Լրահոս
Օրվա լրահոսը

«Պետականորեն ամրագրված որեւէ կերակրատեսակ չունենք, ՅՈՒՆԵՍԿՕ-ից ենք պահանջում». Սեդրակ Մամուլյան (Տեսանյութ)

Նոյեմբեր 29,2017 12:28

2017թ. դեկտեմբերի 4-9-ը տեղի է ունենալու ՅՈՒՆԵՍԿՕ-ի ոչ նյութական մշակութային ժառանգության պահպանության միջկառավարական հանձնաժողովի նիստ, որի ժամանակ քննարկվելու են հայկական քոչարին ու տոլման որպես ադրբեջանական գրանցելու հայտերը:

«Հայ խոհարարական ավանդույթների զարգացման և պահպանման» հասարակական կազմակերպության նախագահ Սեդրակ Մամուլյանի դիտարկմամբ, ՅՈՒՆԵՍԿՕ-ն այդ քննարկմամբ իր դեմքը ցույց է տալիս:

«ՅՈՒՆԵՍԿՕ-ի որոշումները լուրջ համարելը տեղին չէ: Այն, ինչ կատարվում է մեր մշակութային ժառանգության հետ՝ դրական կամ բացասական արդյունքների համար մենք ենք պատասխանատու, մեր մեջ պետք է փնտրենք բացթողումները, թե ինչու այդպես ստացվեց: Նախ` արձանագրենք, որ պետականորեն ամրագրված որեւէ կերակրատեսակ չունենք, չունենալով՝ պահանջում ենք, որ ՅՈՒՆԵՍԿՕ-ն ունենա: Խորհրդային տարիներից մեր հարեւան երկրներն ունեն, չգիտեմ՝ որտեղ են գրանցում, բայց այդ հանգամանքը կա: Էլ չանդրադառնանք, թե ՅՈՒՆԵՍԿՕ-ի որ փորձագետն ու ինչ ապացույցների հիման վրա է որոշելու, որ քոչարին ու տոլման գրանցի ադրբեջանական»,- այսօր «Հայելի» ակումբում ասաց Սեդրակ Մամուլյանը՝ նշելով, որ հայերն ավելի հպարտ են ներկայացնում շաուրման ու խինկալին, քան՝ տոլման:

Նա հիշեցրեց, որ 2011 թվականից հենց իր ղեկավարած հասարակական կազմակերպությունը սկսեց իրականացնել տոլմայի ամենամյա փառատոն. «Գոնե անցած տարի փառատոնը լուրջ խնդիրների առջեւ էր կանգնած փառատոնի իրականացման առումով: Ամեն տարի փառատոնն անցկացվում էր Սարդարապատում կամ Մուսա լեռան հուշահամալիրում: Անցած տարի խոչընդոտների հանդիպեցինք ու այդ խոչընդոտները ՅՈՒՆԵՍԿՕ-ի կողմից չէին, ոչ էլ թուրքերի կողմից, խոչընդոտը մեր կողմից էր … շատ դժվարություններից հետո փառատոնն ի վերջո իրականացրինք: Իսկ որեւէ հայկական հեռուստաընկերություն լուսաբանե՞ց, լուսաբանեց միայն ռուսական հեռուստաընկերությունը: Ասածս այն է, որ մենք մեր ներսում մեր մշակութային ժառանգության նկատմամբ վերաբերմունքը պետք է փոխենք, իրական արժեքների նկատմամբ մի քիչ այլ կարծիք ունենք»:

Սեդրակ Մամուլյանի խոսքով, մյուս տարի տոլմայի փառատոնը նշելու են ամբողջ աշխարհով, արդեն հստակ պայմանավորվածություններ ունեն, մայիսը լինելու է տոլմայի ամիս. «Մեր ընկերների հետ են պայմանավորվածությունները, որոնք աշխարհի տարբեր երկրներում ռեստորաններ ունեն, ամբողջ աշխարհում նշվելու է տոլմայի օրը»:

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930