Լրահոս
Օրվա լրահոսը

Կարեւորը ՀՀ-ԵՄ համաձայնագրից հնարավորինս օգտվելն է

Նոյեմբեր 29,2017 12:00

«Առավոտ»-ի զրուցակիցն է Ժողովրդավարության, անվտանգության
եւ զարգացման հայկական կենտրոնի փորձագետ Մարթա Այվազյանը

– Ռուսաստանում նախագահական ընտրություններ տեղի կունենան 2018թ. մարտին: ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը շարունակում է պահել ինտրիգը, համառորեն չի անդրադառնում իր թեկնածության առաջադրման մասին հարցերին: Ինչպե՞ս կբնութագրեք նախընտրական Ռուսաստանը, ի՞նչ պրոցեսներ են ընթանում այդ երկում նախագահական ընտրություններից 4 ամիս առաջ:

– Ցանկացած մեծ պետության ներքաղաքական կյանքը, քաղաքական եւ տնտեսական էլիտաների միջեւ ընթացող մրցակցության առումով, շատ բարդ եւ բազմաշերտ պրոցես է, ինչն առավել վառ է արտահայտվում ընտրությունների ժամանակահատվածում: Ռուսաստանի դեպքում այդ մրցակցությունն էլ ավելի է բարդանում ՌԴ-Արեւմուտք հարաբերությունների ճգնաժամով, միջազգային պատժամիջոցներով, Ուկրաինայում եւ Սիրիայում ընթացող պատերազմներում Ռուսաստանի ռազմական ներգրավվածությամբ, այս եւ այլ գործոնների հետեւանքով ՌԴ տնտեսության անկման եւ ներքին սոցիալական ու տնտեսական խնդիրների սրացման պատճառով: Ռուսաստանի քաղաքական եւ տնտեսական վերնախավում գոյություն ունեցող լարվածության, սուր մրցակցության եւ ազդեցության ոլորտների վերաբաշխման վառ օրինակներից են ինչպես Վլադիմիր Նեմցովի սպանությունը, այնպես եւ Ռուսաստանի տնտեսական զարգացման նախկին նախարար Ալեքսեյ Ուլյուկաեւի ձերբակալությունը եւ ընթացող դատավարությունը:

Երկու դեպքն էլ արդյունք են Ռուսաստանի իշխանության ներսում, ՌԴ նախագահի անմիջական նեղ շրջապատում, տարբեր ուժային թեւերի, կառույցների մրցակցության եւ վերջիններիս քաղաքական ու տնտեսական հետաքրքրությունների բախման: Զուգահեռ ե՛ւ իշխանության, ե՛ւ հասարակության մեջ աճում է նաեւ ընդհանուր անհանդուրժողականությունը հասարակական կյանքի տարբեր ասպարեզներում այլախոհության դրսեւորումների նկատմամբ, եւ այս անհանդուրժողականության սերմանման մեջ ուղղակի կամ անուղղակի կերպով ներքաշված է նաեւ Ռուս ուղղափառ եկեղեցին: Այս պայմաններում Վլադիմիր Պուտինը, հնարավորինս հետաձգելով իր թեկնածության առաջադրումը, միգուցե փորձում է այս կամ այն կերպ կարգավորել ներիշխանական գործընթացները, չեզոքացնել իր հետագա կառավարմանը սպառնացող հնարավոր ներքին վտանգները եւ, ըստ արդյունքների, որոշում կայացնել իր առաջադրման ձեւի վերաբերյալ: Չմոռանանք, որ Ռուսաստանում հիմնականում հենց ներպալատական ինտրիգների արդյունքում է որոշվում, թե ով կկառավարի երկիրը, այլ ոչ թե ընտրությունների միջոցով: Իսկ այն, որ ներկայիս պայմաններում Վլադիմիր Պուտինն ամեն դեպքում կառաջադրի իր թեկնածությունը եւ կընտրվի՝ թերեւս որեւէ մեկի մոտ կասկած չի առաջացնում: Դա պայմանավորված է ինչպես իր անձնական ամբիցիաներով, այնպես եւ նրանով, որ այսօր նա միակն է, ով կարող է պահպանել, բալանսավորել եւ կառավարել հենց իր կողմից ստեղծված համակարգը:

– ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը վերջերս կարեւորել էր Ռուսաստանի հետ հարաբերությունները՝ միջազգային ճգնաժամերը հաղթահարելու տեսանկյունից: «Ե՞րբ պիտի բոլոր ատելություն քարոզողներն ու հիմարները հասկանան, որ ՌԴ-ի հետ լավ հարաբերություններ ունենալը դրական բան է, ոչ թե բացասական: Նրանք քաղաքականություն են խաղում՝ ի վնաս մեր երկրի: Ես ուզում եմ լուծել Հյուսիսային Կորեայի, Սիրիայի, Ուկրաինայի, ահաբեկչության խնդիրները, եւ Ռուսաստանը կարող է մեծապես օգնել այդ հարցում»,- Թվիթերում գրել էր ԱՄՆ նախագահը: Կարո՞ղ ենք ասել, որ Արեւմուտք-Ռուսաստան ճգնաժամից, խոշոր հաշվով, Պուտինը հաղթած է դուրս գալիս, եւ արեւմտյան պատժամիջոցները չտվեցին այն արդյունքը, ինչն Արեւմուտքն էր ակնկալում:

– Առաջին անգամ չէ, որ միջազգային անվտանգության ներկայիս սպառնալիքները, միջազգային ճգնաժամերը հաղթահարելու հարցում ԱՄՆ նախագահը, եւ ոչ միայն նա, կարեւորում է Ռուսաստանի հետ համագործակցությունը: Դա տրամաբանական ցանկություն է, եւ Ռուսաստանը տեսականորեն կարող է օգնել ե՛ւ Հյուսիսային Կորեայի, ե՛ւ Սիրիայի, ե՛ւ, մասնավորապես, Ուկրաինայի հետ կապված ճգնաժամերի հաղթահարման գործում նվազագույնը չմիջամտելով եւ դրանց խորացմանը չնպաստելով: Սակայն դա հնարավոր կլինի միայն, եթե ՌԴ-ն սկզբունքորեն վերանայի իր արտաքին քաղաքականությունը, այլ կերպ ասած՝ նահանջի ե՛ւ քաղաքական, ե՛ւ գաղափարախոսական, ե՛ւ ռազմական իր ներկայիս դիրքերից: Սա այսօր անհավանական զարգացում է, եւ ԱՄՆ-ի վարչակազմը չի կարող դա չգիտակցել:

Իմ կարծիքով՝ այս պահին սոցիալական ցանցերում նախագահ Դոնալդ Թրամփի հաղորդագրությունները հայտարարություն են մտադրությունների մասին, որոնք ներքին շուկայի եւ միգուցե ինչ-որ չափով Թրամփի ընտրությունը հաղթական ծափահարություններով ողջունած որոշակի ռուսական լսարանի սպառման համար են: Իսկ իրականությունը խստացվող պատժամիջոցներն են, ռուսական մամուլի կողմից մի քանի անգամ որպես Վիետնամում վերջերս կայացած Ասիա-խաղաղօվկիանոսյան տնտեսական համագործակցության գագաթնաժողովի կարեւորագույն միջոցառում հայտարարված եւ այդպես էլ չկայացած ԱՄՆ եւ ՌԴ նախագահների հանդիպումն է եւ այլն: Չեմ կարծում, որ որեւէ մեկն ակնկալում էր, թե արեւմտյան պատժամիջոցների միջոցով կարելի է կարճ ժամանակահատվածում հասնել պուտինյան իշխանության տապալմանը կամ էլ ստիպել Ռուսաստանին կտրուկ վերանայել իր քաղաքականությունը: Դա շատ ավելի երկարաժամկետ գործընթաց է, որն, այնուամենայնիվ, կունենա արդյունք:

– Այժմ էլ Պուտինն է դժգոհում, թե ԱՄՆ-ը ցանկանում է միջամտել գարնանը կայանալիք նախագահական ընտրություններին: Սա պատասխան մեղադրա՞նք է: ԱՄՆ-ում Կոնգրեսն ու սոցցանցերը որոնում են օտար միջամտությունը կանխելու ուղիներ, ի վերջո, ԱՄՆ-ի կողմից հնչող մեղադրանքները՝ ռուսական միջամտության վերաբերյալ, ճի՞շտ էին, եւ որքանո՞վ դրանք կարող էին ազդել ԱՄՆ ընտրությունների արդյունքների վրա:

– Ըստ էության կարելի է ասել, որ ԱՄՆ-ն իր պատժամիջոցներով արդեն իսկ որոշ չափով անուղղակիորեն միջամտում է Ռուսաստանում գարնանը կայանալիք ընտրություններին, սակայն դա բացարձակապես այն միջամտությունը չէ, որը նկատի ունի Պուտինը: ՌԴ նախագահի տեղեկացվածությունը ԱՄՆ-ի ցանկությունների մասին եւ դրա հիման վրա հնչող նմանատիպ մեղադրանքները, իմ կարծիքով, բացարձակապես ներքին սպառման համար են եւ հասցեագրված են Ռուսաստանի ընտրողներին:

Ինչ վերաբերում է ԱՄՆ նախագահական ընտրություններին ռուսական միջամտությանը, ապա դա շատ հավանական է, սակայն վերջնական պատասխանը մենք կիմանանք, երբ ավարտվի այդ խնդրի շուրջ ԱՄՆ-ում ընթացող հետաքննությունը: Ամեն դեպքում համոզված եմ, որ ռուսական միջամտությունը չէր կարող որեւէ նշանակալից ազդեցություն ունենալ ԱՄՆ նախագահի ընտրությունների վրա: Հիմնական գործոնները, որոնք ազդեցին ԱՄՆ-ի նախագահական ընտրությունների արդյունքների վրա, Ժողովրդավարական կուսակցության ընտրազանգվածի պասիվությունն էր, որը շատ դեպքերում պայմանավորված էր նաեւ ընտրողների կողմից ԺԿ-ի թեկնածու Հիլարի Քլինթոնի նկատմամբ բացասական վերաբերմունքով, եւ, հակառակ դրան, հանրապետական ընտրազանգվածի ակտիվությունը, որն իր հերթին պայմանավորված էր Թրամփի պոպուլիստական, իրականությունից բավական հեռու ելույթների հիման վրա ստեղծված պատրանքով, որ նա, չլինելով քաղաքական վերնախավի ներկայացուցիչ, մի շարք՝ հասարակության որոշակի խավի համար ցանկալի փոփոխություններ կիրականացնի երկրում:

– ԱՄՆ նախագահի նախկին թեկնածու, ԱՄՆ նախկին պետքարտուղար Հիլարի Քլինթոնի կարծիքով՝ Վլադիմիր Պուտինը համակված է Խորհրդային Միության փլուզման եւ Հյուսիսատլանտյան դաշինքի ընդլայնման համար վրեժխնդիր լինելու ցանկությամբ։ Նախկին Խորհրդային Միության երկրների եւ ՆԱՏՕ-ի հետ քաղաքականությունում նման որակումները ճի՞շտ են: Ինչպե՞ս եք գնահատում Պուտինի կողմից վարվող քաղաքականությունը հետխորհրդային պետություններում եւ, մասնավորապես, Հարավային Կովկասում:

– ԽՍՀՄ-ի փլուզումը, անկախ արտաքին գործոններից, վաղ թե ուշ տեղի էր ունենալու, եւ պայմանավորված էր դա ներքին քաղաքական եւ տնտեսական զարգացման գործոններով ու խնդիրներով եւ որոշակի պատմական իրողություններով: Եթե նույնիսկ ընդունենք, որ Պուտինը համակված է վրեժխնդրության ցանկությամբ, եւ որ ՌԴ նախագահի գործողությունները որոշ չափով պայմանավորված են հենց դրանով, ապա այդ վրեժխնդրությամբ դրդված քայլերն ուղղված են նաեւ Ռուսաստանի դեմ, եւ արդյունքում դրանից առ այսօր տուժել եւ տուժում են նաեւ ՌԴ-ի քաղաքացիները:
Ավելի ճիշտ կլիներ ասել, որ Պուտինը նախեւառաջ համակված է իր գլխավորությամբ, նեոկայսերական Ռուսաստանի գերիշխանության ներքո թեկուզ եւ ուժային մեթոդներով Խորհրդային Միության վերականգնման ցանկությամբ: Հետխորհրդային պետություններում եւ, մասնավորապես, Հարավային Կովկասում ՌԴ-ի կողմից վարվող քաղաքականությունը նույնպես պայմանավորված է, ըստ էության, ԽՍՀՄ-ի վերականգնման ձգտումով: Բնականաբար այդ ծրագրի իրականացման հիմնական խոչընդոտներից են նաեւ ՆԱՏՕ-ն, ԱՄՆ-ը, ԵՄ-ն եւ այլ միջազգային կառույցներ: Սակայն չմոռանանք, որ պատմությունը, որպես օրենք, կրկնվում է երկու անգամ՝ առաջին անգամ որպես ողբերգություն, երկրորդ անգամ՝ որպես ֆարս:

Խորհրդային Միությունը՝ որպես երեւույթ, որպես գաղափարախոսական, քաղաքական եւ պետական համակարգ, իր կազմավորման սկզբից ի վեր, ըստ էության, ողբերգություն էր ԽՍՀՄ բոլոր ժողովուրդների համար: Հենց այդ տարիների ընթացքում հասարակության մեջ իրականացված բացասական սելեկցիան մարդկային ռեսուրսի առումով այսօր Ռուսաստանը կանգնեցրել է քանակական եւ, մասնավորապես, որակական դեմոգրաֆիական ճգնաժամի առջեւ, ինչը բացասաբար է ազդում նաեւ երկրի քաղաքական, տնտեսական, հասարակական եւ այլ ոլորտների վրա, խոչընդոտում Ռուսաստանի զարգացմանը: Ցավոք սրտի, այդ պատմական եղելության բացասական հետեւանքները տեսանելի են նաեւ Հայաստանում: Եվ այդ հիմքերի վրա, այդ գաղափարախոսության ներքո ԽՍՀՄ վերականգնման ծրագրերը, իմ կարծիքով, չեն կարող ավարտվել հաջողությամբ, եւ հուսով եմ, որ պատմության մեջ դրանք կհիշվեն որպես ֆարս, այլ ոչ որպես հերթական ողբերգություն:

– ՀՀ-ն եւ ԵՄ-Ն ստորագրեցին համապարփակ եւ ընդլայնված գործընկերության համաձայնագիրը: ՀՀ-ԵՄ եւ հայ-ռուսական հարաբերությունները հավասարակշռելու հարցում կարո՞ղ ենք ասել, որ Հայաստանի իշխանությանը հաջողվեց լեզու գտնել թե՛ ԵՄ-ի, թե՛ ՌԴ-ի հետ:

– Նախ նշեմ, որ ՀՀ-ԵՄ համաձայնագրի ստորագրումը միանշանակորեն դրական եւ նույնիսկ հուսադրող քայլ է, որը կարող է մեծ հեռանկարներ բացել Հայաստանի համար: Դա ապահովում է ԵՄ-ի հետ Հայաստանի համագործակցության ինստիտուցիոնալ շարունակականությունը եւ հիմք է Հայաստանում ԵՄ-ի ներկայության եւ ակտիվ գործունեության համար: Արդյոք համաձայնագրի ստորագրումը դարձավ հնարավոր, որովհետեւ Հայաստանի իշխանություններին հաջողվե՞ց լեզու գտնել եւ ԵՄ-ի, եւ ՌԴ-ի հետ, թե՞ որովհետեւ ԵՏՄ-ին Հայաստանի անդամակցությունից հետո այս գործընկերության համաձայնագիրն այլեւս ՌԴ-ի կողմից չի ընկալվում որպես սպառնալիք իր շահերին, կամ որովհետեւ այս հարցը որոշվել է ուղղակիորեն ԵՄ-ի եւ Ռուսաստանի միջեւ, եւ ՌԴ-ն կամ ստիպված է եղել չխոչընդոտել ստորագրմանը, կամ էլ միգուցե ունի իր հետաքրքրությունն այս ձեւաչափով ՀՀ-ԵՄ հարաբերությունների շարունակության մեջ՝ դժվար է միանշանակորեն ասել: Կարծում եմ, որ ստորագրումը հնարավոր դարձավ այս բոլոր գործոնների համադրման արդյունքում: Սակայն կարեւորն այսօր այն չէ, թե ինչպես ստորագրվեց համաձայնագիրը, կարեւորը դրանից հնարավորինս օգտվելն է, համաձայնագրի դրույթների պատշաճ կատարման միջոցով ԵՄ-ի հետ համագործակցությունը խորացնելն ու Հայաստանի զարգացման եւ ամրապնդման հեռանկարը հերթական անգամ բաց չթողնելը:

 

ԷՄՄԱ ԳԱԲՐԻԵԼՅԱՆ

«Առավոտ», 28.11.2017

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930