Այսօր Երեւանի ավագանու նիստի ժամանակ, երբ «Երկիր ծիրանիի» անդամը համեմատություն էր արել Անդրանիկ Մարգարյանի եւ Քիմ Քարդաշյանի միջեւ՝ առաջարկելով Քիմ Քարդաշյանի ցուցատախտակը տեղադրել, քանի որ նրա հետեւորդներն ավելի շատ են, քան Անդրանիկ Մարգարյանինը, ԲՀԿ խմբակցության անդամ Գրիգոր Մինասյանին դա վրդովեցրեց: Մինասյանն այսպես հակադարձեց. «Քիմ Քարդաշյանին մի փորձեք ձեզ ասոցացնել, ձեր դեպքում կարող է պիտակ կպնել, որից դժվար կլինի ազատվել»:
Մինչ այս էլ Գրիգոր Մինասյանը ռեպլիկ արեց՝ «երեք հոգանոց խմբակը փորձում է ամեն ինչին դեմ խոսել, բայց քվեարկության ժամանակ կողմ է լինում: Բացասական տոնայնությամբ խոսում են, վերջում կողմ են քվեարկում»: Ապա Մինասյանը անդրադարձավ «Երկիր Ծիրանիից» Մարինա Խաչատրյանի՝ Քարդաշյանի ցուցատախտակ բացելու մասին առաջարկին. «Ինչ վերաբերում է Քիմ Քարդաշյանին՝ ձեզ ասոցացնելու մտադրության հետ, հասկանալի է, որ ձեր խմբակցության ղեկավարը և Քիմ Քարդաշյանը հիմա նույն հողի վրա են, բայց ձեր դեպքում կարող է պիտակ կպնել, որից դժվար կլինի ազատվել»: Հիշեցնենք, որ այս օրերին «Երկիր Ծիրանիի» նախագահ Զարուհի Փոստանջյանը Ամերիկայում է: Թեեւ Մարինա Խաչատրյանին թույլ չտրվեց արձագանքել, սակայն նա իր հաջորդ ելույթի ժամանակ փորձեց հակադարձել Մինասյանին, ասելով, որ արգելում է Զարուհի Փոստանջյանին վիրավորել: Մանրամասները՝ շուտով, տեսանյութում:
Նելլի ԲԱԲԱՅԱՆ