Լրահոս
Օրվա լրահոսը

Հասարակությունը ՀՀ-ԵՄ պայմանագրի լիարժեք անդամ է (Տեսանյութ)

Նոյեմբեր 28,2017 23:40

Նոյեմբերի 24-ին Բրյուսելում Արևելյան գործընկերության գագաթնաժողովի շրջանակներում Հայաստանն ու Եվրամիությունը ստորագրեցին Համապարփակ և ընդլայնված գործակցության համաձայնագիրը։ Ստորագրումից հետո Հայաստանում տարբեր կարծիքներ հնչեցին համաձայնագրի դրույթների կյանքի կոչման ու այդ համաձայնագրի ընձեռած հնարավորությունների մասին։

Փորձագիտական շրջանակներից ու քաղհասարակության ներկայացուցիչներից կարծիքներ են հնչում, որ այս փաստաթուղթը ոչ թե վերջնական արդյունք է, այլ նոր գործընթացի սկիզբ։ Գործընթաց, որը հնարավորություն է ընձեռում Հայաստանին տարբեր ոլորտներում իրականացնել արմատական բարեփոխումներ։

Նոյեմբերի 28-ին «Մեդիա կենտրոնում»  «ԵՄ-Հայաստան համաձայնագրի դրույթների իրականացման խնդիրներն ու հնարավոր արդյունքները» թեմայի քննարկման ընթացքում Գլոբալիզացիայի և տարածաշրջանային համագործակցության վերլուծական կենտրոնի խորհրդի նախագահ Ստեփան Գրիգորյանը փաստաթղթի ստորագրման փաստն ինքնին դրական գնահատեց, սակայն նշեց, որ եթե հետևողական չլինենք համաձայնագրի դրույթների իրականացմանը, ապա հազիվ թե դա արդյունավետ փաստաթուղթ լինի․

«Համաձայնագրի վավերացումից հետո պետք է կյանքի կոչենք։ Կարծում եմ՝ հեշտ չի լինելու, բայց այս ճանապարհով պետք է գնանք, այլ ոչ թե նստենք սպասենք, թե ինչ են անելու իշխանությունները։ Հասարակությունը լիարժեք անդամ է այդ պայմանագրի։ Քաղհասարակությունը առանձին դեպքերում կարող է ազդել նաև որոշումների վրա»։

Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի ղեկավար  Արթուր Սաքունցը նշեց, որ Բրյուսելում համաձայնագրի ստորագրումից հայաստանյան արձագանքները տեղավորվում են հիացականից մինչև պրագմատիկ օպտիմիզմի տիրույթում։

«Մի մասը ստորագրման փաստն են հերոսացնում։ Կարծես թե ինքնին ստորագրումն արդեն մեծ հաջողություն է, որը ներկայացվում է Սերժ Սարգսյանի անձնական հաջողություն։ Մյուս մասը հոռետեսներն են, ովքեր ասում են, թե ոչինչ չի տալու։ Եվ մեր խումբը մեր համախոհներով պրագմատիկ-օպտիմիստական ենք տրամադրված։ Այսինքն՝ կա փաստ, բայց դեռ ամեն ինչ չէ»,- ասաց բանախոսը և հավելեց, որ մի բան է հանձնառություն վերցնելը, մեկ այլ բան է դրա իրականացումը, քանի որ բազմաթիվ օրինակներ կան առ այն, որ հատկապես զգայուն թեմաներով փոփոխությունները կարող են տարիներ տևել իշխանությունների դիմադրության պատճառով․

«Համաձայնագրով ստանձնած պայմանավորվածությունները ոչ թե Սերժ Սարգսյանին են վերաբերվում, այլ Հայաստանի բարեփոխմանը»։

Սաքունցի կարծիքով՝ համաձայնագրի իրականացման համար գործուն լծակ կարող է հանդիսանալ բարեփոխումների ֆինանսավորումը․

«Սերժ Սարգսյանը այս համաձայնագիրը ստորագրել է, որովհետև ՀՀԿ-ն՝ որպես իշխող կուսակցություն, ֆինանսներ չունի, և մենք պետք է հետևենք, որ նրանք ֆինանսներ ստանան միայն պարտավորությունները կատարելու դեպքում»։

Հայաստանում եվրոպական շարժման ղեկավար Վիկտոր Ենգիբարյանը կարծում է, որ համաձայնագրի որոշակի դրույթների իրականացումը կարող է վտանգավոր լինել գործող իշխանությունների համար․

«Մենք ականատես եղանք, թե ինչպես խորհրդարանական ընտրություններին մասսայաբար գումարներ բաժանվեցին, կլիենտիզմի երևույթը հասավ գագաթնակետին։ Իսկ այս պայմանագրի կետերից մեկը կոռուպցիայի, այդ թվում նաև քաղաքացիական կոռուպցիայի դեմ պայքարն է, հետևաբար մեր իշխանությունները պայմանագրի խորությունն ու բովանդակությունը կիրականացնեն այնքան, որքան դա չի խանգարի իրենց իշխանությանը»։

Ստեփան Գրիգորյանը, խոսելով «և՛-և՛»-ի քաղաքականության և Եվրամիություն- Եվրասիական տնտեսական միության տարբերությունների մասին, նշեց՝ Եվրամիության դեպքում քաղհասարակության համար աշխատանքային ֆրոնտ կա, ինչը չկա ԵԱՏՄ-ի դեպքում․

«Եվրամիության մոտ տրադիցիա կա քաղհասարակությանը լսելու, որը կամաց-կամաց տարածվում է մեր մոտ։ Եվրասիական միության դեպքում չկա լսելու կուլտուրա և այն քաղհասարակության համար կողմ չի հանդիսանում։ Մեր կառավարությունը՝ լավ-վատ, մենք ինչ-որ ասում ենք, լսում է կամ չի լսում, իսկ երբ փորձում ենք խոսել ԵԱՏՄ-ի մետ մեզ ասում են․ «Դուք ո՞վ եք։ Մեզ համար Հայաստանում կա նախագահ ու «Գազպրոմ», ու վե՛րջ»։

Քաղաքագետը նաև նշեց, որ ի տարբերություն Եվրամիության, որն աջակցում է Հայաստանում մոնոպոլիաների վերացմանը, Եվրասիական տնտեսական միությունը, ընդհակառակը, նպաստում է մոնոպոլիաների կայացմանը․

«ԵԱՏՄ-ում որոշում ընդունվեց, որ փակվի Հայաստանի սահմանն Իրանի նավթամթերքների համար և այժմ գրեթե ներկրում չկա։ Ինչի՞ համար արեցին, որպեսզի «Ռոսնեվտ» ընկերությունը մոնոպոլ իրավունքով Հայաստան նավթամթերք ներկրի»։

Մամուլի հաղորդագրություն

Լուսանկարը՝ «Մեդիա կենտրոնի» ֆեյսբուքյան էջի

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930