Լրահոս
Օրվա լրահոսը

Հայաստան-ԵՄ համաձայնագիրը պատմական նշանակություն ունի Հայաստանի համար. Վազգեն Մանուկյան

Նոյեմբեր 29,2017 10:50

Հայաստանի ու Եվրամիության միջև ստորագրված Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի վերաբերյալ Անկախ-ին իր տեսակետն է հայտնել ՀՀ Հանրային խորհրդի նախագահ Վազգեն Մանուկյանը:

-Պարոն Մանուկյան, ս. թ. նոյեմբերի 24-ին Բրյուսելում Հայաստանի ու Եվրոպական միության միջև ստորագրվեց երկար սպասված Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագիրը: Ինչպե՞ս եք վերաբերվում այդ իրողությանը:

-Շատ կարևոր է, որ մենք, լինելով ԵԱՏՄ անդամ, դարձանք նաև Եվրամիության ասոցացված անդամ: Դա ոչ միայն մեզ, այլև ընդհանրապես աշխարհին մի նոր ճանապարհ է ցույց տալիս, և ես կարծում եմ, որ եթե, օրինակ, Ուկրաինան ժամանակին գնար այս ճանապարհով (մի երկիր, որի տնտեսությունը էապես կախված էր Ռուսաստանից, բայց որն ուզում էր մոդեռնիզացնել իր տնտեսությունը, եվրոպական արժեքներ ներմուծելով՝ բարեփոխումներ մտցնել իր երկրում), ապա հիմա և´ Ղրիմը իրենը կլիներ, և´ պատերազմ չէր լինի Լուգանսկում ու Դոնեցկում, և´ երկիրն այսպիսի խառնաշփոթ վիճակում չէր հայտնվի: Միաժամանակ ուզում եմ նշել, որ սա պատմական նշանակություն ունի Հայաստանի համար, որովհետև հազարամյակների ընթացքում մեզ մոտ միշտ եղել է «կա´մ, կա´մ». կա´մ Պարսկաստան, կա´մ Բյուզանդիա, կա´մ Ռուսաստան, կա´մ Թուրքիա, կա´մ սա, կա´մ նա, և մենք միշտ տուժել ենք դրանից: Առաջին անգամ մենք այդ բանաձևը դարձրեցինք «և´, և´»:

-Ի՞նչ հնարավորություններ է տալիս այդ նոր բանաձևը Հայաստանին:

-Առաջին՝ ուժեղացնում է մեր անկախությունը, որովհետև ցանկացած միության մեջ մտնելով՝ բնական ձևով որոշակիորեն սահմանափակում ես քո ինքնուրույնությունը, փոխարենը ստանալում ես որոշակի առավելություններ: Այս պարագայում, համագործակցելով երկու միության հետ, ինքնուրույնության տեսանկյունից անհամեմատ ավելի շահեկան դիրքում ես, քանի որ մանևրելու հնարավորություններ ունես: Այնպես որ սա քաղաքական տեսանկյունից մեծ նշանակություն ունի: Բացի այդ, նոր համաձայնագիրը նաև հնարավորություն է տալիս ավելի արդյունավետ դարձնել պետական, մասնավոր կառույցների գործունեությունը, բարելավել մարդու իրավունքների պաշտպանությունն ու ազատությունները մեր երկրում: Ինչ վերաբերում է տնտեսական կողմին, որոշ քաղաքական ու տնտեսական բացասական կանխատեսումներին, ապա չի կարող պատահել, որ որևէ համաձայնագիր միայն օգուտներ բերի: Որոշ դեպքերում լավ կլինի, որոշ դեպքերում՝ ոչ այնքան, և մեծ ճկունություն ու խելք է պահանջվում, որպեսզի այդ երկու հնարավորությունից էլ կարողանաս օպտիմալ ձևով օգտվել: Ու հիմա նշել մեկի առավելությունը կամ մյուսի թերությունը խելոք մարդու խոսակցություն չէ: Խելոք մարդը նա է, ով կարողանում է այդ երկու մեծ հնարավորությունից էլ օգուտ քաղել: Դա արդեն Հայաստանի իշխանությունների և հասարակության անելիքն է, որոնք պետք է մեծ ջանքեր, ճկունություն դրսևորեն, որպեսզի կարողանան այդ երկուսից էլ օգտվել: Ես շատ լավատես եմ և կարծում եմ, որ սա մի նոր ճանապարհ է, որը մեծ առավելություններ կտա մեզ:

-Այս քայլով Հայաստանը միջազգային ասպարեզում որակական ի՞նչ առաջընթաց կատարեց:

-Իհարկե, մեծ առաջընթաց կատարվեց. այս երկու միությունների հետ փոխհարաբերությունները Հայաստանի համար ստեղծում են նոր հնարավորություններ նաև այլ երկրների հետ համագործակցելու տեսանկյունից: Ունենալով այս երկու խարիսխը՝ դու կարողանում ես շատ երկրների համար դառնալ շատ ավելի կարևոր: Ընդհանրապես ես կարծում եմ, որ Հայաստանի դերը աշխարհում բավականին մեծ է՝ իր փոքր բնակչության ու փոքր տարածքի հետ համեմատ, և դա պայմանավորված է համաշխարհային հայությամբ, մեր երկրի աշխարհագրական դիրքով, Ղարաբաղյան հարցով, նաև այն հանգամանքով, որ մենք դեռ 80-ականներից սկսած՝ առաջամարտիկ ենք եղել շատ հարցերում, հատկապես՝ նոր արժեքների, նոր գաղափարների ներմուծման առումով: Հիմա Եվրամիության հետ կնքած այս համաձայնագրով մեր ազդեցությունն ու դերը աշխարհում ավելի է մեծանում:

ՀՀ Հանրային խորհրդի մամուլի պատասխանատու
Անի Գասպարյան

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Վախթանգ Սիրադեղյան says:

    Համաձայնվելով պարոն Մանուկյանի հետ՝ ասեմ, որ այնքան էլ ճիշտ չէ այս ձևակերպումը. «Առաջին անգամ մենք այդ բանաձևը դարձրեցինք «և´, և´»»: Կարծում եմ, որ տվյալ «և´, և´»-ը Վ.Օսկանյանի «քոմփլիմենթարիզմ»-ից որևէ բանով չի տարբերվում:

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930