2016թ. ոստիկանության ՊՊԾ գունդը գրաված եւ մի շարք ծանր հանցագործությունների մեջ մեղադրվող «Սասնա ծռեր» խմբի անդամներից Պավել Մանուկյանի, Վարուժան Ավետիսյանի, Մխիթար Ավետիսյանի, Արայիկ Խանդոյանի, Գագիկ Եղիազարյանի, Արմեն Բիլյանի, Արեգ Կյուրեղյանի, Սմբատ Բարսեղյանի, Սեդրակ Նազարյանի եւ Էդվարդ Գրիգորյանի գործով դատավարությունն այսօր մտավ դատաքննության փուլ:
Մեղադրող-դատախազներ Պետրոս Պետրոսյանը եւ Արամ Արամյանը հրապարակում են ամբաստանյալների մեղադրական եզրակացությունները:
Ըստ այդմ, Պավել Մանուկյանին մեղադրանք է առաջադրվել Հայոց ցեղասպանության 100-ամյակին ընդառաջ Գեւորգ Սաֆարյանի հետ զանգվածային անկարգություններ կազմակերպելու համար: Ինչ վերաբերում է ՊՊԾ գնդի գրավմանը, նա մեղադրվում է այն բանի համար, որ կազմակերպված խմբի կազմում՝ կյանքի համար վտանգավոր բռնություն գործադրելով, հափշտակել է հրազեն ու ռազմամթերք, բացի այդ՝ հրկիզման եղանակով դիտավորությամբ ոչնչացրել է ոստիկանության տրանսպորտային միջոցները՝ ոստիկանությանը պատճառելով առանձնապես խոշոր չափերի վնաս։
«Նա, Վարուժան Ավետիսյանի, Արարատ Խանդոյանի եւ մյուսների հետ նախապես ծրագրել են զավթել ու պահել Ոստիկանության ՊՊԾ գնդի վարչական շենք-շինությունները, պատանդներ վերցնել, ինչից հետո պետությանը հարկադրել ազատել Ժիրայր Սեֆիլյանին եւ մի շարք անձանց»,-ընթերցեց դատախազ Արամ Արամյանը:
Ամբաստանյալ Արարատ Խանդոյանը լսածը «բարբաջանք» որակեց եւ տեղից վեր կացավ՝ դատավոր Մեսրոպ Մակյանին հայտնելով, որ չի պատրաստվում լսել մեղադրական եզրակացությունը:
«Չեմ ուզում բարբաջանքը լսել»,-հայտարարեց նա: Դատավորը հորդորեց զինվել համբերությամբ, սակայն Խանդոյանը պնդեց, որ ինքը պետք է գնա:
Այդպիսով, առանց դատավորի թույլտվության նիստերի դահլիճից հեռանալու պատճառով «Միայնակ գայլը» ենթարկվեց սանկցիայի եւ նիստերից հեռացվեց երեք ժամով: Սա այն դեպքն էր, երբ սանկցիան իր սրտով էր:
Մեղադրական եզրակացության մեջ նաեւ ասվում է, որ Պավել Մանուկյանը պատանդ է պահել ոչ միայն ոստիկաններին, այլեւ ՊՊԾ գնդի տարածք բուժօգնություն տրամադրելու նպատակով մուտք գործած երկու բուժաշխատողներին:
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ
հետաքրքիր է որ այս մեղադրեալները – եւ պարբերաբար, իրենց պաշտպան փաստաբանները… – ամէն ջանք թափում են որպէսզի դատավարութիւնը տեղի չունենայ, կարելի եղածին չափ ուշանայ պահը երբ այլազան տեղեկութիւններ եւ փաստեր պիտի բացայայտուին, ներկայացուին դատարանին, հանրութեան…
արդեօք ինչո՞ւ չեն ուզում որ գործընթացը առաջանայ այդ ուղղութեամբ…