Լրահոս
Օրվա լրահոսը

«Ռուսական ուղղությամբ» լուրջ աշխատանք է պահանջվում. «Հայոց Աշխարհ»

Նոյեմբեր 29,2017 10:46

Հայաստանի եւ Եվրամիության միջեւ ստորագրված համաձայնագիրը դարձել է ռուսական գրեթե բոլոր առաջատար լրատվամիջոցների ու քաղաքագետների բուռն քննարկումների առարկա։

Քննարկումներին լրացուցիչ լարվածություն է հաղորդում նաեւ այն, որ ակտիվ հակահայկական քարոզչություն է ծավալել Ռուսաստանում խոր արմատներ ձգած ադրբեջանական լոբբին։ Վերջինս ճգնում է Հայաստանի քայլի ռուսական արձագանքը ներկայացնել կեսարյան հայտնի՝ «Եվ դո՛ւ, Բրուտոս» բացականչության երանգավորմամբ։

Կարծում ենք, առաջին հերթին հարկ է նկատի ունենալ Եվրոպայի եւ ընդհանրապես Արեւմուտքի հանդեպ Ռուսաստանում ավանդաբար գոյություն ունեցող տրամադրությունների բացասական երանգները։

Ռուսների զգալի մասի շրջանում հակաարեւմտյան մտասեւեռումներն ունեն խոր արմատներ, ուստի այն ամենը, ինչը բխում է Արեւմուտքից, հաճախ ընկալվում է իբրեւ իրենց երկրի դեմ ուղղված համաշխարհային դավադրության բաղկացուցիչ։

Այդ առումով նրանք հակված են մտածելու, որ Հայաստանի հետ կնքված՝ թվում է, թե անմեղ համաձայնագիրը իրենց ռազմավարական դաշնակցին «փախցնելու» գործընթացի մի մասնիկն է միայն։ «Կովկասի գերուհին» կինոնկարի հայտնի կերպարը դուրս չի եկել նրանց մտահորիզոնից, ուստի առաջիկայում լուրջ ջանքեր պետք է գործադրենք նման կարծրատիպի հաղթահարման համար։ Դրանց ամրության մասին է վկայում այն, որ անգամ Սոլովյովի նման քաղաքագետներն են այսօր մղձավանջ ապրում Հայաստանը կորցնելու մտքից։

Մինչդեռ իրականությունն այն է, որ այս անգամ, ի տարբերություն 2013 թվականի, Հայաստանի առջեւ չի դրված «կա՛մ նրանք, կա՛մ մենք» երկընտրանքը, այն է՝ Արեւելյան գործընկերության միջոցով ստեղծվում է ուժի բեւեռների միջեւ համագործակցության ընդհանուր դաշտ։

Դաշնակից երկրի քայլը հասկանալու եւ դրան ռացիոնալ բացատրություն տալուն զուգընթաց ռուս քաղաքագետները շեշտադրում են, որ, նախ, ԵԱՏՄ-ին անդամակցելու, ապաեւ Եվրամիության հետ «Համապարփակ եւ ընդլայնված գործընկերության մասին» համաձայնագիրը ստորագրելու միջոցով Հայաստանը երկակի շրջափակման է ենթարկել իրեն աշխարհագրորեն շրջափակած Ադրբեջանին։

Եթե ամփոփենք «Ռեգնումի» մեկնաբանությունը, դա նշանակում է, որ հիմա ուր էլ փորձի ինտեգրվել Ադրբեջանը՝ դռան առջեւ նրան է սպասելու Հայաստանը, որն արդեն ԵԱՏՄ լիիրավ անդամ է, միաժամանակ Եվրամիության գործընկեր։

Ավելին՝ ԵԱՏՄ-ին Ադրբեջանի անդամակցելու ցանկությունը բախվելու է Հայաստանի ունեցած վետոյի իրավունքին, իսկ ահա Եվրամիության հետ գործընկերային հարաբերություններ հաստատելու դեպքում՝ Բաքվի համար ցավոտ՝ քաղբանտարկյալների խնդրին։

Վարդան Գրիգորյան

Հոդվածն ամբողջությամբ կարդացեք «Հայոց Աշխարհ» օրաթերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930