Լրահոս
COP29-ի հակառակ կողմը
Օրվա լրահոսը

«Ավելի շուտ վիրահատական դանակ է պահանջվում, քան հոգեպնդող խոսք»

Նոյեմբեր 29,2017 14:00

Հարցազրույց ռեժիսոր Լեւոն Իվանյանի հետ

– Պարոն Իվանյան, օրերս Արամ Խաչատրյան համերգասրահում մեծ շուքով նշվեց ՀՀ Զինված ուժերի Գլխավոր շտաբի Ռազմանվագախմբային ծառայության հիմնադրման 25-ամյակը: Պետական նշանակության այդ բարձր կարգի հանդիսություններ Դուք հաճախ եք բեմադրում…

– Վերջին յոթ տարիների ընթացքում այդ կարգի հանդիսությունների իրականացումը երեսունից ավելի են: Շուտով հանդիսականին կներկայացվի նաեւ ՀՀ Զինված ուժերում Հոգեւոր առաջնորդության հիմնադրման 20-ամյակը, որի սցենարի եւ բեմադրության իրականացման պատասխանատուն դարձյալ ես եմ:

– Բավարարվա՞ծ եք մեր մշակութային կյանքով, հաշվի առնելով նաեւ, որ Դուք որպես տնօրեն ղեկավարում եք Երեւանում ամենաակտիվ գործող մշակութային կառույցներից մեկը՝ «Նարեկացի» արվեստի միությունը:

– Այս ամենն, իհարկե, շատ լավ է հնչում, բայց շատ պարզունակ կլիներ իմ կողմից այսքան բան տեսնել եւ չտեսնել այն խոշոր բացթողումները, որոնք առկա են մեր մշակութային կյանքում: Միայն լավը շեշտել եւ աչք փակել գրեթե կործանարար երեւույթների առաջ, առնվազն ազնիվ չէ՝ եւ՛ որպես մարդ, եւ՛ որպես քաղաքացի, եւ՛ որպես մասնագետ: Բարեկրթության նկատառումներով պատշաճ է գնահատել այն ամեն լավը, որ արվում է մեզանում եւ դրանք, բարեբախտաբար, շատ-շատ են, բայց Հայրենիքի եւ գալիք սերնդի ապագայի մասին ծնողական եւ քաղաքացիական անհանգստությունը ավելի շուտ վիրահատական դանակ է պահանջում, քան հոգեպնդող խոսք:

– Գուցե օգտվեք Ձեր ասած մշակութային վիրահատական դանակի ծառայություններից, եթե համոզված եք, որ դրա գործադրումը բուժիչ նշանակություն կունենա:

– Դժվարանում եմ ասել: Շատ ցավոտ է լինելու, գուցե ձեռք չտանք անբուժելի թվացող ախտին…

– Իսկ ազնի՞վ կլինի չասել այն, ինչը կարող է բուժիչ ազդեցություն ունենալ մեր մշակութային կյանքի համար:

– Ազնվությունն ու ազնվական պահվածքը, իհարկե, պահանջում են վճռական լինել անհրաժեշտ պահին, բայց միշտ պետք է ծանրութեթեւ անել ասված խոսքի ու արված գործի տրվելիք օգուտն ու վնասը: Եթե բուժող բժիշկը հենց ինքդ դու ես, ապա իմաստ չունի խորհուրդ հարցնել մեկ ուրիշից, որը ոչ բժիշկ է, ոչ էլ ծանոթ է բուժվելիք ախտին:

– Կարծես թե շատերի նման խուսափում եք ուղիղ խոսք ասելուց: Եթե գիտեք ինչն ինչպես պիտի բուժվի, ինչո՞ւ չեք ասում այդ մասին:

– Ճիշտ եք: Բայց եթե ասելիքս պիտի գրվի ու սովորականի նման անտեսվի իշխանությունների կողմից, ապա ավելի լավ է լռեմ՝ ինչպես տասնամյակներ շարունակ, եւ «գլուխս կախ» անեմ այնքանն, ինչքան կարող եմ անել եւ ինչպես խորհուրդ են տալիս անել փորձառու մարդիկ ու «ազգային անվտանգությանը» հետեւող պաշտոնյաները: Իսկ եթե ասածս ազդեցություն կունենա, օրինակ՝ ցնցում առաջացնելու նման, այդ դեպքում պիտի տեր կանգնեմ իմ ասած խոսքերին ու պատասխանատու լինեմ քաղաքացիների եւ աշխարհատարածված ազգի առաջ: Ամեն դեպքում, երբեք չեմ մասնակցել ու միշտ դեմ եմ եղել փողոցային ու հրապարակային գոռում-գոչյուններին եւ չեմ ուզում բարձրագոչ ու անարդյունք մտքեր հայտնել: Իսկ ամենակարեւորը, որպես բժշկի որդի, եթե չեմ կարող օգնել, ավելի լավ է չվնասեմ: Այնպես որ, գերադասում եմ լռել ու անել այն, ինչը կարող եմ անել եւ ինչքան կարող եմ՝ որակով անել:

– Այն տպավորությունն է, որ իսկապես ասելիք կա, բայց մի տեսակ կամ վախենում եք, կամ էլ, կներեք, Ձեր խոսքերը նման են պատասխանատվությունից խուսափող մարդու…

– Սադրում եք ինձ, որ պոռթկամ ու իմ չասելիքը կամ զսպված խոսքն ասեմ: Հասկանալի է նաեւ, որ ես որպես ծանր պատասխանատվությունների բովով անցած մարդ, շատ լավ հասկանում եմ իմ ասելիքի ու անելիքի կշիռը: Չեմ կարող ասել այնպիսի խոսք, որ դատարկ կրակոց լինի, դա կարող է լինել խոսք, որն ավելի կխոցի, քան որեւէ զենք, քանզի դիպուկ խոսքը միշտ էլ զորեղ է ցանկացած զենքից: Ու եթե կշիռ ունեցող խոսք ասեմ, պիտի ամեն ինչ թողնեմ ու իմ ասած խոսքիս տեր կանգնեմ՝ որպես տղամարդ ու իմ երկրի քաղաքացի:

– Ի՞նչն է խանգարում. ասեք ու տեր կանգնեք:

– Մեծ ուժ է պետք ասածիդ տեր լինելու համար: Այդ ուժը ես չունեմ, պարզ է: Մնում է ապավինել մի այլ իմաստնության, որ բխում է բոլորի սրտից, անգամ նրանց, ովքեր ամենամեծ արգելքը կարող են լինել մեր երկրում ինչ-որ բան փոխելու համար: Միայն իմաստնությունը կարող է լուծել այն խնդիրը, որն ուժը ի զորու չէ լուծելու: Չեմ ուզում ասել չիրականացող մտքեր, բայց այս իրականությունը ընդունելի չէ՝ ոչ մարդկային առումով, ոչ ազգային առումով եւ ոչ էլ մշակութային։ Արդյունքում ստացվում է, որ շատերի ասելով, եթե «ռեալ» նայենք երեւույթներին, ապա կունենանք ապազգային մի պատկեր, որը մասնակի չափով է համապատասխանում մեր հին ու նոր սերունդների երազանքներին, փոխարենը մանկական բնույթի արդարացումներով փորձում ենք կոծկել գաղջ մթնոլորտը։ Ինչ վերաբերում է ՀԱՅԿԱԿԱՆ ՄՇԱԿՈՒՅԹ բոլորի կողմից բարձրաձայնվող երեւույթին, ապա այն հիվանդ մարմնի պոչի կարգավիճակ ունի կամ՝ մեքենայի հինգերորդ անիվի, կամ ուրիշի թերմացքով սնուցվողի, կամ այլոց կապկելու, կամ մշտապես «փող չունեցող» չքավորի, կամ «մեծապատիվ մուրացկանի», կամ վավաշոտ փողատերի քմահաճույքի, կամ գռեհիկ քաղքենու քմծիծաղի, կամ չարչի վերավաճառողի այլանդակ ծիծաղի, կամ ծախու զվարճաբանի կերուխումային տափակությունների: Այսպես կարելի է, ցավոք, երկար շարունակել: Չեմ թվարկում մնացած զազրելի երեւույթները, որոնք դրամատիրական հասարակության ուղիղ արգասիքն են, որն արվեստի եւ առանձնապես ազգային արվեստի ու մշակույթի հետ ոչ մի առնչություն չունի: Որպես խոշոր հանդիսությունների սցենարիստ, հիմա մի հայեցակարգ ձեզ կներկայացնեմ, որտեղ ոչ մի անձի անուն չեմ տա, բայց պարզ կերեւա մեր ապրած կյանքի սնանկությունը, չարչիականությունը, գռեհկությունը, խեղճությունը ու բոլորիս վառելու ու ջնջելու անհրաժեշտությունը, որովհետեւ եթե այսպես շարունակվի, ապա աշխարհից կվերանանք: Մի բան, որ ամենաարագ տեմպով արվում է, եւ ամերիկյան ապագագետների կազմած 2038 թվականի քարտեզում Հայաստան պետություն չկա։

Իսկ կա ճանապարհ, որի դեպքում կարող է լինել Հաղթող Հայաստան։ Այս ամենն ունի մեկ սկզբունքային բուժում. համաշխարհային դրամատիրական մեռած համակարգի փոխարեն պետք է հենց Հայաստանում ծնունդ առնի մշակութային գերիշխանության համակարգը: Սա առաձին թեմա է…

 

Զրույցը՝
ՍԱՄՎԵԼ ԴԱՆԻԵԼՅԱՆԻ

«Առավոտ»

28.11.2017

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930