Լրահոս
COP29-ի հակառակ կողմը
Օրվա լրահոսը

ՄԻԵԴ-ում հաղթած Մկրտչյանների գործերն առաջինն էին

Նոյեմբեր 29,2017 15:00

Արմեն Մկրտչյանն առաջին դիմումատուն էր, որը 2006թ. Մարդու իրավունքների եվրոպական դատարանում հաղթեց Հայաստանի Հանրապետությանը, իսկ եղբայրը՝ Արսեն Մկրտչյանը, լինելով Հայաստանի քաղաքացի, օրեր առաջ՝ նոյեմբերի 21-ի որոշմամբ հաղթեց այլ պետության՝ Ռուսաստանի Դաշնությանը:

Արսեն Մկրտչյանին ՌԴ-ն պետք է փոխհատուցի 7500 եվրո եւ փաստաբանի ծախսը՝ 850 եվրո: «Առավոտի» հետ զրույցում Արսենն ասում է, որ դատարանի որոշման մեջ ՌԴ-ն այլ ծախսեր էլ պետք է հատուցի, որը պետք է քննարկվի Ռուսաստանի հետ:

«Առավոտն» անդրադարձել է Արսեն Մկրտչյանի պահանջին՝ «Էքստրադիցիայի համար գումար են ուզում»: Ա. Մկրտչյանի նկատմամբ 2004թ. հարուցվել էր քրեական գործ: Նա մեղադրվել էր խարդախությամբ առանձնապես խոշոր չափերի հասնող գումար հափշտակելու մեջ: 2004 թ. օգոստոսի 16-ին նրա նկատմամբ կայացվել էր որոշում՝ խափանման միջոց ընտրելով կալանքը: Նույն օրը քրեական գործի վարույթը կասեցվել էր, քանի որ Արսեն Մկրտչյանը բացակայել է հանրապետությունից:

Հետագայում նրա նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցվել է հանցակազմի բացակայության հիմքով, «տուժողն» ակնհայտ սուտ ցուցմունք էր տվել, իսկ 2 դրվագով վաղեմության պատճառով դադարեցվել էր քրեական գործի վարույթը: Արսեն Մկրտչյանը ՌԴ էր գնացել օրինական ճանապարհով, 2004թ. հունիսի 1-ին, այսինքն՝ այն ժամանակ, երբ քրեական գործ դեռ հարուցված չի էլ եղել:

Հայաստան տեղափոխելու համար Արսեն Մկրտչյանից էր դատախազությունը պահանջել գումարը: Ա. Մկրտչյանը հետապնդվել է հանիրավի: «Մեկնել էի Ուֆա՝ աշխատելու: Ամիսներ անց կալանավորել են, ասելով, թե ՀՀ-ում հետախուզման մեջ եմ: 11 ամիս 11 օր գտնվել եմ Ուֆայի կալանավայրում: Նախ այնտեղ պահվել եմ 49 օր՝ առանց իմանալու, թե ինչու են ինձ կալանավորել: Դիմել եմ Ուֆայի դատախազին, իրավական որեւէ օգնություն չեմ ստացել: Հայաստանը որեւէ հետաքրքրություն ցույց չի տվել իմ նկատմամբ» ,-տեղեկացրել էր ՄԻԵԴ-ի բողոքում հայ քաղաքացին: Նրան 49 օր պահում են քրեականների խցում, Ադրբեջանի 4 քաղաքացիների հետ:

ՄԻԵԴ-ի բողոքի մեջ հայ քաղաքացին գրել էր նաեւ ռուսական արդարադատական, իրավապահ մարմինների կողմից մարդկային արժանապատվությունը նսեմացնելու, ազատությունից առանց հիմնավորման եւ դատարանի որոշման մեկուսացնելու, խտրականության մասին. «Ինձ դատարան տարան ձեռնաշղթաներով: Խնդրում էի հանել, քանի որ դրանք ձեռքերիս փոքր էին: Չէին հանում: Բաժակ անգամ չեմ ունեցել: Օրական մեկ անգամ էր տրվում ուտելիք կոչվածը: Սափրվելու հնարավորություն չկար: 7-րդ կորպուսի 49 խցում կար 22 կալանավոր, ում համար նախատեսված էր 16 քնելատեղ: Հետագայում փոխեցին խուցս, որը 30 քմ էր՝ 8 հոգու համար: Անընդհատ կամերայով նկարում էին, օպերատորները կանայք էին, որոնք տեսնում էին, թե ինչպես էինք մեր բնական կարիքները հոգում»:

«Ամենակարեւորը, ցավոք, այն է, որ քաղաքացիական գիտակցությունը մեր հասարակությունում դեռ այն մակարդակին չի, որպեսզի հասկանան, որ ցանկացած հաղթած գործ Եվրադատարանում, դա հանուն ՀՀ-ի ժողովրդավարացման է, այսինքն՝ հզորացման, այլ ոչ թե իրավական տերմինով ընդդեմ Հայաստանի, այլ ընդդեմ տգիտության եւ կոռուպցիայի»,-«Առավոտի» հետ զրույցում ասում է հաջորդ զրուցակիցս՝ ՄԻԵԴ առաջին գործով հաղթած Արմեն Մկրտչյանը:

Արմեն Մկրտչյանը տեղեկացրել էր, որ վարչական տույժի է ենթարկվել 2002թ. մայիսի 15-ին: Արմենը ՄԻԵԴ էր դիմել նույն տարվա նոյեմբերի 25-ին, իսկ որոշումը եղել է 2006թ.-ին:

Նա սպառել էր ներպետական դատական պաշտպանության բոլոր հնարավորությունները, դիմել էր նաեւ վերաքննիչ դատարան: Նրա նկատմամբ վարչական վարույթ էր հարուցվել 500 դրամի չափով: «Այդ օրն առաջին անգամ ոստիկանությունը զանգվածաբար ակտիվիստներին սկսեց բերման ենթարկել եւ անցկացվում էին գիշերային դատեր: Ես ինքս եմ գնացել Արաբկիրի ոստիկանության բաժին եւ խնդրել եմ բաց թողնել մեր երիտասարդներին, փոխարենը ինձ ձերբակալելով: Բաց թողեցին ոչ բոլորին, ոմանց էլ ենթարկեցին վարչական կալանքի, ինձ որպես «Հանրապետություն» կուսակցության քաղխորհրդի անդամ, խուսափեցին տալ վարչական կալանք, այլ ընդամենը տուգանեցին: Իհարկե, տուգանքը չեմ մուծել եւ որպեսզի հետագայում նման ապօրինություններ չկրկնվեն, որոշումը բողոքարկեցի»,-հիշում է Արմեն Մկրտչյանը:

 

ՌՈՒԶԱՆ ՄԻՆԱՍՅԱՆ

«Առավոտ»

28.11.2017

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930