Լրահոս
COP29-ի հակառակ կողմը
Օրվա լրահոսը

«Ես այն եմ, ինչ կամ»

Նոյեմբեր 29,2017 14:30

Սերգեյ Խաչատրյանը` աշխարհահռչակ,
բայց միաժամանակ համեստ լինելու մասին

Աշխարհահռչակ ջութակահար Սերգեյ Խաչատրյանը միշտ կարեւորում է համերգներին հայ կոմպոզիտորների երկեր կատարելը:

«Առավոտը» Սերգեյ Խաչատրյանից հետաքրքրվեց, թե իր համար հայ կոմպոզիտորների հատկապես ո՞ր ստեղծագործություններն է այցեքարտային համարում:
«Ես միակը չեմ, որ այցեքարտային է համարում Կոմիտասի «Կռունկը»: Ամբողջ աշխարհը ճանաչում է Կոմիտասի «Կռունկը»: Տարբեր երաժիշտներ այն պարբերաբար ներկայացնում են «դրսում»: Դա ոչ միայն հայերի, այլեւ օտարազգիների համար դարձել է սիմվոլային գործ, որը բնորոշում է հայ ժողովրդին, նրա երաժշտությունը, մշակույթը:

Միաժամանակ, ես նաեւ համարում եմ, որ քսաներորդ դարի շատ հետաքրքիր երաժշտություն ունենք: Անձամբ ես շատ եմ սիրում Միրզոյանին, որի գործը օրերս Ժնեւի «Վիկտորիա Հոլում» կատարեցի»,-ասաց մեր զրուցակիցը:

Սերգեյ Խաչատրյանին հարցրինք՝ ստեղծագործական վեճեր ունենո՞ւմ են դաշնակահարուհի քրոջ՝ Լուսինեի հետ, որի հետ համերգներով է հանդես գալիս տարբեր բեմերում:

«Երբեմն պատահում է, որովհետեւ երկու տարբեր անձեր ենք եւ ունենք անհատական կարծիքներ` տարբեր հարցերի վերաբերյալ: Իհարկե, լինում է, որ տարբեր հարցերում համաձայն չենք լինում, բայց քանի որ երկուսիս համար էլ կարեւորն ի վերջո երաժշտությունն է, այլ ոչ թե մեր կարծիքն առաջ տանելը, ուստի, այսպես ասած, երաժշտության լավի համար գտնում ենք միասնական լուծում եւ գալիս ընդհանուր հայտարարի»,-պատասխանեց մեր զրուցակիցը:

Իսկ հե՞շտ է լինել հայտնի եւ միաժամանակ համեստ: Ի պատասխան՝ ճանաչված երաժիշտը ժպտալով ասաց. «Չգիտեմ, որովհետեւ ես չեմ մտածում դրա մասին, ես այն եմ, ինչ կամ»:

Մեր դիտարկմանը, որ միշտ հաճելի է իրեն տեսնել Հայաստանում, առաջիկայում որեւէ ծրագիր ունի՞ Հայաստանի հետ կապված, ջութակահարը պատասխանեց. «Այս պահին կոնկրետ ծրագրեր չկան, բայց մյուս տարի անպայման կլինեմ Հայաստանում` մենահամերգով, ուղղակի դեռ չգիտեմ, թե երբ կկարողանամ «պատուհան» գտնել, որպեսզի իմ համերգների արանքում կարողանամ այցելել Հայաստան ու նվագել հայ ունկնդրի համար, բայց 2018 թ. անպայման համերգ կունենամ, շատ անգամ դա ինքնաբուխ է ստացվում»:

Մեր հարցին` հատկապես Հայաստանի ո՞ր նվագախմբի հետ է նախընտրում հանդես գալ, ո՞ր նվագախմբի հետ է իրեն, այսպես ասած, հարմարավետ զգում, Սերգեյ Խաչատրյանը պատասխանեց. «Ֆիլհարմոնիկի հետ երկար տարիների կապ ունեմ, որովհետեւ իմ առաջին այցելությունը Հայաստան՝ դա 1998 թվականին էր: Դրանից հետո ես գրեթե ամեն տարի եկել եմ Հայաստան, միշտ նվագել եմ ֆիլհարմոնիկի հետ, դեռ Լորիս Ճգնավորյանի ժամանակվանից, հետագայում Էդուարդ Թոփչյանի հետ եմ համագործակցել, այդ առումով իմ ճանապարհը կապվում է ֆիլհարմոնիկի հետ: Վերջին տարիներին էլ Սերգեյ Սմբատյանի ու Երիտասարդական նվագախմբի հետ էլ եմ հանդես գալիս: Մի խոսքով, երկուսի հետ էլ համագործակցում եմ, ինձ հաճելի է իրենց հետ աշխատել»:

 

ԳՈՀԱՐ ՀԱԿՈԲՅԱՆ

Լուսանկարը՝ ֆեյսբուքյան էջից:

«Առավոտ»

28.11.2017

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930