Այսօր մենք Հովիկ Աբրահամյանի որդուց՝ «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Արգամ Աբրահամյանից ճշտեցինք՝ ճի՞շտ է, որ ձեր ընտանիքը կապիտալի արտահոսք է անում եւ ձեր բիզնեսները տեղափոխում է Գերմանիա: Հիշեցնենք, որ մամուլում հրապարակումներ կային այդ մասին, որ Հովիկ Աբրահամյանն արդեն իրենց ընտանեկան բիզնեսների մի մասը տեղափոխել է Գերմանիա:
Արգամ Աբրահամյանը պատասխանեց. «Ոչ, նման բան չկա: Բազմիցս արձագանքել եմ՝ ոչ»:
Տեղեկություններ հրապարակվեցին նաեւ այն մասին, որ ՀՀԿ պատգամավոր Սամվել Ալեքսանյանը գնել է Հովիկ Աբրահամյանին պատկանող մի քանի ընկերություններ, մասնավորապես, Արտաշատի տրիկոտաժի ֆաբրիկան, «Արտաշատի փորձարարական մեխանիկական գործարանը»՝ Մեխզավոդը: Այս առնչությամբ մեր հարցին Արգամ Աբրահամյանը նույնպես պատասխանեց, որ ճիշտ չէ: Մեր դիտարկմանը, որ «Ալեքս տեքստիլից» հաստատել են այդ տեղեկությունը, որ տրիկոտաժի այդ ֆաբրիկան ձեռք է բերել Սամվել Ալեքսանյանը՝ Արգամ Աբրահամյանը պատասխանեց. «Հա, բայց մենք կապ չունենք տեքստիլի հետ, մենք կապ չունենք այդ գործարանի հետ»:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ