Լրահոս
COP29-ի հակառակ կողմը
Օրվա լրահոսը

«Առգրավեք բոլորի որսորդական հրացանները»

Նոյեմբեր 29,2017 14:34

«Կարմիրգրքյա կենդանիների եւ թռչունների որսին այսօր Հայաստանում ոչինչ չի սպառնում»,- այսօր խորհրդարանում կազմակերպված «ՀՀ բնության հատուկ պահպանվող տարածքների առկա վիճակը, հիմնախնդիրները եւ լուծման ուղղությունները» թեմայով լսումների ժամանակ հայտարարեց «Ելք» խմբակցության պատգամավոր Լենա Նազարյանը: Նման եզրակացության պատգամավորը հանգել է Շենավանի գյուղապետի հայտնի դեպքից հետո: Հիշեցնենք, վերջինս սոցցանցերում հրապարակել էր իր որսորդական հագուստով լուսանկարը`ձեռքին Կարմիր գրքում ընդգրկված սպիտակագլուխ անգղ: Գյուղապետը հետո, երբ աղմուկ բարձրացավ, արդարացավ, թե ճանապարհին է գտել սպանված անգղին:

Պատգամավորն էլ դիմել էր ոստիկանություն եւ պատասխան ստացել`քանի որ վաղեմության ժամկետն անցել է, քրեական գործ չի հարուցվի: Վաղեմության ժամկետի պատրվակով, ըստ պատգամավորի, այսպիսով բոլոր որսագողերն ու ստահակները կազատվեն պատասխանատվությունից: «Պարոն նախարար`դիմեք ամենածայրահեղ միջոցների, առգրավեք բոլորի որսորդական հրացանները»,- լսումներին ներկա ՀՀ բնապահպանության նախարարին դիմեց պատգամավորը: Ասաց`վայրի բնությունը պահպանելն իր ղեկավարած գերատեսչության պարտավորությունն է: Նկատում է`վայրի կենդանիներին այլ բան էլ է սպառնում`քաղքենի երեւույթը`նրանց բակում, ռեստորանների բակում, վանդակի մեջ են պահում, դանդաղ սպանում, հետո խրտվիլակ սարքում եւ իրենց քմահաճույքների համար օգտագործում: «Այդ կենդանիներին պետք է առգրավել, վերադարձնել այնպիսի միջավայր, որտեղ նրանք չեն խոշտանգվի, կամ գոնե այնպիսի պատիժներ պետք է սահմանել, որ նման փորձեր չլինեն»,- ասաց պատգամավորը`հավելելով, որ խորհրդարանում, առաջիկայում համապատասխան օրենքի քննարկման ժամանակ ինքն ամենախիստ պատիժն է առաջարկելու:

Նա խոսեց նաեւ անտառների պահպանության մասին: Ասաց`իրավիճակն այնպիսին է, որ ոչ ոք չի հավատում ոչ անտառապահին, ոչ ոստիկանին, ոչ դատախազին, ոչ էլ ոլորտի համար պատասխանատու որեւէ պաշտոնյայի: «Վերջերս «Հայանտառ» ՊՈԱԿ-ը մի հայտարարություն էր տարածել, որ աշխատանքից ազատվել են անտառապետեր, անտառապահներ, մասնաճյուղերի տնօրեններ եւ այլն: Այս տեսակ լուրեր կարդալիս ես չեմ մտածում`վերջապես ինչ-որ փոփոխություններ են տեղի ունենալու: Ես մտածում եմ`տեսնես մինչեւ ե՞րբ այս ցուցադրական խստացումները կշարունակվեն: Անվստահության հիմքերը շատ են»,- ասաց Լենա Նազարյանը: Չափազանց շատ անտառահատումների ֆոնին վարչապետի հայտարարությունը`տրամաբանության սահմաններում լեգալացնել անտառահատումները, պատգամավորի մեկնաբանությամբ՝ մեկ բան են նշանակում. «Եթե չենք կարողանում պահպանել անտառը, եկեք հարկային դաշտ բերեք ծառահատումները`գոնե փող կաշխատենք անտառի հատումից»:

Հանքարդյունաբերության ոլորտի մասին էլ ասաց. «Բնապահպանության նախարարությունը որեւէ ազդեցություն չունի: Ներդրողը միշտ ավելի ուժեղ է: Այդպես է ստացվում»: Ինքը չի տեսել մի դեպք, որ նախարարությունը որեւէ փորձաքննության բացասական եզրակացություն տա`ի հեճուկս անկախ մասնագետների, որոնք մատնանշել են սուտ եւ գիտականորեն չհիմնավորված տեղեկություններ: Հանքարդյունաբերական ծրագրերը Հայաստանում, ըստ պատգամավորի, քաղաքական ծրագիր են: Էլ չասած, որ աշխատողներին ուղղակի շահագործում են: Քաջարանից է տեղեկություն ստացել, որ մարդկանց նաեւ շաբաթ-կիրակի օրերին են աշխատացնում: Նման ծրագիր է համարում նաեւ Ամուլսարի ծրագիրը:

«Իրողությունն այն է, որ բնապահպանության ոլորտում որոշ չինովնիկներ, տնտեսվարողներ, ոստիկաններ, բնության սպառումից փող են աշխատում»,- եզրակացրեց պատգամավորը:

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930