Լրահոս
COP29-ի հակառակ կողմը
Օրվա լրահոսը

Անդրիաս Ղուկասյանի դատավոր Գրիգորյանի դավանանքը

Նոյեմբեր 29,2017 15:30

Օրերս Բրյուսելում Հայաստանի Հանրապետությունը եւ Եվրոպական միությունը ստորագրեցին Համապարփակ եւ ընդլայնված գործընկերության համաձայնագիր, որը ՀՀ իշխանությունների կողմից դատաիրավական համակարգի ու մարդու իրավունքների ոլորտներում լուրջ գործողություններ է ենթադրում:

Համաձայնագիրը ստորագրելուց հետո նախագահ Սերժ Սարգսյանը ԵՄ Արեւելյան գործընկերության գագաթաժողովում ելույթ ունեցավ, հայտարարելով. «Այս համաձայնագիրը սոսկ նոր իրավական փաստաթուղթ չէ, այլ մարդու իրավունքների եւ հիմնարար ազատությունների վրա խարսխված այն արժեհամակարգի արտացոլումն է, որը մենք դավանում ենք։ Համաձայնագրի հիմքում ընկած են ժողովրդավարության արմատավորման այնպիսի կարեւոր դրույթներ, ինչպիսիք են իրավունքի գերակայությունը, արդարադատության ամրապնդումը…: Այս դրույթներն արդյունավետ կյանքի կոչելը կենսական կարեւորություն ունի մեր երկրում հետագա բարեփոխումները հաջողությամբ իրականացնելու տեսանկյունից»:

Պարզ է, որ արդարադատության ու մարդու իրավունքների ամրապնդմանն ուղղված իշխանությունների քայլերը լինելու են ԵՄ հսկողության ներքո, քանի որ հարց է. արդյո՞ք ՀՀ իշխանությունները ունեն քաղաքական կամք` իրականում կատարելու համաձայնագրով ստանձնած պարտավորությունները, թե լինելու է դրանց կատարման իմիտացիա:
ԵՄ ուշադրության կենտրոնում են լինելու քաղաքական ենթատեքստով դատավարությունները, հատկապես` քաղբանտարկյալ Անդրիաս Ղուկասյանի դատավարությունը:

Ու թեեւ ըստ նախագահի` մենք դավանում ենք մարդու իրավունքների եւ հիմնարար ազատությունների վրա խարսխված արժեհամակարգ, Անդրիաս Ղուկասյանի գործով նախաքննությունն այդ արժեհամակարգի այնպիսի կոպիտ խախտումներով իրականացվեց, որ Human Rights Watch միջազգային իրավապաշտպան կազմակերպությունը Անդրիաս Ղուկասյանի վերաբերյալ երկու անգամ հայտարարություն տարածեց` իշխանություններին կոչ անելով նրան ազատ արձակել, իսկ Եվրոպական դատարանը կալանավորման դեմ մեր դիմումին առաջնահերթություն տվեց:

ՀՀ իշխանությունները Անդրիասին ազատ չարձակեցին, շարունակեցին նախաքննությունն իրականացնել կոպտագույն խախտումներով ու գործն ուղարկեցին դատարան:
Գործը վարույթ է ընդունել Էրեբունի եւ Նուբարաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Վարդան Գրիգորյանը, որն ըստ նախագահի հայտարարության «մենք»-ի` այն արժեհամակարգի դավանողներից է, որը խարսխված է մարդու իրավունքների եւ ազատությունների վրա:

Ա՛յս դատավորն է, որ մեր երկրում հետագա բարեփոխումները հաջողությամբ իրականացնելու համար Անդրիաս Ղուկասյանի գործի շրջանակներում պետք է արդյունավետորեն կյանքի կոչի ժողովրդավարության արմատավորման այնպիսի կարեւոր դրույթներ, ինչպիսիք են իրավունքի գերակայությունն ու արդարադատության ամրապնդումը:

Ա՛յս դատավորն է, որի կողմից իրականացվող արդարադատությունը ցուցիչ է լինելու այն բանի, թե իշխանություններն ինչպես են կատարում շրջանակային համաձայնագրով ստանձնած պարտավորությունները:

Ա՛յս դատավորն է, որ գործը վարույթ ընդունելով՝ Անդրիաս Ղուկասյանի կալանքի ժամկետը անժամկետ երկարացրեց, առանց որեւէ պատճառաբանության եւ ընդամենը մեկ տող գրելով` ընտրված խափանման միջոցը թողնել անփոփոխ:
Ա՛յս դատավորն է, որը հրաժարվեց Անդրիաս Ղուկասյանին պարզաբանել մեղադրանքի էությունը, թեեւ պարտավոր էր դա անել:

Ա՛յս դատավորն է, որն Անդրիաս Ղուկասյանին թույլ չտվեց իր գործով առաջինը ցուցմունք տալ, պատճառաբանելով, որ մեղքը չի ընդունել:

Ա՛յս դատավորն է, որը վկաներին վերջինը հարցեր տալու փոխարեն ստանձնում է դատախազի լիազորություններ` հարցեր տալով առաջինը եւ հուշում, թե վկան ինչ ասի:
Ա՛յս դատավորն է, որն արգելում է հրապարակել վկաների նախաքննական ու դատաքննական ցուցմունքների էական հակասությունները, թույլ չտալով, որ «սուտը բռնելու» համար այդ հակասությունների շուրջ հարցեր տրվեն վկաներին, ինչպես նաեւ, որպեսզի ցուցմունքները, դրանց հավաստիությունը գնահատելիս հակասություններին չանդրադառնա, չէ՞ որ դատավճիռ կայացնելիս գնահատվում են միայն դատարանում հետազոտված ապացույցները, իսկ նախաքննական ցուցմունքները հրաժարվում է հետազոտել:

Ա՛յս դատավորն է, որի արժեհամակարգը, որի դավանանքը բացահայտվում է իր` վերը նշված գործողություններով ու որոշումներով:

Ա՛յս դատավորը Վարդան Գրիգորյանն է, որը նախագահի նշած բարեփոխումներն իրականացնողների առաջամարտիկներից պետք է լինի:

 

ԿԱՐԵՆ ՄԵԺԼՈՒՄՅԱՆ

Փաստաբան

«Առավոտ»

28.11.2017

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930