Լրահոս
COP29-ի հակառակ կողմը
Օրվա լրահոսը

Առաջինը «Գարդասիլով» բուժաշխատողների աղջիկները պատվաստվեցին

Նոյեմբեր 29,2017 16:00

Դեկտեմբերի 11-ից սկսած մեր երկրում 9-13 տարեկան աղջիկներին կպատվաստեն «Գարդասիլ» կոչվող քառավալենտ պատվաստանյութով:

Այս պատվաստանյութը կնոջ մոտ արգանդի վզիկի քաղցկեղ առաջացնող պապիլոմավիրուսի վարակի դեմ է:

Պատվաստանյութի ներդրումը պատվաստանյութերի ազգային օրացույց հասարակության շրջանում մտահոգությունների առիթ է տվել: Վկայակոչելով տարբեր աղբյուրներ՝ ոմանք պնդում են, որ «Գարդասիլով» պատվաստվելը կարող է հանգեցնել մի շարք հիվանդությունների` անպտղության, գենային մուտացիաների, անգամ մահվան: Առողջապահության ոլորտի պատասխանատուներն էլ պնդում են, որ պատվաստանյութը միանգամայն անվտանգ է` հղում անելով ապացուցողական բժշկության աղբյուրներին, գիտական աշխատություններին:

Նախորդ շաբաթ Ծաղկաձորում կազմակերպված եռօրյա դասընթացի ժամանակ ոլորտի պատասխանատուները ներկայացրին բոլոր այն փաստարկները, որոնք կվկայեին «Գարդասիլի» անվտանգ եւ անհրաժեշտ լինելու մասին: Դասընթացին ներկա առողջապահության նախարար Լեւոն Ալթունյանից լրագրողներից մեկը հետաքրքրվեց՝ նա եթե աղջիկ երեխա ունենար, կպատվաստե՞ր «Գարդասիլով», պարոն Ալթունյանն ասաց` միանշանակ. «Ես կզարմանամ այն ծնողի վրա, որը չի պատվաստի»:

ՀՀ Իմունականխարգելման ծրագրի ղեկավար Գայանե Սահակյանի ներկայացմամբ՝ Առողջապահության համաշխարհային կազմակերպությունն (ԱՀԿ) առաջարկում է 9-13 տարեկան աղջիկներին երկու դեղաչափ պատվաստում՝ երկու դեղաչափերի միջեւ 6 ամիս միջակայքով:

Նշենք, որ «Գարդասիլ» պատվաստանյութը Հայաստանը դրամաշնորհային ծրագրի շրջանակներում ձեռք է բերել «Գավի» հիմնադրամի օգնությամբ։ Առաջին երկու տարին պատվաստումները Հայաստանում իրականացվելու են անվճար։
Թե ինչու են ընտրել «Գարդասիլ» քառավալենտը, այլ ոչ թե Ցեռվարիկս երկվալենտ պատվաստանյութը, որը նույն առաքելությունն ունի, տիկին Սահակյանն ասաց, որ բացի քաղցկեղի 16 եւ 18 շտամների դեմ պայքարելուց, որոնք ախտահարում են արգանդի պարանոցը, «Գարդասիլ» քառավալենտի մեջ կա երկու լրացուցիչ պաշտպանություն: Մոլդովան եւ Վրաստանը նույնպես ընտրել են «Գարդասիլը»:

Ըստ տիկին Սահակյանի՝ աշխարհի ավելի քան 70 երկրում այս պատվաստումներն իրականացվում են, եւ արդյունքները տեսանելի են: Ավստրալիայում պատվաստումները կատարվում են մինչեւ 30 տարեկանների շրջանում եւ հինգ տարվա կտրվածքով, ըստ Գայանե Սահակյանի՝ շոշափելի արդյունքներ կան. «Մինչեւ 21 տարեկանների շրջանում 93 տոկոսով դիտվել է սեռական գորտնուկների նվազում, 21-ից մինչեւ 30 տարեկանների շրջանում՝ մոտ 73 տոկոսով: Արդյունք է դիտվել նաեւ տղամարդկանց շրջանում, որոնք պատվաստված չեն եղել, եւ սա բնական է, քանի որ երբ զանգվածային միջոցառում է կատարվում, եւ մեծ թվով մարդիկ են ընդգրկվում այդ միջոցառման մեջ, վիրուսի շրջանառությունը նվազում է, եւ դրանից օգտվում են նաեւ չպատվաստված խմբերը: Դանիայում նույնպես սեռական գորտնուկների նվազում է տեղի ունեցել: ԱՄՆ-ում կատարվել են հետազոտություններ` պատվաստված խմբերի եւ չպատվաստված խմբերի շրջանում. 2008-ից 2012 թվականների արդյունքներով՝ 16 եւ 18 շտամները ԱՄՆ-ում նվազել են»:

Ինչ վերաբերում է պատվաստանյութի վտանգավոր կամ անվտանգ լինելուն, ապա տիկին Սահակյանն ասաց, որ Պատվաստանյութերի անվտանգության գլոբալ կոմիտեն լուրջ հետազոտություններ է կատարել. «Այս կոմիտեն ցանկացած պատվաստանյութի անվտանգության շուրջ հավաքվում է եւ քննարկում է տվյալ պահին առկա բոլոր հետազոտությունները: Մեծ թվով մարդկանց շրջանում իրականացվել են 270 միլիոն դեղաչափ պատվաստումներ, ինչի արդյունքում որեւէ ապացույց չի հայտնաբերվել մի շարք ախտորոշումների` շնչառական համակարգի, տրոմբոէմբոլիա, տախիկարդիա, սրտանոթային համակարգի այլ հիվանդությունների, ռեգիոնալ ցավերի եւ պատվաստումների միջեւ»:

Պատվաստանյութի հակացուցումներն էլ նույնն են, ինչպես մյուս պատվաստումների դեպքում. «Օրինակ` եթե նախորդ դեղաչափից ունենք ծանր ալերգիկ ռեակցիա, հաջորդ դեղաչափն այլեւս չի իրականացվում: Նախազգուշական միջոցառումներ, եթե աղջկա մոտ սուր վիճակ է գրանցվում, նշում է որեւէ գանգատ, տվյալ պահին պատվաստումը չի կատարվում, հետաձգվում է մինչեւ առողջական վիճակի նորմալացումը կամ գնահատումը որպես առողջ: Մենք թրեյնինգների ժամանակ մեր բուժաշխատողներին հրահանգել ենք, որ հատկապես ուշադրություն դարձնեն՝ եթե քրոնիկ հիվանդություններ կան աղջիկների մոտ, ուշադիր լինեն եւ սրացումների ժամանակ պատվաստումներ չիրականացնեն»:
Տիկին Սահակյանն ասաց, որ պատվաստանյութի բաղադրության մեջ ռեկոմբինատ վակցինա է, եւ նրա մեջ չի մտնում ակտիվ վիրուս, հետեւաբար պատվաստանյութը չի կարող այդ հիվանդությունն առաջացնել:

Ինչ վերաբերում է պատվաստումներից հետո պատվաստումային ռեակցիաներին, տիկին Սահակյանն ասաց, որ պատվաստվածներից մոտ 80 տոկոսի մոտ կարող է դիտվել ցավային սինդրոմ. «Բայց սա շատ կարճատեւ է, այն կարող է լինել լոկալ միայն տվյալ ներարկման տեղով պայմանավորված: Մոտ 10%-ի մոտ կարող է լինել ջերմություն, գլխացավերի ձեւով ռեակցիաներ, իհարկե նաեւ ծանր ալերգիկ ռեակցիաներ, հիմնականում անհանգստացնողը անաֆիլիաքսիան է, սա կարող է լինել միլիոն պատվաստվածից մեկի մոտ:

Սակայն դա պատվաստանյութի ազդեցությամբ չէ պայմանավորված, այն կարող է լինել ցանկացած դեղամիջոցից, ցանկացած միջամտությունից կամ մեղվի խայթոցից, քիմիական նյութի ազդեցությունից եւ այլն»:

Նշենք, որ պատվաստումը կատարվում է թեւից: Պապիլոմա վիրուսի դեմ կպատվաստվեն 2004 թվականի հուլիսից հետո ծնված աղջիկները:

Նախարարության պատասխանատուները նշեցին, որ տարեկան 80-120 կին Հայաստանում մահանում են արգանդի պարանոցի քաղցկեղից:
Պատվաստանյութի անվտանգ լինելն ապացուցելու համար դասընթացի ժամանակ նախարարության ներկայացուցիչներն իրենց աղջիկ երեխաներին պատվաստեցին «Գարդասիլ» պատվաստանյութով:

 

ԼՈՒՍԻՆԵ ԲՈՒԴԱՂՅԱՆ

«Առավոտ»

28.11.2017

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930