Լրահոս
COP29-ի հակառակ կողմը
Օրվա լրահոսը

Դանիել Երաժիշտը ներկայացրեց արքայական երաժշտությունը՝ կոչ անելով մերօրյա ղեկավարներին՝ մեծ տեղ տալ արվեստին, ինչը խաղաղություն, ներդաշնակություն կսփռի

Նոյեմբեր 29,2017 13:14

Խաչատրյանի 5-րդ միջազգային փառատոնի շրջանակում նոյեմբերի 28-ին Հայաստանի ազգային պատկերասրահում ներկայացվեց «Արքայական համերգ» նախագիծը։ Հետաքրքիր այս նախաձեռնության հեղինակը ՀՀ վաստակավոր գործիչ Դանիել Երաժիշտն է, ով երեկոյի ընթացքում հանդես եկավ որպես բանախոս և դիրիժոր։ Նա հանդիսատեսին ներկայացրեց թագավոր կոմպոզիտորների ստեղծագործությունները։ Ծրագրում ընդգրկված էին Պրուսիայի թագավոր Ֆրիդրիխ Մեծի, Կայսր Լեոպոլդ Առաջինի, Տիբո 4-րդ Նավարացու, Թագուհի Մարգարիտ Նավարացու, Հենրի 8-րդի ստեղծագործություններից։ Քանի որ հայերը դարեր շարունակ պետականություն չեն ունեցել, և մեզ ղեկավարել են կաթողիկոսները, ուստի եվրոպացի արքաների կողքին ներկայացվեց մեր թագավոր-հոգևորականների արվեստը՝ Կոմիտաս Աղցեցի կաթողիկոս (7-րդ դար), Ներսես Շնորհալի (12-րդ դար)։ Հնչել է նաև հայոց կառավարիչ, Դարոյնքի իշխան Աշոտ Պատրիկ Բագրատունու (7-րդ դար) շարականը։ Նա 5 տարի կառավարել է Հայաստանը, մեր երկիրն ազատել արաբ բռնակալներից, իր հարազատ Դարոյնքում կառուցել է Սուրբ Ամենափրկիչ եկեղեցին և եկեղեցու նավակատիքի առթիվ հեղինակել է «Զորս ըստ պատկերի Քում ստեղծեր» շարականը՝ նվիրված Խաչվերաց տոնին։ Սա աշխարհական մարդու կողմից գրված առաջին շարականն է, որ ընդունել է եկեղեցին: Երեկոյի ընթացքում հնչեցին նաև երաժշտության արքայի՝ Յոհան Սեբաստիան Բախի` Ֆրիդրիխ Մեծի թեմայով «Երաժշտական ընծա» շարքից հատվածներ:

Ստեղծագործությունները մշակվել, համադրվել են Դանիել Երաժշտի կողմից։ Հնագույն երաժշտությունը միաձայն էր, ներկայացված գործերը Դանիել Երաժիշտը բազմաձայնել է։ Համերգային ծրագիրը երկու կոլեկտիվների ներդաշնակության արդյունք էր. կատարումներով հանդես էին գալիս Հայաստանի պետական երիտասարդական նվագախմբի երաժիշտները և «Շարական» անսամբլի երգչուհիներն ու դաշնակահարուհին։

Որպես համերգի բնաբան Դանիել Երաժիշտն ընտրել էր Ամենայն հայոց կաթողիկոս, երջանկահիշատակ Վազգեն Առաջինի խոսքերը. «Մեծ ուժ է արվեստը, մեծ ուժ է երաժշտությունը։ Եթե մարդկության առաջնորդները խորապես սիրեին այն, մեր ճակատագիրն էլ ուրիշ կլիներ»։ Դանիել Երաժիշտը համոզված է, որ եթե մեր այսօրվա ագրեսիվ, բռնություններով ալեկոծվող աշխարհում մեծ տեղ տան արվեստին, խաղաղություն, ներդաշնակություն, հաշտություն կսփռվի։ Ըստ մաեստրոյի՝ ղեկավարները ոչ թե զենք պետք է կուտակեն, այլ գեղեցիկն ու երկնային գանձեր։ Նախկին թագավորները մեզ այդ օրինակը ցույց են տվել։

Դանիել Երաժիշտը երեկոյի ընթացքում շնորհակալություն հայտնեց Հայաստանի պետական երիտասարդական նվագախմբին՝ խաչատրյանական փառատոնին մասնակցելու հնարավորություն ընձեռելու համար: Փառատոն, որ Հայաստան է բերում լավագույն արտիստներին, ովքեր հիանում են մեր երկրով:

Նշենք, որ Խաչատրյանի միջազգային փառատոնը կյանքի է կոչվել ՀՀ նախագահի հովանու ներքո։ Փառատոնը կազմակերպել է Հայաստանի պետական երիտասարդական նվագախումբը (գլխավոր գործընկեր՝ «ՎիվաՍելլ-ՄՏՍ»)՝ ՀՀ մշակույթի նախարարության, «Խաչատրյան» եւ Մշակույթի աջակցության եվրոպական հիմնադրամների աջակցությամբ։

Մամուլի հաղորդագրություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930