող նյութից պատրաստված տակդիրի վրա, տեղադրվում պատի խոռոչում և ծածկվում չայրվող կափարիչով,

-խստորեն արգելվում է ինքնաշեն ապահովիչների, այսպես կոչված՝ «խծուծալարերի» օգտագործումը,

-արգելվում է ինքնաշեն էլեկտրական սպառիչների օգտագործումը,

-չի թույլատրվում էլեկտրական ցանցին միացնել նորմայից շատ էլեկտրասպառիչներ,

-էլեկտրասպառիչների` էլեկտրական ցանցին միացումներն անհրաժեշտ է կատարել միայն վարդակների, եղանիկների և հատուկ ծայրապանակների օգնությամբ,

-էլեկտրական տաքացման սարքերը պետք է տեղադրել չայրվող հիմքի վրա, իրերից և առարկաներից առնվազն մեկ մետր հեռավորության վրա:

Կարևոր են նաև հրդեհային անվտանգության կանոնները պահպանել թիթեղյա վառարանների հետ առնչվելիս:

Արգելվում է

-վառարանը տեղադրել ելքի-մուտքի ուղիներում և թողնել առանց հսկողության,

-վառարանի գործարկման համար օգտագործել բենզին և այլ դյուրավառ հեղուկներ,

-բնակելի շենքերում ծխահեռացման համար օգտագործել օդափոխման և գազային անցուղիները,

-վառարանը տեղադրել այրվող պատերից, միջնորմներից, ինչպես նաև՝ վառողունակ իրերից ու առարկաներից 1.5 մետրից պակաս հեռավորության վրա: Հորիզոնական ծխնելույզների և սենյակի փայտյա առաստաղի միջտարածությունը պետք է լինի 1 մետրից ոչ պակաս,

-վառարանի գործարկումն առանց 3 սմ հաստության ավազի շերտով լցված մետաղական տակդիրի, որը վառարանի առջևի կողմից պետք է դուրս գա 50 սմ, իսկ կողքերից` 25 սմ: Վառարանի ոտքերը պետք է հատակից բարձր լինեն ոչ պակաս 25 սմ-ից,

-վառարանի ծխնելույզը դուրս բերել տանիք: Ծխատար թիթեղյա խողովակները անհրաժեշտ է երկարացնել և լուսամուտով դուրս հանել,

-վառարանի վրա, դրան մոտ պահել կամ չորացնել լվացք, վառելափայտ և այլ վառողունակ իրեր ու նյութեր,

-գործող վառարանը թողնել առանց հսկողության կամ դրանց հսկողությունը վստահել երեխաներին:

Կենցաղում զանազան գազասարքերից բռնկված հրդեհների վերլուծությունը ցույց է տալիս, որ դրանք հիմնականում առաջանում են անզգուշության և հրդեհային անվտանգության կանոնների անտեսման հետևանքով: Շատ հաճախ պայթյունի և հրդեհի պատճառ է հանդիսանում գազատար խողովակների կցամիացումների, կարգավորիչ փականների և այլ հանգույցների անհերմետիկությունը: Հետևանքը լինում է այն, որ գազի արտահոսքի դեպքում գազաօդային խառնուրդի որոշակի հարաբերակցության պայմաններում, ջերմային աղբյուրի ազդեցությունից տեղի է ունենում ակնթարթային բռնկում, որն էլ, որպես կանոն, ուղեկցվում է պայթյունով կամ հրդեհով:

Արձանագրված դեպքերի վերլուծությունը վկայում է, որ գազի առկայության դեպքում մեր քաղաքացիների որոշ մասը թույլ է տալիս կոպիտ վրիպումներ, որոնք ծանր, իսկ երբեմն էլ անուղղելի հետևանքներ են ունենում: Ուստի, խորհուրդ է տրվում գազին բնորոշ հոտ զգալիս առաջին հերթին անհապաղ օդափոխել սենյակը: Այնուհետև ստուգել գազասարքի փականների դիրքը: Եթե դրանք գտնվում են փակ վիճակում, օճառի լուծույթով ներծծված սպունգով, այլ ոչ թե բաց կրակով, մանրազննին ստուգել խողովակի և ռեդուկտորի միացման հանգույցների հերմետիկությունը: Գազի արտահոսքի տեղը հայտնաբերելիս հուսալիորեն ձգել տվյալ հանգույցի պնդօղակները կամ ճարմանդները: Քանի դեռ սենյակում գազի հոտ է զգացվում, խստորեն արգելվում է լուցկի վառել, ծխել, միացնել կամ անջատել էլեկտրական լուսավորությունը և կենցաղային սարքավորումները:

Մեկ անգամ ևս զգուշացնում ենք, որ զանազան էլեկտրաջեռուցիչ սարքավորումների, գազասարքերի և վառարանների ոչ ճիշտ օգտագործումը, դրանց հետ անփույթ, անպատասխանատու վարվելն ու հրդեհային անվտանգության կանոնների ամենաաննշան խախտումն անգամ բավական են, որ կորցնեք նյութական արժեքներ, պատճառ դառնաք մարդկանց խեղանդամության կամ մահվան:

ՀՀ ԱԻՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930