Լրահոս
Օրվա լրահոսը

«Հիմա այս վիճակում ենք, որովհետև առերեսում չի եղել, պատմության աչքերին ուղիղ չենք նայել». վերաբացվեց «Խավարում» ցուցահանդեսը

Նոյեմբեր 29,2017 10:12

«Սարգիս Մուրադյան» -ի պատկերասրահում նոյեմբերի 28-ին վերաբացվեց սովետական բռնապետության անմեղ զոհերին նվիրված «Խավարում» ցուցահանդեսը: Այն առաջին անգամ բացվել էր Հովհաննես Թումանյանի տուն-թանգարանում, սակայն 22 օր անց մշակույթի նախարարի որոշմամբ փակվել էր:

Թանգարանի տնօրեն Նարինե Թուխիկյանը չի հասկանում , թե ինչու են նախարարությունում միայն մոտ 4 շաբաթ անց արձագանքել ցուցահանդեսին. «Եթե կարգ էր խախտված, ուրեմն նախարարությունում մարդիկ լավ չեն աշխատում. Ինչո՞ւ 22 օր անց միայն նկատեցին դա. ուրեմն վատ աշխատողներ կան, թող հեռացվեն աշխատանքից: Եթե ես էլ եմ խախտել օրենք, թող ինձ էլ հեռացնեն»,-ասաց նա:

 

Ցուցահանդեսը միաժամանակ կանցկացվի նաև Գյումրիում և Վանաձորում։ Նարինե Թուխիկյանի հավաստմամբ՝ վերաբացումը ցանցային գործընթաց է եղել, որում թե՛ ծանոթ, թե՛ անծանոթ օգնել են ամեն ինչով։

«Սարգիս Մուրադյան»-ի պատկերասրահի տնօրեն Զարուհի Մուրադյանը նշեց, որ թեև պատկերասրահում հիմնականում ներկայացվում են արվեստ, գեղանկարչություն, քանդակ, իր ընտանիքի արձագանքը այս ցուցահանդեսին հետևյալն էր՝ ինչ արգելվել է, պետք է վերաբացվի։ «Մենք գտնում ենք, որ մեր պարտքն է հասարակությանը տեղեկացնել մեր պատմության դաժան էջերի մասին։ Եթե մենք ամբողջ աշխարհից պահանջում ենք ցեղասպանության ճանաչում, իսկ մեր պատմության մեջ կան այսպիսի սև էջեր, մենք ինքներս պետք է առերեսվենք, որ կարողանանք պահանջել»,-նշեց Սարգիս Մուրադյանի դուստրը։

Նարինե Թուխիկյանն ընդգծեց, որ հնարավոր է՝ այն անունները , որոնք ցուցահանդեսին ներկայացված են, ընդդիմություն առաջացնեն նրանց սերունդների մոտ, բայց ոչ մի ընդդիմացող չունի հակափաստարկ․«Փաստերը զորավոր են, որևէ մեկը չի կարող հակափաստարկել։ Նրանց ամեն ասածը մերկապարանոց է և նրանք անմիջապես թեման փոխում են, բերում մեր ժամանակները, որովհետև պատասխան չունեն , ասում են ՝ իսկ հիմա կաշառակերություն կա և այլն կա։ Հիմա այս վիճակում ենք, որովհետև առերեսում չի եղել, պատմության աչքերին ուղիղ չենք նայել և այսպես կշարունակվի, քանի դեռ ամեն հարց իր տեղում չենք դրել»։

Մշակույթի նախարար Արմեն Ամիրյանը ցուցահանդեսի փակման պատճառը աշխատանքային ներքին կանոնակարգն էր համարել։ Առաջարկել էին վերատեսության ենթարկել, նախարարության համապատասխան վարչության հետ համաձայնեցնել և ապա նոր վերաբացել, ինչը, Նարինե Թուխիկյանի մեկնաբանմամբ, անհասկանալի է մինչ օրս. «Ես լավ չեմ պատկերացնում՝ ինչի համար պիտի դիմեի, եթե 2017 թվականի արտաբյուջետային ծախսերի ծրագրում այս ցուցահանդեսը ներառված էր: Ես չեմ դիմել նորից, պարզապես հարցրել եմ և, եթե հիշում եք՝ կար որոշակի խմբագրումներից հետո վերաբացելու թույլտվություն, որը ես կտրականապես մերժեցի։ Ես չեմ հասկացել և չեմ էլ կարող հասկանալ, թե ինչպես 21-րդ դարում կարող է գրաքննություն լինել անկախ պետության մեջ այնպիսի նյութի վերաբերյալ, որը կապ չունի մեր այսօրվա իշխանությունների հետ, այլ կապ ունի մի երրորդ պետության հետ»։

«Ելք դաշինքի անդամ Արարատ Միրզոյանը մեր այն հարցին, թե ի վերջո ցուցադրության փակումը քաղաքական ենթատեքստ կրու՞մ էր, թե՞ իսկապես նախարարության պատճառաբանած աշխատանքային անհամապատասխանություններն էին, պատասխանեց․«Ցուցահանդեսը շարունակ չվերաբացելը և հետագա խուսանավումները հարցին պատասխանելուց հիմք են տալիս այդպես մտածելու։ Նկատի ունեմ, մասնավորապես պարոն Ամիրյանի հարց ու պատասխանը լրագրողների հետ, երբ պատճառ էր բերվում, թե տեղյակ չի եղել այսինչ օրվա դրությամբ։ Այնինչ նախարարության ֆեսյբուքյան էջում ոչ միայն տեղյակ էին, ինչպես պարզվեց, այլ նաև ֆեսյբուքյան պաշտոնական էջում ազդարարվել էր ցուցահանդեսի բացումը մի քանի օր առաջ։ Այսպիսի անհամապատասխանությունները հենց էջերում հիմք են տալիս ենթադրելու, որ, այնուամենայնիվ, քաղաքական պատճառ կա։ Եվ այսօր փաստն այն է, որ մասնավոր ցուցասրահներն են իրենց դռները բացում ցուցահանդեսի համար և այն իր մայր թանգարանում չի ցուցադրվում»։

Պատկերասրահի տնօրեն Զարուհի Մուրադյանի խոսքերով՝ ցուցահանդեսը կշարունակվի մեկ ամիս, իսկ պահանջարկի դեպքում այն կվերաբացվի նաև տոներից հետո։

 

Կարինե ԿԻՐԱԿՈՍՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930