ԵՏՄ-ից դուրս գալու գործընթաց սկսելու մասին «Ելքի» ներկայացրած ԱԺ որոշման նախագիծն այսօր քննարկվեց ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նիստում: Հարակից զեկուցող, հանձնաժողովի նախագահ Արմեն Աշոտյանն ասաց. «ՀՀ անդամակցությունը ԵԱՏՄ-ին բխում է ՀՀ ազգային եւ պետական շահերից եւ հակառակը, կարծում ենք, վնասակար է լինելու ՀՀ արտաքին քաղաքական օրակարգի համար: Հակառակը պնդելը իրավիճակի օբյեկտիվ գնահատական չի»:
Նա ասաց, որ հայ-ռուսական ռազմավարական հարաբերություններին ոչինչ չի կարող վնասել, ԵՄ համաձայնագիրն էլ ի հաշիվ հայ-ռուսական հարաբերությունների չի եղել:
Նա «Ելքին» հիշեցրեց, որ նախընտրական քարոզչության ժամանակ միայն մի քաղաքական ուժ էր բարձրացնում ԵԱՏՄ-ից դուրս գալու հարցը, դա «Ազատ դեմոկրատներն» էին, չանցան, ուստի արդյոք «Ելքի» նախաձեռնությունն ունի՞ հանրային պահանջ. «Այս հարցը ոչ թե ժամանակավրեպ է, այս հարցը Հայաստանի քաղաքական օրակարգում գոյություն չունի, քանի իշխանությունները մենք ենք, քանի իշխանության է ՀՀԿ-ն՝ իր կոալիցիոն գործընկերոջ հետ: Այն է՝ առնվազն մինչեւ 2022-ը»:
Ըստ Աշոտյանի, մեր ունեցած հնարավորությունների շրջանակներում մենք պետք է ինտեգրվենք որեւէ վերազգային միավորման եւ մեզ հարմարը ԵԱՏՄ-ն է: Ուստի նա ասաց, որ պետք է բացասական եզրակացություն տալ այս նախագծին:
Մանրամասները՝ տեսանյութում:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ