Ժողովրդի ձայնը։ Ազգությունները քայլում են երկրի վրա դարերով, բայց ամեն ազգություն չէ, որ հակված է լսելու ու ընկալելու ժողովրդի ձայնը։
«Ժողովուրդը» սեփական երկրի ձայնն է։Խնդիրն այն է, թե որքանով է ազգը հակված խոսել ձայնով։ Խոսքը կարող է լինել անձայն, որը առանց ձայնի չունի և որակ։
Մենք հերոսներ ծնող ազգություն ենք ,բայց ցավալիորեն կորցրել ենք մեր ձայնը․․․․Եվ դա է պատճառը, որ օտար ազգերը դարեր շարունակ ուժի են ելել մեզ հոշոտելու։
Մենք խոսում ենք, պատմում ենք աշխարհին մեր ազգի ոչնչացմանը կռթնած պետությունների եղեռնագործ դրսևորումների հետևանքով մեր կրած դաժան ոչնչացումների փաստերի մասին, բայց լռում ու ծածկում ենք մեր տգիտության հետևանքով մեր իսկ ոչնչացմանը հանգեցնող փաստերի մասին։
Իմ սիրտը մղկտում է իմ կորստի համար․․․
Հրանտ Մանգասարյանը ՝ իմ քրոջ որդին (Իմ որդին, ԻՄ մարմնի մի մասնիկը , իմ ազգի որակը, իմ ժողովրդի ձայնը) անվերադարձ ոչնչացավ՝ իր ազգային հերոսական հատկանիշներին հատուկ անձնազոհությամբ։ Մեր հերոսները օտար ազգերի մեջ հերոսներ կերտող ժողովրդի որդիներ են, որոնք ի վիճակի են ճեղքել հարևան ազգերի հետ ունեցած ցանկացած անարդարացի լուծում ՝ սեփական հերոսական ընդվզումներով։
Մեր հերոսները օտար ազգերի մեջ հերոսանում են և դառնում նրանց իսկ ազգային հերոսները, քանի որ այն ժողովրդի ձայնը, որի ծոցից նրանք ելած են, խեղդված է սեփական ազգի ապաշնորհ՝ սեփական հարստացման տենչով բռնված կառավարիչների տգետ դիրքորոշումների հետևանքով գոյացած ճահճախորշերում։
Ես սեփական ազգը հարգող ժողովրդի ծնունդ եմ, ես գիտեմ, որ ես հերոս ժողովրդի ծնունդ եմ, սերունդ եմ և հանդիսանում եմ հերոսների ծնունդ տվող օրգանիզմ, ինչպես իմ ժողովրդի մի այլ մասնիկ, տարր, անդամ, բայց իմ սիրտը վիրավորանք է ապրում իմ ժողովրդի կողմից ընտրված կառավարության անփառունակ, անորակ անկախության ուղերթի արտահայտումներից։ Իմ կորուստը այժմ ստիպում է ինձ աղաղակել, իմ մեջ աղոտ հույս ծնելով, որ նրանց խուլ ականջներին կկարողանամ հասցնել մեր ժողովրդի ձայնը։
Ես վախենում եմ, որ մի օր ես էլ ստիպված կլինեմ առնետի պես լքել գնալով ավելի խորը սուզվող նավը, կլքեմ ՝ տանելով հերոսական գենի դրսևորում հանդիսացող իմ որդիներին, որոնք գուցե կդառնան իրենց հերոսությունը գնահատող այլ ազգերի հերոս։ Ես համբերությամբ սպասելու եմ այն վճռին, որը պիտի կայացնի մեր կառավարությունը, սեփական անփութության զոհ դարձած իմ զավակի հերոսացման գործում, և ես հայտարարում եմ, որ իմ ձայնը իմ ժողովրդի ձայնն է, և որ այն հիասթափված, սեփական կառավարության հանդեպ կասկածամտությամբ լցված հայտարարություն է։
Մեր ազգակիցներից շատերն են պատրաստ եղել ու գնացել օտար երկրում փախստականի կարգավիճակով ապրելու ՝ գերադասելով փախստականի կարգավիճակը սեփական երկրում ազատ քաղաքացի կոչվելու դերից։ Հարգելի՛ կառավարություն, մտորեք այս ուղղությամբ, այս փաստի մասին, եթե Ձեզ համար ժողովուրդը դեռևս արժեք ունեցող օրգանիզմ է, մտորեք այդ մասին, ապա թե ոչ մեր երկիրը կվերածվի նույն կարգավիճակն ունեցող օրգանիզմի, որի գլուխը հոգեկան հիվանդության բնակարան է։
Արամ ՀԱԿՈԲՅԱՆ