Լրահոս
Օրվա լրահոսը

Խոշտանգումների դեպքերով համարժեք պատիժներ չեն սահմանվում. իրավապաշտպան

Նոյեմբեր 28,2017 22:40

Իրավապաշտպան Զարուհի Հովհաննիսյանն ահազանգում է՝ ընտանեկան բռնության գործերում խոշտանգումները որակվում են Քրեական օրենսգրքի 119 հոդվածով եւ դատարաններում համարժեք պատիժ չեն ստանում:

«Մենք նմանատիպ գործեր ունեցել ենք, առաջինը՝ Մարիամ Գեորգյանի գործն է, որ էլի 119 հոդվածով խոշտանգում էր, Մարիամի ամուսինը ու սկեսուրը բազմաթիվ կտտանքների էին ենթարկել նրան, բայց համարժեք պատիժ չէր նշանակվել դատարանում, սկեսուրը համաներմամբ դուրս էր եկել, ամուսինը չէր հայտնվել ազատազրկման վայրում: Երկրորդ դեպքը Թագուհի Մանսուրյանի դեպքն էր, երբ դատարանը ապացուցված էր համարում, որ նրա ամուսինը իրեն խոշտանգման է ենթարկել, բայց պատիժը համարժեք չէր կիրառվել, պայմանական պատիժ էր սահմանվել եւ այդ ընթացքում, երբ նա կրում էր իր պայմանական պատիժը, զինվեց կացնով ու կացնահարեց կնոջ ամբողջ ընտանիքին, կնոջ մայրը մահացավ: Երրորդ դեպքը, որ դատարանում կրկին խոշտանգում էր որակվել, Հասմիկ Խաչատրյանի դեպքն է, նրա դեպքով եւս ամուսինը չհայտնվեց քրեակատարողական հիմնարկում ու չկրեց պատիժ»,- անդրադառնալով ՀՀ նախագահի ելույթին, թե այնպես չէ, որ խոշտանգումների դեմ պայքարը պակաս է արժևորվում կամ մղվում է հետին պլան, թվարկեց, իր գնահատմամբ, հետին պլան մղված խոշտանգման դեպքերը:

Զարուհի Հովհաննիսյանի խոսքով, խոշտանգումների համար համարժեք պատիժ չսահմանելու արդյունքում տեղի են ունենում կրկնահանցագործություններ. «Տեսնում ենք թե՛ Թագուհի Մանսուրյանի դեպքով, թե՛ մյուս այլ դեպքերով, խոշտանգումներ կան նաեւ քրեակատարողական հիմնարկներում, որտեղ մարդիկ հիմնականում խուսափում են բարձրաձայնել իրենց խնդիրը կամ չեն փորձում հետեւողականորեն տանել քննության, որովհետեւ խոցելի տարածքում են գտնվում…ի դեպ, հիմա խոշտանգում իրավական ձեւակերպումը գործածվում է միայն պետության կողմից կատարվող գործողության դեպքում, Քրեական օրենսգրքում փոխվել է որակումը: Չնայած, եթե այդ տեսանկյունից նայենք, անցած տարի ամռանը ոստիկանության կատարած բոլոր գործողությունները ցուցարարների նկատմամբ խոշտանգում կարելի է որակել»:

Անդրադառնալով Սերժ Սարգսյանի այն պնդմանը, թե նախորդ տարվա համեմատությամբ 2017 թվականի ընթացքում խոշտանգումների վերաբերյալ քննվող գործերի քանակը պակասել է, Զարուհի Հովհաննիսյանը պարզաբանեց, թե ինչի հաշվին են գործերը պակասել. «Եթե կինը դիմում է իրավապահ համակարգին, մեծամասամբ որակվում է Քրեական օրենսգրքի 118 հոդվածով՝ մեկ անգամյա ծեծ, իսկ խոշտանգումը երկարատեւ գործընթաց է, ամբողջ դրվագով պետք է դիտարկվի: Այդ պատճառով շատ հաճախ 119 հոդվածը չի կիրառվում ու դրա հաշվին էլ դեպքերը չեն գրանցվում որպես խոշտանգում»:

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930