Լրահոս
COP29-ի հակառակ կողմը
Օրվա լրահոսը

«Հայաստան-Թուրքիա սահմանը ցմահ փակ չի՞ մնալու, սահմանը պետք է բացվի եւ ԵԱՏՄ-ն խանգարելու է». Մարուքյան

Նոյեմբեր 29,2017 13:53

ԵՏՄ-ից դուրս գալու գործընթաց սկսելու մասին «Ելքի» ներկայացրած ԱԺ որոշման նախագիծն այսօր քննարկվեց ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նիստում: Հիմնական զեկուցող Էդմոն Մարուքյանը ներկայացրեց, թե ինչ վնասներ ենք ստացել այս տարիներին՝ ԵԱՏՄ-ին անդամակցելով եւ զգուշացրեց, որ քանի գնա՝ վիճակը ծանրանալու է: Նա ասաց, ՌԴ-ի հետ մեր հարաբերությունները զարգացման մեծ տեղ ունեն, բայց չեն զարգանում, կենացների մակարդակում են: Նա նշեց, որ ՌԴ-ում արտագնա աշխատանքի մեկնած բազմաթիվ քաղաքացիներ չեն կարողանում աշխատանքի անցնել այնտեղ՝ որպես վարորդ, վարորդական իրավունքի հարցը կա, 900 ապրանք թանկանալու է, մինչ ԵՏՄ-ն ՀՀ-ն իր Մաքսային օրենսգրքով ավելի մեծ օգուտներ էր ստանում: Նա ասաց, որ դեղորայքը, շաքարավազը թանկանալու են, մեքենաների մաքսազերծումը թանկանալու է եւ դա սոցիալական վիճակին է հարվածելու մեր բնակիչների:

«Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Արարատ Զուրաբյանը գտնում է, որ ԵՏՄ-ից դուրս գալով՝ հարաբերությունները կսրվեն: Նա հարցրեց, ինչո՞ւ հարց չի դրվում ՀՀ իշխանություններից պահանջելու նոր բանակցություններ սկսել ասոցացման պայմանագիր կնքելու համար եւ ինչու հարց չի դրվում ՀԱՊԿ-ից ու ԱՊՀ-ից դուրս գալու: Մարուքյանը պատասխանեց, որ նախագծի այլընտրանք բաժնում նշված է, որ դուրս գալով ԵԱՏՄ-ից, ՀՀ-ն կկարողանա տարիներ ի վեր բանակցված եւ կիսատ մնացած Եվրոասոցացման պայմանագիրը կնքել,որը մեզ հնարավորություն է տալու 500 մլն-անոց շուկա մտնել: Ինչ վերաբերում է ՀԱՊԿ-ին, Մարուքյանն ասաց, որ երբ մենք փնտրտուքներ կանենք ու կունենանք այլընտրանք, կքննարկվի նաեւ ՀԱՊԿ-ից դուրս գալու հարցը, այս պահին նման հարց չկա: ԱՊՀ-ի մակարդակում էլ մենք խնդիր չունենք, ըստ Մարուքյանի: Նախագիծը վերաբերում է նախ տնտեսական ազատություններին, իսկ այն սահմանափակում է ԵԱՏՄ համաձայնագիրը: Արարատ Զուրաբյանն էլ ասաց, որ այս կառույցներից որեւէ մեկից դուրս գալը նույն բանն է ու նույն կերպ է դիտարկվելու: Էդմոն Մարուքյանը վստահեցրեց, որ ՀԱՊԿ-ի անդամակցությունը ԵԱՏՄ-ի հետ կապելը ճիշտ չէ:

Հանձնաժողովի անդամներն ասացին, որ դեռ ԵՄ համաձայնագրի թանաքը չի չորացել, չե՞ք կարծում, որ դեռ ժամանակավրեպ է: Էդմոն Մարուքյանը պատասխանեց, որ ԵՄ-ի համաձայնագիրը ՀՀ շահերից է բխում, բայց դա կապ չունի ԵԱՏՄ-ից դուրս գալու իրենց նախաձեռնության հետ, պետք չի հակադրել: Ըստ նրա, մեր տնտեսական ազատությունները հիմա ԵԱՏՄ-ի անդամակցության հետ է կապված, ուստի պետք է դուրս գալ. «Մենք 3-4 տարի է ԵԱՏՄ անդամ ենք եւ արձանագրում ենք պրոբլեմներ, ուզում ենք լուծվեն, բայց դրանք չեն լուծվում մեր հայտարարելուց հետո: Ավելի մեծ վնասներ են լինելու, սպասում եք, որ մեքենաները, որ նոր են ներմուծվում, այնքան թանկանան, որ չկարողանան ներմուծել, կամ ՀՀ առաջնային սպառողական ապրանքները այնքան թանկանան, որ սոցիալական լուրջ խնդիրնե՞ր լինեն:

ՀՀԿ խմբակցության պատգամավոր Շիրակ Թորոսյանը հարցրեց՝ նախագծում գրված է, որ ԵԱՏՄ համաձայնագիրը խանգարում է մեզ նաեւ Վրաստանի եւ Իրանի հետ հարաբերություններում: Մենք երկուսի հետ էլ ազատ առեւտրի պայմանագիր ունենք, Իրանի հետ Մեղրիի հատվածում ազատ տնտեսական գոտի ենք ձեւավորում, Վրաստանի հետ արտաքին աշխարհի գրեթե միակ կապն է, որը շատ արդյունավետ ապահովում է տրանզիտի փոխադրումները: Դուք Ուկրաինայի, Վրաստանի, Մոլդովայի օրինակն եք բերում՝ որպես ավելի խորը դեպի Եվրոպա ինտեգրվողներ, չե՞ք կարծում, որ նրանք միայն մեկ կողմնորոշման պատճառով շատ թանկ են վճարել: Չե՞ք կարծում, որ շատ բարդ է որեւէ միջազգային թեկուզ տարածաշրջանային կառույցում միայն առեւտրատնտեսական հարաբերություններ զարգացնել՝ առանց քաղաքական կոմպոնենտի»:

Մարուքյանը պատասխանեց, որ ԵԱՏՄ-ն խանգարում է երկկողմ տնտեսական հարաբերություններին՝ այլ երկրների հետ. «Հայաստան-Թուրքիա սահմանը ցմահ փակ չի՞ մնալու: Այդ սահմանը պետք է բացվի եւ խանգարելու է մեր տնտեսական հարաբերություններին՝ նաեւ Թուրքիայի հետ»: Ինչ վերաբերում է Վրաստանին, Մարուքյանն ասաց, որ ապագա համաձայնագրեր չեն կարող կնքվել, սա սահմանափակվում է: Իսկ Իրանը եթե ԵԱՏՄ-ի հետ պայմանագիր ունենա, ՀՀ-ն կարող է օգտվել, չի ունենա՝ չի օգտվի:

Իսկ Ուկրաինայի, Մոլդովայի հետ ՀՀ-ն համեմատելը, ըստ Մարուքյանի տեղին չէ:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930