«Ինձ թույլ չեմ տա խառնվել համայնքի խնդիրներին, բայց ինձ համար հասկանալի չեն դեսպանի վրա նման հարձակումներն`այն պարզ պատճառով, որ ես շատ լավ գիտեմ, թե ո՞վ է Թեոդորա Բակոյանիսը: Ուստի, ինձ համար բացարձակ հասկանալի չէ, թե ի՞նչ ուներ անելու Թեոդորա Բակոյանիսը հայ համայնքի որեւէ միջոցառման»,- Aravot.am-ի հետ զրույցում ասաց ԵԽԽՎ հայաստանյան պատվիրակության անդամ Նաիրա Զոհրաբյանն`անդրադառնալով Հունաստանում ՀՀ դեսպանի շուրջ առաջացած սկանդալին:
Հիշեցնենք, ՌԱԿ 96-ամյակին նվիրված միջոցառմանը հրավեր է ուղարկվել նաեւ Հունաստանի «Նեո Դեմոկրատիա» ընդդիմադիր ուժի ղեկավարի քրոջը`ԵԽԽՎ հունական պատվիրակության անդամ Թեոդորա Բակոյանիսին: Հրավերը հետագայում չեղարկվել է, ինչպես ՌԱԿ ներկայացուցիչներն են ներկայացնում` Հունաստանում ՀՀ դեսպան Ֆադեյ Չարչօղլյանի պարտադրանքով: Վերջինս Թեոդորա Բակոյանիսին անվանել է ադրբեջանամետ եւ հակահայ:
Նաիրա Զոհրաբյանը հիշեցնում է. «Թեոդորա Բակոյանիսը Իլհամ Ալիեւի ամենամտերիմ ընկերուհին է: Իլհամ Ալիեւը Հունաստանում մնում է Թեոդորա Բակոյանիսի եւ նրա ամուսնու տանը: Թեոդորա Բակոյանիսը ԵԽԽՎ «ադրբեջանական լվացքատան» ամենախոշորագույն դերակատարներից մեկն է: Ովքեր մոռացել են, նրանց համար հատուկ հիշեցնում եմ` ԵԽԽՎ քաղաքական հանձնաժողովը հենց Թեոդորա Բակոյանիսի նախագահության ժամանակ ամբողջությամբ նախապատրաստեց Ռոբերտ Ուոլթերի հայտնի հակահայ բանաձեւը`«Էսկալացիան ԼՂՀ-ում եւ Ադրբեջանի այլ գրավյալ տարածքներում»: Ավելին, եթե փորձենք կազմել եվրոպական կառույցներում, մասնավորաբար, ԵԽ-ում Ադրբեջանի լոբբիսների եռյակը, ապա վստահեցնում եմ, որ Թեոդորա Բակոյանիսն իր պատվավոր տեղն ունի այդ եռյակում`Պեդրո Ագրամունտի հետ միասին»:
Նաիրա Զոհրաբյանի համար անհասկանալի է թե ինչո՞ւ է հայկական համայնքի որեւէ ներկայացուցիչ`նման ջանասիրությամբ պաշտպանում Ալիեւի մտերմուհուն եւ միջազգային կառույցներում Հայաստանի համար լրջագույն խնդիրներ ստեղծած այդ տիկնոջը:
Դիտարկմանը`գուցե փորձում են դարձի՞ բերել, Նաիրա Զոհրաբյանը հակադարձեց. «Ծիծաղելի կլինի մտածել, որ ինչ-որ մեկը կարող է ադրբեջանական կլանից եւ Ալիեւից անձնապես միլիոններ ստացած, Ադրբեջանում նավթային շահեր ունեցող ընտանիքի անդամ Բակոյանիսին դարձի բերել: Ես հույս ունեմ, որ նման միամիտներ վաղուց չկան»:
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ