Aravot.am-ի տեղեկություններով, Արտաշատ քաղաքի Հայկազ Ճգնավորյանի անվան N 5 հիմնական դպրոցի տնօրենի պաշտոնակատար Արմինե Դավթյանը որոշել է մասնակցել նույն տնօրենի թափուր տեղի համար դեկտեմբերի 4-ին կայանալիք մրցույթին, այն դեպքում, երբ չունի դրա համար անհրաժեշտ ուսումնական հաստատության ղեկավարման իրավունքի հավաստագիր, եւ գրավոր քննության փուլն է առայժմ հաղթահարել, իսկ բանավոր քննությունը հանձնելու է դեկտեմբերի 5-ին:
Aravot.am-ը դպրոցի կառավարման խորհրդի նախագահ Նաիրա Մարգարյանից փորձեց պարզել` հնարավո՞ր է կարեւոր փաստաթղթի բացակայությամբ ընդունել են տիկնոջ գործերը: Խորհրդի նախագահը պատճառաբանելով զբաղվածությունը` առաջարկեց զանգել կես ժամ անց, սակայն ժամեր անց էլ չվերցրեց հեռախոսը: Նույնիսկ հաղորդագրություն ուղարկեցինք հեռախոսին, խնդրելով պատասխանել, սակայն տիկինն այդպես էլ չպատասխանեց:
Նշենք, որ մրցույթի մասնակիցների գործերի ընդունման վերջնաժամկետը նոյեմբերի 27-ն էր:
Aravot.am-ը ՀՀ ԿԳ նախարարության անձնակազմի կառավարման վարչության պետ Ռուզաննա Գրիգորյանից հետաքրքրվեց` իրավունք ունե՞ն ընդունել տնօրենի պաշտոնի հավակնորդի գործերը, եթե նա չունի ուսումնական հաստատության ղեկավարման իրավունքի հավաստագիր:
Տիկին Գրիգորյանը պարզաբանեց. «Պետք է անպայման գործերն ընդունելիս ներկայացվի հավաստագիր, հակառակ դեպքում գործերը չպետք է ընդունվեն»:
Նրա խոսքով. «Նա չի կարող առանց հավաստագրի մրցույթի մասնակցել, միգուցե բանավոր փուլը չի հաղթահարում, այդ դեպքում, ինչպե՞ս են իր գործերն ընդունում»:
Արմինե Դավթյանի հետ հնարավոր չեղավ կապվել դպրոցի հեռախոսահամարով, սակայն պատրաստ ենք հրապարակել նրա մեկնաբանությունը:
Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ